«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»
ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Մարտի 26, 2010 10:43
Կանանց բռնությունը հիմնախնդիր է, որի դեմ պայքարում են ողջ աշխարհում: Եվ որքան էլ մենք` հայերս, մեզ համարենք կնամեծար ազգ, միևնույնն է, մեր հասարակությունը նույնպես զերծ չէ այդ «ժանտախտից»: Հայաստանում կանանց բռնությունների հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացնում «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այսպես, 2009 թ. կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին եղել է 435 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտանեկան բռնությանը: Դրանցից 311-ը (71%)` հոգեբանական բռնությանն են առնչվել, 120-ը (28%)` ֆիզիկական, իսկ 4-ը` (1%)` սեռական: Նույն թվին 268 այցելություններից 150-ն ընտանեկան բռնության կապակցությամբ են եղել, 195-ը (72%)` ընտանիքում կնոջը հոգեբանական ճնշման ենթարկելու վերաբերյալ, 67-ը (25%)` ֆիզիկական բռնության, իսկ 6-ը (3%)` ընտանիքում կնոջը սեռական ճնշման ենթարկելու վերաբերյալ:
Հետաքրքիր է, որ ամուսնու կողմից սեռական բռնության ենթարկվելու վերաբերյալ ահազանգերն ամենացածր տոկոսն են կազմում, սակայն դա, ըստ մասնագետների, պայմանավորված է նրանով, որ կանանց մեծ մասն այդ երևույթը չեն համարում բռնություն, ուստի, չեն էլ բարձրաձայնում այդ մասին:
Երեսունհինգամյա Արևիկը (անունը փոխված է), ամուսնության 18 տարիների ընթացքում պարբերաբար ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական բռնությունների, ի վերջո, ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան:
«Տասնվեց տարեկան էի, երբ ամուսնացա,- պատմում է Արևիկը,-ամուսինս երկու տարով մեծ էր ինձնից: Սիրելով եմ ամուսնացել: Հետո սկսեցին վեճեր առաջանալ, հետո վեճերը պարտադիր վերջանում էին ծեծով: Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում և անկյուն էր կանգնեցնում: Կանգնում էի էնքան, մինչև ներողություն խնդրեի, բայց ես ներողություն չէի խնդրում, որովհետև մեղավոր չէի…»:
Ամուսինը վեճ էր սարքում ամենաչնչին պատճառներով. օրինակ, երբ տուն էր վերադառնում կեսգիշերին, և կինը հարցնում էր, թե որտեղ էր կամ ինչով էր զբաղված: Երբ որևէ հարցի վերաբերյալ վիճելիս կինը «պատասխանում էր» նրան, ամուսինը ծեծում էր` ասելով, թե լեզվանի է, իսկ երբ կինը լռում էր, էլի ծեծում էր` ասելով, թե արհամարհում է իրեն: Մի խոսքով, ծեծը դարձել էր սովորական, առօրյա երևույթ:
«Սկզբում ամուսնուս մի հարվածից ուշաթափվում էի, հետո կամաց-կամաց վարժվեցի, դիմադրում էի, իսկ վերջին տարիներին արդեն ես էլ էի խփում»,- պատմում է Արևիկը:
Ամուսնությունից մեկ տարի անց, ամուսնուն խաբեության մեղադրանքով ձերբակալում են` դատապարտելով 8 տարվա ազատազրկման: Արևիկը նորածին երեխային վերցնում է և մեկնում Ռուսաստան` ծնողների մոտ:
Այդ ընթացքում նա սկսում է աշխատել, հարմարվել իր վիճակին, անգամ ուրախանում է, որ ազատվեց բռնակալ ամուսնուց: Այդ ուրախությունը, սակայն երկար չի տևում, ժամանում է ամուսինը, Արևիկին խոստանում է, որ նորմալ կյանք կսկսեն, սակայն, կամաց-կամաց վերսկսվում են խանդը, վեճերն ու ծեծը:
«Քանի որ ինձ մերոնց աչքի առաջ չէր կարող ծեծել, խաբում, ասում էր, թե զբոսնելու ենք գնում, ծեծած, ջարդած տուն էր բերում…»:
Արևիկն ու ամուսինը վերադառնում են Հայաստան, և ամուսնուն կրկին դատապարտում են խաբեության մեղադրանքով: Արևիկը տուն է վարձում և որդու հետ միասին տեղափոխվում: Սկսում է աշխատել. սրճարաններում, ռեստորաններում հավաքարարություն է անում, ամաններն է լվանում, մի օր էլ մատուցողուհու աշխատանք են առաջարկում:
