Ճգնաժամ ավտոշուկայում. մեքենաների գներն ընկնում են, սակայն դրանք էլի չեն վաճառվում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Էդգար Ամիրխանյան | Հունիսի 21, 2009 13:27

avtoshuka1Էդգար Խաչատրյանը մի քանի ամիս է, ինչ անընդհատ գալիս է ավտոշուկա, որ վաճառի երկու տարի առաջ վարկով` 8 հազար դոլարով գնած «Վազ 21 010» մեքենան:
«Տոկոսի տակ ճռռում եմ, մի տարի ա` ծախում եմ, չի ծախվում,-ասում է նա,- 5.500 եմ ուզում, բայց նաղդ տվող ըլնի, 4000-ով կտամ, արդեն տեղի, սեմուշկի, բենզինի վրա 100 հազար դրամ փող եմ ծախսել, բայց ոնց տենում ես` մարդ էլ չկա շուկայում»: Էդգարը և նրա պես բազմաթիվ ավտո վաճառողներ պատրաստ են իրենց մեքենաները փոխանակել հողամասի կամ մեկ այլ անշարժ գույքի հետ, քանի որ փող տվող չկա:
Տնտեսական ճգնաժամն այնպես է խփել մարդկանց գրպանին, որ արդեն կես տարի է` ավտո գնող չկա:
Շաբաթ և կիրակի օրերին Էրեբունի թանգարանին (Երևանի ծայրամասային թաղամաս, հին ամրոց) հարող տարածքից սկիզբ է առնում մրջնաբնի տեսք ունեցող ավտոշուկան: Ամեն պահի ու քայլի` առավոտյան վեցից, ավտոմեքենա վաճառողները մի ոտնաչափ տեղ են փնտրում շուկայում` հույսով, որ լավ տեղի շնորհիվ ավտոն կվաճառվի: Մոտ երեք հազար մեքենա գնորդի է սպասում և նրանցից չնչին մասն է վաճառվելու բախտ ունենում:
Կարեն Խաչատրյանը մեկ տարի առաջ «Զիլ-130» բեռնատար ավտոմեքենան կվաճառեր 11 հազար դոլարով: Բայց դեկտեմբերից, երբ տնտեսական ճգնաժամը հարվածեց շինարարական բիզնեսին, և քար, ավազ, ցախ, վեշ տեղափոխելու պահանջարկը նվազեց, վարորդը գրեթե անգործ մնաց ու պարտքերի մեջ ընկնելով` շուկայում մեքենան վաճառեց գնից 3 ու կես հազար դոլար էժան` 7.500 դոլարով:
avtoshuka2Ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող Արթուրը (չցանկացավ ազգանունը նշել) ավտոշուկայում չի կարողանում վաճառել «Լադա» մակնիշի երեք մեքենաները:
«էժան եմ տալիս, հո վրես չի մնալու, վարկ ունեմ, պարտք ունեմ, հենց հիմա 7 հազար դոլարով եկամուտս քչացել է, ավտոպահեստամասերի խանութներս տուժել են»,-ասում է Արթուրը:
Նա նկատել է, որ ճգնաժամից հետո հատկապես թանկարժեք արտասահմանյան մեքենաների գներն են ընկել, ռուսականները, որ էժան են, համեմատաբար լավ են վաճառվում :
Աշոտը (չցանկացավ անունը հրապարակել) պատմեց, որ իր Mercedes մակնիշի մեքենան վաճառում էր անցած տարվանից, երբ այն կարժենար մոտ 8-9 հազար դոլար: Հիմա ստիպված վաճառել է մեկին 7 հազար դոլարով, որ ավտոյի գինը վճարի ամեն ամիս 300 դոլարով, այսինքն, «կփակվի» մոտ երկուսուկես տարում: Աշոտն ասում է, որ եթե «նաղդ» գնող լիներ, 5,500-ով էլ կվաճառեր, բայց մարդկանց ձեռը փող չկա:
«Մարդ գիտեմ, որ 30 հազարով է մեքենան գնել , բայց հիմա 15 հազարով չի կարում վաճառի, առնող չկա, փող չկա»,-ասում է նա:
2008-ի առաջին եռամսյակում, ըստ մաքսային պետական կոմիտեի, Հայաստան է ներկրվել 9 561 ավտոմեքենա, իսկ 2009-ի առաջին եռամսյակում` 3689 մեքենայով պակաս (5 872 մեքենա):
Թանկարժեք մեքենաները (15-30 հազար դոլար արժողությամբ) 2007-ին եղել են 3913, 2008-ին` 6773, մինչդեռ 2009-ի առաջին եռամսյակում այս թիվը դեռ 854 է: Եթե պարզ հաշվարկով այս թիվը բազմապատկենք չորսով, ապա կենթադրվի, որ տարվա մեջ կներկրվի 3416 մեքենա, սակայն ճգնաժամի խորացման հետևանքով կանխատեսվում է, որ դրանից էլ քիչ կներկրվի:
