Գեներալներն են որոշում խաղի ելքը. խա՞ղ, թե՞ զորավարժություն
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | Հուլիսի 30, 2009 18:25
Որպես բուտաֆորիա. Պաշտպանության նախարարության թիմի խաղին բերված զինվորները տրիբունայում
Գերիշխողն այն տպավորությունն է, թե հայկական ֆուտբոլը մարդկանց բավականություն պատճառելու փոխարեն միայն տխրելու առիթներ է տալիս: Եվ հռետորական այն հարցի պատասխանը, թե ով է դրա մեղավորը, ասես ոչ ոք չի էլ ուզում ստանալ:
Հուլիսը մեր ֆուտբոլի համար շարունակում է անկենդան ամիս մնալ: Թվում էր, թե աշխուժություն կառաջացնի տրանսֆերային պատուհանը, թիմերն իրենց կազմերը կհամալրեն ուժեղ ֆուտբոլիստներով: Սակայն ամենաարժեքավոր «ձեռքբերումը» եղավ այն, որ «Արարատից» «Փյունիկ» տեղափոխվեց հայկական ֆուտբոլի վերջին տարիների ամենանշանակալի դեմքը` Հայաստանի քաղաքացիություն ստացած բրազիլացի Մարկոսը:
Ի դեպ, նրա տեղափոխման համար այդպես էլ ֆինանսական ոչ մի փոխհատուցում չտրվեց: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ այս երկու ակումբների «գործարքներում»: Եվ որպես կանոն` տարբեր ատյանների դատարաններում էլ այս կարգի հարցերը պարզաբանում չեն ստանում: Ինչ վերաբերում է Եվրոպական գավաթային մրցաշարերում հայկական թիմերի` օրերս ունեցած խաղերին, ապա մերոնցից որևէ ակնկալիք ունենալը խելացնորություն կարելի է համարել:
Արտասահմանյան ակումբների հետ հայկական թիմերի` այստեղ անցկացրած խաղերը հանդիսականներին չեն ձգում անգամ այն դեպքում, երբ մարզադաշտերի մուտքն ազատ է լինում` առանց տոմսի:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին էլ սակավաթիվ հանդիսականներ են լինում: Այցելում են հիմնականում նրանք, ում հարազատները, մտերիմները մարզադաշտ են դուրս գալիս:
Շախմատիստների ՀՀ բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին ավելի շատ մարդ է ներկա լինում, քան ֆուտբոլի առաջնության խաղերին: Եվ տարիներ առաջ, երբ այդ մասին մի առիթով շախմատի տանն ակնարկ եղավ, այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար, շախմատի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շրջանցել ցավոտ թեման` կատակելով, թե ուրիշի դժբախտության վրա չեն ծիծաղի:
Սակայն օրերս մի ռեկորդ գրանցվեց, որն առաջին հայացքից զարմանալի է թվում: Դժվար էր հիշել, թե վերջին անգամ երբ է այդքան շատ ֆուտբոլասեր ունեցել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը: Բանն այն է, որ տասը հազարից ավելի հանդիսական էր պաշարել այն: Մեծ մասը զինվորներ էին, որոնց որպես բուտաֆորիա բերել էին Պաշտպանության նախարարության թիմը զարդարելու համար: Վարչապետի գավաթի խաղարկությունն էր` նախարարությունների և գերատեսչությունների միջև: Եզրափակիչ խաղն էր, որն ընթանում էր Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև:
Այս ամենը նաև սարքվել էր, մարզադաշտը հանդիսականներով լցվել էր, քանի որ խաղին ներկա էին գտնվելու երկրի առաջին դեմքերը` ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարներ, ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահը և այլն:
Հանդիպման ելքի հարցում կասկած չկար: Պաշպանության նախարարության հավաքականը պարզապես չէր կարող չհաղթել: Եվ այդպես էլ եղավ: Ընդ որում, խաղն ավարտվեց 6: 0 հաշվով: Մրցաշարի մասնակիցների պարգևատրումն էլ շուքով անցկացվեց:
Սակայն այս տպավորիչ ավարտական ակորդին նախորդել էր մի միջադեպ, որը ևս մեկ անգամ հաստատել էր, որ հայկական ֆուտբոլը «պերճանքից» բացի ունի իր ստվերոտ կողմերը:
Մրցաշարը դեռ նոր էր սկսվել, բայց արդեն խոսակցություններ էին շրջում, որ նախապես որոշված է ` պետք է հաղթի ՀՀ ՊՆ հավաքականը: Թերևս, կասկածելի լիներ, բայց հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ խոսակցություններն անհիմն չեն:
Այսպես. «Փյունիկ» ակումբի մարզադաշտում կայացած ՊՆ և Մաքսային պետական կոմիտեի հավաքականների հանդիպման 2-րդ կեսում, երբ հաշիվը դարձել էր 2: 0 հօգուտ մաքսայինի, գլխավոր մրցավար Կամո Մահտեսյանին են մոտեցել ազդեցիկ 2 գեներալներ և ֆուտբոլի ՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Միջամտությունից հետո ՊՆ հավաքականի պարտությունը կանխվել է: Քիչ անց խաղադաշտից հեռացվել են մաքսայինի 2 խաղացողներ, որոնց մեջ էր դարպասապահը: Ի վերջո, ՊՆ հավաքականը հաղթեց 4: 2 հաշվով:

Անարժան հաղթանա՞կ. վարչապետ Տիգրան Սարգսյանը գավաթը հանձնում է ՊՆ թիմին
Բայց սերիալը սրանով չի ավարտվել: Հետո արդեն ՊՆ հավաքականին պարտություն գրանցվեց, քանի որ այն խախտել էր կարգը` իր կազմում հայտավորելով Երևանի «Կիլիկիայի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի:
Դժվար է ասել` վիրավորանքն է եղել պատճառը, թե մեկ այլ բան, սակայն Մաքսավորների հավաքականը մրցաշարում այլևս չի երևացել, թեև խմբում գրավել է առաջին տեղը: Եզրափակչի մասնակից Արտակարգ իրավիճակների նախարարության հավաքականին էլ հենց Մաքսավորների հետ չկայացած խաղում է հաղթանակ գրանցվել (3: 0):
Մրցաշարի 16 մասնակիցներից առանց որևէ պատճառի վարչապետի գավաթի հանդիպումներին չներկայացան նաև ՀՀ Գյուղատնտեսության և Քաղաքաշինության նախարությունների թիմերը, որոնց պարտություններ գրանցվեցին:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որքան էլ տարօրինակ էր, ընդհանրապես հայտ չէր ներկայացրել և ինքնակամ դուրս էր մնացել պայքարից: Երբեմն հեգնաքով ասում են, որ սպորտի կոմիտեն սպորտի նախարարություն դառնալուց հետո վերածվել է լեզվաբանական համալսարանի (մեծ մասը հումանիտար կրթություն ունեն), քանի որ այնտեղ նախկին մարզիկ, սպորտի մասնագետ հատուկենտ աշխատողներ են մնացել:
Ինչևէ, այսպիսին էր «տրիումֆ» առաջացրած վարչապետի գավաթի մրցաշարը: Այսպես է լինում, որ միլիոնավոր մարդկանց սիրելի խաղը մեր մարզասերների համար անդուր է դարձել:






Facebook
Tweet This

Սերիալ ասեցիք պրծա՞ք․․․վայ․․էսքան վաղուց չէի ծիծաղել։ Ախր վատն էն ա, որ էսքան բանից հետո կինոյի որոշ ժանրեր որ կարող էին բուռն զարգացում ապրել Հայաստանում, չեն ապրում։ Օրինակ կոմեդիայի ու դեդեկտիվի ժանրերը։ Ընդ որում հայկական իրականության մեջ էս ժանրերի լավ միահյուսում ա նկատվում + դրամատիկ տարրեր և այլն։