Ծառատունկ. բնապահպանություն հակաբնապահպանական միջոցներով
ԷՍՍԵ | Հայկուհի Բարսեղյան | Մայիսի 4, 2010 11:52Առավոտյան ժամը հինգն է: Դրսում անթափանց խավար է, լսվում է միայն տեղատարափ անձրևի խշշյունը: Ողջ թաղամասում միայն իմ սենյակում է լույս վառվում: Շտապում եմ Խանջյան 19 հասնել. այստեղից ՀՀ և ԼՂՀ տարբեր բուհերի 130 ուսանող պետք է մեկնի Թեղուտ ծառատունկի:
Ինչպես միշտ մեկնումը ուշանում է. հայկական տարբերակով նախանշված 7-ի փոխարեն շարժվում ենք 7:30-ին: 3,5 ժամ ճանապարհ ենք գնում, միմյանց են հաջորդում բնակավայրերը` Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ստեփանավան և, ի վերջո, Ալավերդի:
Վանաձորից հետո ավտոբուսում միանգամից լռություն է տիրում՝ բոլորը լայն բացած աչքերով պատուհանից դուրս են նայում. բնության հիասքանչ տեսարաններ են: Ճանապարհի երկու կողմում վեր են խոյանում կանաչապատ ժայռեր` սրածայր գագաթները ամպերի մեջ կորած: Նեղ ճանապարհի երկու կողմերում ծառեր են, այնպես որ դրանց ճյուղերը դիպչում են ավտոբուսին: Հանկարծ ոլորապտույտ ճանապարհի մի կողմում խոր անդունդ է բացվում` ի ցույց դնելով միմյանց հաջորդող անտառապատ բլուրները, լերկ ժայռերը: Հենց այստեղ էլ հասկանում եմ, թե ինչու են Հայաստանը համարում
քարերի երկիր:
Թվում է, թե հեքիաթային, անիրական աշխարհում ես, որտեղ մարդկային ոտքը դեռ չի դիպել: Բայց երևում է կամուրջը, որի վրայով անցնում է երկաթգիծը: Տեսածս պատրանք եմ կարծում. կանաչ դրախտում մարդկային գործունեության ցանկացած օրինակ արհեստական է թվում:
Երկար ու ձիգ ճանապարհն անցնում ենք աննկատ ու արդեն Ալավերդիում ենք: Այստեղ միանգամից պատկերը փոխվում է, արդեն հստակ նկատելի է մարդկային կործանարար ազդեցությունը: Առաջինն աչքի է զարնում Ալավերդու պղնձաձուլական գործարանից բարձրացող գորշավուն ծուխը: Անգամ խիտ մառախուղը չի քողարկում թունավոր արտանետման գործընթացը:
Ալավերդու ողջ հմայքը տեսանելի է քաղաքից դեպի մոտակա բլուրը ձգվող ճոպանուղուց: Կանաչ տարածքում փռված քաղաքը երկու մասի է բաժանված` ներկայիս և նախկին: Նախկինը եղել է քաղաքի բնակելի կենտրոնը, սակայն գործարանի հզորության զարգացմանը զուգահեռ մարդաթափ է եղել, ու հիմա միայն գործարանային շինություններ են ու մի քանի լքված կառույցներ:
Ալավերդիում ուշագրավ են գովազդային պաստառները. այստեղ, բացառությամբ բջջային օպերատորներին գովազդող 1-2 վահանակից, բոլորի վրա խոշոր տառերով գրված է` Vallex: Անգամ Հանրապետական կուսակցության խորհրդանիշը պատկերող պաստառի ներքո այս ընկերության անունն է, նույնը` ճոպանուղու վագոնախցիկների վրա, կառույցների պատերին, մեքենաների վրա: Ու հանկարծ միտք է ծագում. գուցե մի օր էլ տեղա՞նքը անվանակոչվի Vallex:
Ուղևորվում ենք Թեղուտի բազա, ուր ուսանողներս պետք է ծառատունկ իրականացնենք: Այստեղ էլ ցուրտ է ու հորդառատ անձրև: Ուստի ընկերությունը բոլորին տրամադրում է ռետինե ճտքավոր կալոշներ ու պոլիէթիլենային թիկնոցներ: Այ այսպես, բնապահպանություն ենք իրականացնում հակաբնապահպանական միջոցներով. ծառատունկից հետո 130 պոլիէթիլենային թիկնոցները կվերածվեն աղբի:
Հարմարավետ ավտոբուսների փոխարեն նստում ենք զինվորական ՈՒԱԶ-ները և ուղևորվում ծառատունկի վայր: Սա մի ընդարձակ ցանկապատ տարածք է բլրի վրա, որտեղ արդեն չորրորդ անգամ ուսանողները պետք է ծառեր տնկեն: Լանջի ստորոտին 2008-ին տնկված ծառերն են, որոնք կարծես նորատունկ շիվեր լինեն, միայն վահանակն է հիշեցնում, որ այդ ծառերն արդեն 2 տարեկան են:
Հասնում ենք բլրի գագաթ, ու մեծ թափով սկսվում է ծառատունկը: Ամեն համալսարան ունի իրեն հատկացված տարածքը: Միմյանցից հազիվ կես մետր հեռավորության վրա փոսեր են փորված: Մեկ ժամվա ընթացքում 130 ուսանողները 1000 ծառ են տնկում` մեծ մասամբ հացենիներ: Միայն թե բոլորն էլ վստահ են, որ այդ տունկերից հազիվ 100-ը կանաչի, իսկ աճելու և հասուն ծառ դառնալու մասին էլ խոսք չկա:
Սկսվում է վայրեջքը, մինչև ծնկները ցեխի մեջ խրվելով գնում ենք դեպի մեքենաները: Այստեղից ուղևորվում ենք դեպի մեկ այլ բլուր, որտեղ հետագայում պետք է հենց կազմակերպությունը ծառատունկ իրականացնի. Թեղուտի հատվող 357 հա-ի փոխարեն Vallex-ը պարտավորվել է տնկել 714 հա անտառ: Չնայած ընկերության ներկայացուցիչները վստահեցրին, որ 10 տարի հետո նախատեսված տարածքը անտառածածկ կլինի, սակայն դժվար է հավատալը: Եթե այդ ծառերին էլ վերաբերեն նույն անհոգությամբ, ինչ ուսանողների տնկած ծառերին, 10 տարի հետո հազիվ թե 100 հեկտար անտառ լինի:
Այստեղ ուսանողները հարց են բարձրացնում, թե ինչպիսին կլինի հատվող անտառի բնակիչների` վայրի գազանների հետագա ճակատագիրը. Թեղուտը հատվում է հիմա, իսկ նոր տնկված ծառերը «անտառի» պետք է վերածվեն 10 տարի հետո միայն: Այս հարցին «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանն անսպասելի պատասխան է տալիս` թե երբ դաշտը հնձում ենք, նապաստակները փախչում են, բայց հետո վերադառնում, նույնը կլինի նաև հատված անտառի կենդանական աշխարհի հետ: Ուսանողների առարկությանն ի պատասխան առաջարկվեց քննարկումը շարունակել ոչ թե անձրևի տակ` դրսում, այլ Թեղուտի մշակույթի պալատում: Բնապահպանական հնչեղություն ունեցող հարցն այդպիսով «ջրվեց», գնաց:
Չնայած «Վալլեքս գրուպի» ներկայացուցիչներն ուսանողներին առաջարկեցին անկեղծ զրույց ծավալել` հավաստիացնելով, որ կպատասխանեն բոլոր հարցերին, սակայն հիմնական հարցերն այդպես էլ անպատասխան մնացին: Մի քանի ուսանողներ հարցրին, թե ըստ «Վալլեքս գրուպի» ներկայացուցիչների` ընկերության
գործունեությունը Թեղուտում ի՞նչ բացասական հետևանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Տրվեց ոչինչ չասող պատասխան. «բացասական հետևանքներն անխուսափելի են, սակայն ընկերությունը աշխատում է դրանք նվազագույնի հասցնել»:
Ուսանողները հատկապես վրդովվեցին այն իրողությունից, որ հանքի շահագործման տարածքում 15 պատմամշակութային հուշարձան կա, որոնց մի մասը պետք է տեղափոխվի այլ վայր: Դրանց թվում է և 10-12-րդ դարերի հիմքի վրա 17-18-րդ դարերում կառուցված Բովեր եկեղեցին: «Հայաստանում պատմամշակութային հուշարձանները շատ են, և եթե դրանք անհրաժեշտության դեպքում չտեղափոխենք, այս երկրում տնտեսական գործունեություն անհնար կլինի իրականացնել»,- հարցն ամփոփեց «Վալլեքս գրուպի» նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը:
Օրվա վերջում ուղևորվում ենք երկրաբանների պանսիոնատ, որտեղ չջեռուցվող սենյակներում և բարակ ծածկոցներով գիշեր ենք անցկացնում:
Հաջորդ օրն արդեն սպասվում է այցելություն Հաղպատ և Սանահին վանքեր, ինչպես նաև խորհրդանշական ծառատունկ Սանահինի բակում: Վանքի շուրջն ուսանողները տնկեցին 30 ընկուզենի: Այստեղ էլ բնությունն անկրկնելի է, հիացնում են նաև պատմամշակութային հուշարձանները: Միայն թե երկու վանական համալիրներում էլ նույն անհոգ ու բարձիթողի վիճակն է. վանքի գավիթում հուղարկավորված անձանց տապանաքարերը անցուդարձի ճանապարհ են ծառայում, ներս մտնող հայ և օտարերկրյա այցելուները ցեխոտ ոտքերն են մաքրում երջանկահիշատակ ննջեցյալների գերեզմանաքարերի վրա ու առաջ անցնում:
Սա մտածելու տեղիք է տալիս, թե որքա~ն անհոգ ենք մեր ունեցած հուշարձանների, արժեքների ու անցյալի նկատմամբ:
Հորդառատ անձրևի տակ մի քանի անգամ վանքի շուրջը պտտվելուց և տապանաքարերը լավ ոտնակոխ անելուց հետո մեր «առաքելությունն» ավարտված ենք համարում և ուղևորվում դեպի Երևան: Ճանապարհն այս անգամ էլ շնչակտուր լինելու չափ գեղեցիկ է, և միայն ցուրտն ու խոնավությունն է պատճառը, որ բոլորս ուզում ենք շուտ Երևան հասնել:











Facebook
Tweet This

Lav hodvac er Hayk jan…apreees.
շնորհակալ եմ, Արփի ջան
Shat lavn er!!!!!
apres)))vor ches vaxenum, vor chishte grum es!!! vor thace choric tarberum es!
Miaceq Save Teghut Forest xmbin
http://www.facebook.com/profile.php?id=571137480&ref=profile#!/group.php?gid=7210009831&ref=ts
գրողը տանի, չէի կասկածում Ավագյանի երևակայության վրա…. աչքիս իրեն հարկավոր է մի հատ պատմամշակութային արժեքների մասին նկարազարդումներով գիրք նվիրել` թեկուզ նախատեսված հատուկ տարրական գիտելիք ստացող երեխաների համար…
բայց դե գիտենք, որ ավագյանը հենց էնպես որոշում կայացնող չի էլի, ուզում եմ ասել, վերևներից դաբրոն ստացելա, հը ժողովուրդ սրան էլ ենք կուլ գնում, ի դեպ ինձ ծանոթ հնագետնրը ՎԱԼԵՔՍԻ կողմից տրամադրած գումարներով զբաղվում են մեր կոթողների տարհանմամբ, պատկերացնում եք չէ? բրոնզեդարյա դամբարանադաշտ, եկեղեցիներ, օրինակ պռոշյան փողոցի վրա, իրար կողքի, կամ նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց կտանեն….
հ? հիմա ինչ?