«Թանկ ավտո ա, թանկ էլ պահվում է, բայց ժողովըրդի ձեռը փող չկա, ո՞նց առնեն»,- ասում է «Nissan Suny» ավտոմեքենայի սեփականատեր Վահագը և մեզ հետ շուկայի զրույցում արագ-արագ սրբում է ավտոմեքենայի հայելիները` հույսով, որ գոնե այսօր կվաճառի: Նա մեքենան սրահից գնել էր 18 հազար դոլարով, 2008-ի գարնանը, այն էլ` ապառիկ: Շուկայում վաճառում էր 15 հազար դոլար կանխիկ գումարով: Նա համաձայն էր, որ գնորդն իրեն կանխիկ վճարի 4 հազար դոլարը և ապառիկի յուրաքանչյուր ամիս` 135 հազար դրամ:
«Nissan Suny» -իի կողքին կարմիր «Opel Astra»-ն շտապ վաճառում էին 8.500 դոլարով, որը մեկ
տարի առաջ այն կարժենար մոտ 2-ից 3 հազար դոլար
ավելի:
avtoshuka3Ըստ «Կոմերսանտ»-ի` 2009 թվականի հունվար-փետրվարին օգտագործված արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստան ընկել է 24 անգամ (նոր ավտոմեքենաների ներմուծումը` միայն չորս անգամ):
Ամենից շատ ներկրվել են Toyota,Nissan, Honda, Mazda, Suzuki և Subaru ապրանքանիշի մեքենաներ: Հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` արտասահմանյան մակնիշների նոր ավտոմեքենաների թվում առավել մեծ մասսայականություն են վայելում ամերիկյան Chevrolet և Ford մակնիշները:
Չինաստանի Թայվան քաղաքի ավտոարդյունաբերական ընկերությունը (TAIC) ճգնաժամից հետո` անցած ամսվա վերջին, քսան տոկոսով իջեցրել է ավտոմեքենայի գները: Ընկերությունը նաև որոշում է կայացրել, որ 561 մակնիշի ավտոմեքենաներ կվաճառեն միայն կանխիկ գումարով, իսկ 636-ը` ապառիկ: Չնայած ամռանը օդապարիկների պահանջարկի ավելացմանը` ընկերությունը մոտ ինը տոկոսով իջեցրել է նաև «ժամանց-փոխադրամիջոց»-ի արժեքը:
Հայաստանում «Nissa-n»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերությունը երկու անգամ կրճատել է ավտոմեքենաների ներկրման քանակը: Ընկերությունը` ճգնաժամով պայմանավորված, 70 տոկոսով կրճատել է նաև ավտոմեքենաների ապառիկ վաճառքը:
Պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դասախոս Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ մեզ մոտ օտարերկրյա ուղղակի ներդրումներն ու դրսից փողերի փոխանցումներն են կրճատվել, դրա համար էլ մարդիկ խնայողաբար են օգտագործում իրենց եկամուտները և չեն շտապում մեծ գնումներ կատարել:
Դոմինոյի սկզբունքով մեկը մյուսի ետևից փակման ու փլուզման եզրին են կանգնում ավտոարդյունաբերական հսկաները: Վերջին մեկ ամսվա մեջ Ամերիկայում երկու ավտոարդյունաբերության ընկերություն` «Քրայսլեր»-ը և «ՋԻ ԷՄ»-ը, որոշում են կայացրել փակել ավտոմեքենաների վաճառքի հարյուրավոր կետեր: «Քրայսլեր»-ն իր մոտ 3200 վաճառակետերից 800-ին ծանուցել է, որ մինչև հունիսի 9-ը պետք է փակվեն: Հաջորդ օրը նման ծանուցում են ստացել նաև «Ջի ԷՄ» ընկերության 1100 վաճառակետեր (VOA News):
«Ավտոշուկայում գների անկման երկու հիմնական պատճառ կա` խիստ նվազեց պահանջարկը, եկամուտները, բանկերը վարկ չեն տալիս, գնորդներն էլ չեն կարողանում գնել: Մեծ ընկերությունները, որ կուտակած ավտոմեքենաներ ունեին, սկսեցին գները գցել, որ վաճառվի»- բացատրում է Հայրապետյանը:
Ըստ Զարգացման հետազոտական ընկերության (DRC) փորձագետների` ավտոշուկայում դեռ կշարունակվի մեքենաների գների անկումն այնքան ժամանակ, մինչև մարդիկ կսկսեն վարկ կամ նոր, լավ վարձատրվող աշխատանք գտնել:

Print FriendlyՏպել
Դիտվել է 3257 անգամ:

Leave a Reply