Բանախոսը հրաժարվեց ասուլիսն անցկացնել խաղատուն գովազդող պաստառի ներքո
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Օգոստոսի 3, 2010 14:50
Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոկենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը մինչ ասուլիսն սկսելը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է խոսել խաղատուն գովազդող պաստառի ներքո (ընդ որում, պաստառն ամբողջովին օտարալեզու էր, ինչը լեզվի օրենքի կոպիտ խախտում է):
Չնայած որոշ լրագրողներ բանախոսի այդ քայլը որակեցին` որպես տարօրինակություն, «Անկախ»-ը շնորհակալություն է հայտնում պարոն Սեմերջյանին` միաժամանակ կոչ անելով «Արմատ» ակումբին ընդհանրապես հրաժարվել օտարալեզու պաստառներով իրենց պատերը զարդարող հովանավորից:
Ինչևէ, նարկոլոգը արդեն սպիտակ պատի ներքո լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում թմրամոլության աճի մասին` ներկայացնելով պաշտոնական վիճակագրական տվյալներ.
«Եթե անցյալ տարի պաշտոնական տվյալներով Հայաստանում կար 1144 թմրամոլ, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը հասել է 1717-ի»,-ասաց նա` ներկայացնելով նաև մեկ այլ հետազոտության տվյալ, ըստ որի թմրամոլների թիվը Հայաստանում 5000-7000 է:
Այս տվյալները ծանր թմրամիջոցներ օգտագործողների վերաբերյալ են, իսկ ինչ վերաբերում է «թեթևներին»` մասնավորապես կանեփ օգտագործողներին, ապա այստեղ թվերը հասնում են 25000-ի:
Նարկոլոգը թմրամոլության աճի ավելացումը չի կապում գործազրկության մակարդակի բարձրացման հետ: Ըստ նրա, թմրամոլության արագընթաց աճ արձանագրվել է ողջ աշխարհում:
Հայաստանում թմրամոլները հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներն են: Նարկոլոգի խոսքով, թմրամոլությունը հինականում սկսվում է պատանեկան տարիքից:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում, ըստ նարկոլոգի, իրենց կենտրոնում գրանցվել է ևս մի աննախադեպ միտում. թմրադեղերի կախվածությունից բուժվելու համար իրենց են դիմում երիտասարդ կանայք (հիմնականում անբարո վարքագիծ ունեցող):
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա նարկոլոգը վստահեցնում է, որ առողջապահական տեսանկյունից կախվածությունը լիարժեք վերացնել հնարավոր է, սակայն բուժվողների մոտ 80 տոկոսը կրկին վերադառնում է թմրամիջոցների օգտագործմանը:
Հայաստանի քաղաքացիների համար կենտրոնում բուժումն անվճար է:





Facebook
Tweet This
Email This Post