«Վիճակս քիչ-քիչ լավանում էր: Լավ գումար էի աշխատում,-ասում է նա,- տուն-տեղ էի դրել, կահույք էի գնել: Բանտ չէի գնում ամուսնուս տեսնելու: Որոշել էի նրան լրիվ դուրս հանել մեր կյանքից»:
Այդ ժամանակ Արևիկը հանդիպում է մի տղամարդու, ով նրա համար իդեալական ամուսնու կերպար է դառնում. «Ես երբեք իմ ամուսնուց չէի զգացել էդքան հոգատարություն ու սեր»:
Բանտից ազատվելուց հետո ամուսինը հարբած ժամանակ տան աստիճաններից ցած է գլորվում և ընկնում հիվանդանոց: «Երբ նրան տեսա, խիղճս սկսեց տանջել, որոշեցի` մնամ խնամեմ, ի վերջո իմ ամուսինն էր…»,-պատմում է Արևիկը:
Արևիկի այս որոշմանը նպաստել էր նաև այն հանգամանքը, որ նա չէր կարող իր կյանքը կապել իր սիրած տղամարդու հետ, քանի որ վերջինս ընտանիք ուներ: «Ես չէի ուզում իմ երջանկությունն ուրիշի դժբախտության վրա կառուցել ու որոշեցի, որ ճիշտ կլինի` ընկերոջիցս բաժանվեմ»,-ասում է նա:
Որոշ ժամանակ անց, կրկին սկսվում են վեճերն ու ծեծը: Արևիկը տնից փախչում է, գնում ընկերուհու մոտ, տղան էլ միանում է նրան: Ծեծված, կապտուկները երեսին` դիմում է ոստիկանություն, սակայն ոստիկանությանը մինչ օրս չի հաջողվել ամուսնուն ձերբակալել:
Մի քանի օր անց Արևիկն ընկերուհու տանը հեռուստատեսությամբ պատահաբար նկատում է հետևյալ հայտարարությունը. «Եթե դուք երբևէ ենթարկվել եք կամ ենթարկվում եք բռնության, եթե դուք գտնվում եք հոգեկան ծանր վիճակում, զանգահարեք` (010) 54 28 28-Երևան, (0264) 2 69 19-Գավառ, (0322) 2 50 88-Վանաձոր, (0263) 4 01 14-Իջևան, (0285) 2 31 40-Կապան»:
«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության հոգեբաններն ու իրավաբանները, զրուցելով Արևիկի հետ, որոշում են կայացնում` նրան տեղափոխել կազմակերպության հատուկ ապաստարան և պահել այնքան, մինչև նրա հոգեկան ու ֆիզիկական վիճակը կարգավորվի:
Կենտրոնի հոգեբան Սիրանուշ Անդրեասյանի կարծիքով, այս պատմության արմատները թաքնված են հայկական մտածելակերպին բնորոշ կարծրատիպերի մեջ, որոնք հազարավոր կանանց դժբախտության պատճառ են դառնում: «Արևիկի պատմությունն այսպիսին չէր լինի, եթե նա քաջություն ունենար հաղթահարելու շրջապատի կարծիքը և վաղուց բաժանված լիներ ամուսնուց: Տասնութ տարի շարունակ ենթարկվելով դաժան բռնությունների` նա ամուսնուն բազմիցս ներել է և նրա դեմ ոստիկանություն հայց է ներկայացրել միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել»:
Հայաստանի համեմատությամբ աշխարհի զարգացած երկրների վիճակագրությունը ընտանեկան բռնությունների վերաբերյալ սարսափազդու է: Հավանաբար, սա միակ ոլորտն է, որտեղ Հայաստանը գտնվում է ամենացածր հորիզոնականներում: ՈՒրախալի է: Սակայն, մասնագետները շեշտում են, որ պատկերը խաբուսիկ է, քանի որ այս առումով մեր երկրում ճշմարիտ վիճակագրություն չի վարվում:
Բայց մեր երկրում խնդիրը ոչ այնքան երևույթի ծավալներն են, որքան այն հանգամանքը, որ Արևիկի նման կանայք անպաշտպան են, չկան համապատասխան սոցիալական ինստիտուտներ, որոնք կզբաղվեին նման ընտանիքների խնդիրներով: Փաստ է, որ բռնության ենթարկվող կանանց և երեխաների համար պետական ապաստարաններ չկան: Այս կամ այն կազմակերպության սուղ միջոցները չեն կարող խնդիրը լուծել ամբողջ հանրապետության մասշտաբով: Վերոհիշյալ երկրների համապատասխան կառույցների մասնագետները տևական հոգեբանական աշխատանք են տանում ոչ միայն զոհերի, այլև բռնացողների հետ, և շատ դեպքերում հնարավոր է լինում պահպանել ընտանիքը: Հակառակ դեպքում ապահովվում է զոհերի լիակատար անվտանգությունը: Այս առումով մեր երկիրը դեռևս ուրախանալու առիթներ չի ընձեռում:





Facebook
Tweet This

