Կինոռեժիսոր Արմեն Ռոնովը չմասնակցեց այսօրվա ասուլիսին. hանդիպման վայրը նրան սխալ էին ասել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Անի Գասպարյան | Հուլիսի 2, 2009 19:38
Այսօր հայ կինոռեժիսորներ Արմեն Ռոնովի ու Հովհաննես Գալստյանի պետերբուրգյան ու մոսկովյան կինոփառատոններում մասնակցության արդյունքները ներկայացնելու համար հավաքվածների մեջ չկար Ռոնովը. նրան «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի փոխարեն ասել էին, որ հավաքվելու են «Գոլդեն Փելես-ում»:
Ուշացումով տեղ հասած Ռոնովն այլևս ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունեցավ` իր հաջողություններով կիսվելու ներկաների հետ:
«Նման վերաբերմունք իմ նկատմամբ առաջին անգամ չէ ցուցաբերվում Հայաստանում»,-հեգնանքով ասաց Ռոնովը:
Երիտասարդ հայ կինոռեժիսոր Արմեն Ռոնովի «Աննա Կարենինա» հեղինակային գեղարվեստական ֆիլմը «Ոսկե Ծիրանում» մերժվելուց մեկ ամիս անց Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» միջազգային ամենամյա փառատոնում արժանացավ հատուկ մրցանակի`«կինոյում նոր խոսքի որոնման համար»:
«Անկախ»-ի հետ զրույցում Ռոնովն ասաց, որ իր ֆիլմը «Ոսկե Ծիրանում» մերժել են` որակելով «հակաքրիստոնեական, ոչ էսթետ, ոչ հայկական և այլն»:
«Համատարած անտարբերությունն իմ արվեստի նկատմամբ հայկական կինոաշխարհում դեռ երկար կշարունակվի,-ասում է ռեժիսորը,-սակայն ես չհասկացվելու խնդիր ունեմ միայն Հայաստանում. Եվրոպայում ինձ վաղուց են հասկացել»:
Ռոնովի ֆիլմի հաջողության մասին լրագրողներին ներկայացրեց նրա ֆիլմերի պրոդյուսեր Գուրգեն Գադաչիկը` նշելով, որ պետերբուրգյան փառատոնում ֆիլմն ընդունվել է հավուր պատշաճի:
«Սանկտ-Պետերբուրգում շատ նշանավոր ռեժիսորներ պարզապես զարմացած ու հիացած էին այդ ֆիլմով,-ասաց նա,-Ցավալին այն է, որ ֆիլմը դեռևս չեն ընկալում հայ կինոմիջավայրում»:
28 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմում, որի գլխավոր դերակատարներից մեկը Վլադիմիր Մսրյանն է, ռուս նշանավոր գրող Լ• Տոլստոյի վեպի սյուժեն ներկայացված է նոր խոսքով ու ոճով:
Հարություն Խաչատրյանը, ասելով, որ «ռուսական կինոոլորտում շովինիզմը գերակայում է, և լավ է, որ հայկական ֆիլմերին նմանատիպ փառատոնին գոնե մասնակցելու հնարավորություն են տվել», հեռացավ սրահից. շտապում էր:
Հավաքվածները չհասցրին հարցնել Խաչատրյանին, թե «արդյոք մեզ է՞լ պետք չէ մի քիչ շովինիստ լինել, որպեսզի մեր ռեժիսորների ֆիլմերը մերժելու փոխարեն նրանց առաջ գնալու հնարավորություն տրվի»:
Արմեն Ռոնովն ապրում և ստեղծագործում է նաև Միլանում. նա ստեղծագործական լուրջ կապեր ունի իտալական կինոաշխարհի հետ: Բայց ուզում է ստեղծագործական կյանքը շարունակել Հայաստանում` հույս ունենալով, որ ժամանակը կկոտրի կարծրատիպերը, և դրական դաշտ կստեղծվի նաև ոչ ստանդարտ արվեստի համար:





Facebook
Tweet This

Իսկ ինչպե՞ս կարելի է տեսնել էդ ֆիլմը
Սիրելի Մանան,
ֆիլմը դիտելու համար զանգահարեք “Անկախ”-ի խմբագրություն` 58·57·68 և թողեք ձեր հեռախոսահամարը: Մենք ձեզ կտեղեկացնենք:
Իսկ կինոռեժիսորի ստեղծագործական գործունեության մասին մանրամասներ իմանալու համար այցելեք http://www.ronov.am
Շնորհակալություն
Բարի օր,
Ես Սեդա Պապոյանն եմ, “Ոսկե Ծիրան”-ի մամլո խոսնակը: Հետաքրքիր տեղեկություն ունեմ այս նյութի բոլոր ընթերցողների համար.
Նրանք ովքեր ցանկություն ունեն դիտել Արմեն Ռոնովի “Աննա Կարենինա” ֆիլմը, ինչպես նաև ևս 2 հայկական ժապավեններ, որոնք մերժվել են ընդգրկվել այս տարի “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի ծրագրերում` Ս. Մելոյանի “Տեղ”-ը և Գ. Ստեփանյանի “Անձրևից հետո, անձրևից առաջ”:
Ցուցադրությունը կկայանա վաղը` հուլիսի 4-ին, ժամը 17:30-ին Մոսկվա կինոթատրոնի տեսասրահում: Առաջարկում են դիտել և քննարկել` արդյոք այս ֆիլմերն արժանի էին փառատոնի ծրագրում ներառվել:
Սպասում ենք բոլորին, պատրաստ ենք լսել առողջ քննադատություն:
Սեդա Պապոյան
“Ոսկե Ծիրան” կինոփառատոնի մամլո խոսնակ
Շատ լավ է, որ հնարավորություն է տրվել Ռոնովի ֆիլմը դիտելու:
Ես ինքս Ս. Մելոյանի “Տեղ”-ը և Գ. Ստեփանյանի “Անձրևից հետո, անձրևից առաջ” ֆիլմերը չեմ դիտել և կարծիք չեմ կարող հայտնել, սակայն Ռոնովի “Աննա Կարենինա”-ն դիտելուց հետո մեծ հպարտություն եմ ապրել` գիտակցելով, որ հայազգի ռեժիսորը կարող է մտածել ու ստեղծագործել բոլորովին ՆՈՐ ԿԵՐՊ: Իսկ մեզ այդ ՆՈՐ-ը շատ է պետք:
Բոլոր արվեստասեր ու առողջ դատողությամբ մարդկանց խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստիպված եմ տեղեկացնել, որ ինչ-ինչ պատճառներով հուլիսի 4-ի ցուցադրությունը չի կայանա: Հույս ունենք նմանատիպ ցուցադրություն կկայանա ոչ ուշ ապագայում:
ՍԵԴԱ