Բացահայտվել է հանցավոր խումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | Հուլիսի 21, 2010 12:45

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր խումբ, որն ավազակային հարձակումներ է գործել քաղաքացիների նկատմամբ` զենքի գործադրմամբ ներխուժելով նրանց բնակարաններ եւ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գույք: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձանց: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել դատարան:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Կ.Կարապետյանը, ներգրավելով իր մորեղբոր որդուն` 17-ամյա Ա.Մ.-ին, ապա նաեւ վերջինիս ընկերոջը` Պ.Հակոբյանին, 2009 թվականին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, կազմակերպել, ղեկավարել ու պլանավորել  հանցագործությունների  կատարումը` տրամադրելով զենք`  ավազակային հարձակումներ գործելու համար:

Հանցավոր խումբն ընդհանուր առմամբ ավազակային հարձակում է գործել թվով 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Նախաքննությամբ տվյալներով հանցավոր խմբի գործողություններից տուժել են մասնավորապես Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի, Երևան քաղաքի Դավիթաշեն Ձոր-1 թաղամասի 89 եւ  Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/26 տների բնակիչները՝ Արսեն Լալայանցը, Սուրեն Շահգալդյանը, Մանվել Բադալյանը, որոնց տներից ավազակային հարձակմամբ հափշտակվել է շուրջ 16 մլն դրամի գույք (կանխիկ գումար եւ ոսկեղեն): Հանցավոր խմբի անդամներից մեկը ձերբակալվել է 2010 թվականի հունվարի 16-ին` Արմեն Պետրոսյանին պատկանող Երևան քաղաքի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 101 տան վրա կատարված ավազակային հարձակումից հետո փախուստի դիմելիս: Մյուս երկուսին հաջողվել էր դիմել փախուստի, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի  քանի օր անց նրանք նույնպես հայտնաբերվել եւ կալանավորվել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա`  Կ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին եւ Պ. Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 236 –րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Print FriendlyՏպել
Դիտվել է 238 անգամ:

Leave a Reply