Վերջապես հասկացեք, որ այնպիսի ժողովրդավարական երկրում ինչպիսին մեր Հայաստանի Հանրապետությունն է ,բռնությունը պետք է դատապարտվի և բարձրաձայնվի:Ավելին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իր մեջ ամրագրելով,այն դրույթը ,որ մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը համարվում են բարձրագույն արժեքներ,այս դեպքում խոսք չի էլ կարող լինել մարդու /կնոջ/ նկատմամբ բռնության,արժանապատվության նսեմացման մասին:
Ցանկանում եմ նշել,որ ընտանեկան բռնությունը կանանց նկատմամբ միշտ էլ եղել է: Այն չի ճանաչում ոչ աշխարհագրական դիրք, որ տարիք, ոչ էլ ռասա: Դրա դեմ պետք է պայքարել` բարձրաձայնելով այն և իրազեկելով կանանց իրենց իրավունքների վերաբերյալ: Այնպես որ, կոչ եմ անում բոլոր այն կանանց, ովքեր ենթարկվում են որևէ տեսակի բռնության (հոգեբանական, ֆիզիկական, սեռական կամ տնտեսական), հետևել Արևիկի օրինակին և ստանալ անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և օգնություն զանգահարելով`(010) 54 28 28:
Հոդվածում ներկայացված դեպքը ցավոք միակը չէ մեր կյանքում: Բավական մեծ թվով կանայք պարբերաբար հայտնվում է նմանատիպ իրավիճակներում և շատ հաճախ, ականատես լինելով նման դեպքերի,ցավոք չես կարողանում օգնել, չնայած մեծ ցանկություն ունես: Բռնության բոլոր ձևերը, ինչպես նաև ընտանեկանը, պետք է դատապարտվի բոլորիս կողմից, հատկապես օրենքի պաշտպանների կողմից: Ես չեմ կարող ասել, թե որքանով են այս խնդիրը մեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, բայց այն որ գոյություն ունի այդպիսի հասարակական կազմակերպություն` Կանանց իրավունքների կենտրոն, որը պայքարում է այդ չարիքի դեմ, շատ ողջունելի է: Կարծում եմ բոլորս պետք է մեր հնարավորության սահմաններում սատարենք այդ կազմակերպությանը և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնենք իր “բարի” գործունեության համար:
zarmanum em inchu Arevik@ aveli shut cher dimel ayd kentron, kam inchu cher parzapes heracel amusnuc, Txamard@ ov xpum e knoj@ txamard che, ayl tmard e. Koch em anum mez bolor kananc chanachel mer iravunkner@ ev pashtpanel drank.
Լավ էլի, <>
դրանք հայկականի, հայկականութեան հետ կապ չունեցող բաներ են, ինչքան պիտի մարդ հայոց պատմութիւնից անտեղյակ լինի, որ այսպիսի բաներ ասի: Դրանք օտարամուտ բաներ են:
Ներողություն, չհասկացա, ծեծի դեմ պայքարելն է? օտարամուտ: Դե եթե օտարամուտ է, թող դառնա հայկական ու ազգային: Ուրիշ բան, որ իսկապես ժամանակն է, որ հայ կնոջն օգնության հասնի իր շրջապատն ու իր հասարակությունը, այլ ոչ թե օտար ֆինանսավորմամբ գոյատևող հասարակական մի կազմակերպություն, որը վաղը կարող է և չլինել…
Իմ կարծիքով շատ հայ ընտանիքներում առկա է ֆիզիկական բռնությունը, սակայն կանանց մեծամասնությունը չի բարձրաձայնում այդ մասին` նպատակ ունենալով պահպանել իր ընտանիքը: Մտածում են. դե լավ կանցնի կգնա: Եվ այդպես իրենց ներվերի հաշվին տարիներ շարունակ ապրում են նմանօրինակ մարդու կողքին` առանց մտածելու, որ կյանքն անցնում է, իսկ իրենք իրենց կյանքից բան չեն հասկանում: Սկզբում խղճում են իրենց երեխաներին` մտածելով` անհայր մեծացնելը չեն կարող: Բայց հավատացեք, այդ նույն երեխան մեծանալով չ ի ողջունելու մոր կատարած զոհաբերությունը և նա իր կյանքով է ապրելու: Իսկ մայրը? մնալու է նույն հիմար դրության մեջ: Այնպես որ հարգելի կանայք, սիրեք Ձեր երեխաներին, բայց ապրեք Ձեր կյանքով:
Բռնությունը չի կարող լինել հայկական կամ արտասահմանյան, ու հայոց պատմությունն այդքան էլ կապ չունի այս ամենի հետ,կարևորն այն է, որ մեր հասարակությունը հասկանա ու ըմբռնի խնդրի լրջությունը, կանայք իրազեկված լինեն իրենց իրավունքների վերաբերյալ, տղամարդիկ էլ նյարդայնանալու և հարվածելու փոխարեն հիշեն, որ խոսքը ամենաուժեղ զենքն է, և փորձեն զարգացնել իրենց խոսքը, ոչ թե բազուկները:Իսկ երեխաներն այստեղ ինչ մեղավոր են, որ ականատեսն են դառնում այս ամենին, արդյոք արդար է???