Թրաֆիքինգի զոհերը ծնվում են սոցիալական վատ պայմաններից
ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Օգոստոսի 24, 2010 13:33
Թմրադեղերից և զենքի առևտրից հետո թրաֆիքինգը երրորդ խոշոր բիզնեսն է համարվում ողջ աշխարհում: Սեռական թրաֆիքինգի նպատակով ամեն տարի Հայաստանից բազմաթիվ կանայք են տեղափոխվում Արաբական էմիրություններ և Թուրքիա: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության` մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թվականի զեկույցի, Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար: Այդ նույն զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ:
2010թ. հունվարից գործողության մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն ավելացել է թրաֆիքինգ իրականացնողների համար սահմանվող նվազագույն պատժաչափը` դառնալով 5 տարվա ազատազրկում, սահմանվել է դատապարտված թրաֆիքինգ իրականացնողների գույքի բռնագրավման հնարավորությունը, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից` ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով իրականացված հանցանքների համար:
Ներկայացնում ենք թրաֆիքինգի ենթարկված կանանց երկու պատմություն:
«Մտածելով, որ ուրիշ բանի պիտանի չեմ` նորից բռնեցի այդ ճանապարհը…»
«Աղջիկս դեռ չէր ծնվել, երբ ամուսինս մեկնեց Ռուսաստան` աշխատանք գտնելու: Երբ ծնվեց երեխան, մի քանի օր հիվանդանոցից դուրս չէին գրում, փող չկար, որ վճարեի: Գնացի ծնողներիս տուն: Երկու տարի ամուսնուցս ոչ մի լուր չստացանք: Մեր վիճակն օր օրի վատանում էր: Ես ու փոքրիկս բեռ էինք դարձել ծնողներիս` առանց այն էլ բազմանդամ ընտանիքի վրա: Նպաստ էլ չէին տալիս, ասում էին` ամուսինդ Ռուսաստանում է, փող կուղարկի: Օրերով իմ երեխան, փոքր եղբայրս և քույրս միայն առանց շաքարի թեյ էին խմում:
Մի օր էլ ծանոթներիցս մեկից տեղեկացա, որ Երևանում աշխատանք կա. Կանանց ներքնաշորեր պիտի գովազդեի: Որոշեցի փորձել: Աշխատանք առաջարկողները պայման դրեցին. քանի որ ես փորձ չունեմ, պետք է վերապատրաստվեմ արտասահմանում: Այնքան արագ ձևակերպեցին փաստաթղթերս, որ տուն վերադառնալ էլ չհասցրի: Ասացին, որ երկու շաբաթով ենք մեկնում: Ինձ հետ նաև երկու աղջիկ կային, նրանցից մեկը` տասնվեց տարեկան էր:
Դուբայի մասին մինչ այդ չէի լսել: Օդանավակայանում մեզ դիմավորեց մոխրագույն մի ավտոմեքենա, որը մեզ տարավ հյուրանոց: Մեր ցանկությունը, որ չորսով մի սենյակում ապրենք, մերժեցին` ասելով, թե մեզ հարկավոր է լավ հանգստանալ, որ լավ տեսք ունենանք պարապմունքների համար: Դա վերջին անգամ էր, որ տեսա աղջիկներին:
Առավոտյան իմ սենյակ եկավ մի միջահասակ մարդ և նրա մի քանի ռուսերեն բառերից հասկացա, որ պետք է հետևեմ իրեն: Երբ իջնում էինք աստիճաններով, տեսա ուրիշ աղջիկների, որոնց տղամարդիկ էին ուղեկցում: Վերջիններից մի քանիսը ձեռքով շոյեցին այտս, կուրծքս: Ես տարակուսանքի մեջ էի: Շուտով մտանք մի սենյակ, որտեղից շոգեբաղնիքի գարշահոտ էր փչում: Դուռը հետևիցս փակվեց, անգամ չկարողացա տեսնել, թե ով է սենյակում:
Երբ վերադարձրին իմ սենյակ, փորձեցի միջանցք դուրս գալ, որպեսզի գտնեմ ընկերուհիներիս: Սենյակիս դուռը փակ էր: Այդպես անցավ ամբողջ երկու ամիս: Լինում էին օրեր, երբ ստիպված էի «սպասարկել» քսանից երեսուն մարդու: Չէ, ինձ չէին ծեծում, վախենում էի դրանից, ստիպված համաձայնում էի բոլոր ստորացումներին:
Այնտեղից ինձ գրեթե հրաշքով հաջողվեց փախչել հյուրանոցում աշխատող մի տարեց մարդու օգնությամբ: Երբ վերադարձա Հայաստան, մորս պատմեցի գլխիս եկածը, բայց նա չհավատաց, որ իմ կամքից անկախ եմ բռնության ենթարկվել: Մայրս չընդունեց ինձ: Ստիպված վերադարձա Երևան. փորձեցի մի քանի տեղ աշխատանք գտնել, չստացվեց: Մտածելով, որ ուրիշ բանի պիտանի չեմ, նորից բռնեցի այդ ճանապարհը…
Երբեմն գնում եմ իմ հայրենի քաղաքը, հեռվից աղջկաս տեսնում, մայրս չի թողնում, որ հանդիպեմ: Մի անգամ մի քիչ փող էի ուղարկել, չէր վերցրել:
Մեծ քաղաքում ավելի հեշտ է, փոքր միջավայրում բոլորը քեզ ճանաչում են, դժվար են մոռանում, թե ինչ անցյալ ես ունեցել: Ես չեմ էլ ուզում, որ աղջիկս երբևէ իմանա իմ մասին:
Մի՞թե արդարացի է, որ ինձ մեղադրողները ամուսնուս չեն մեղադրում, որ գնաց և ինձ մենակ թողեց հոգսերի մեջ…»:
«Ես վերածվեցի մեքենայի, որը պետք է լռությամբ կատարեր բոլոր այցելուների ցանկությունները…»
«Մանկությունից միայն ծնողների վեճ, փոխադարձ վիրավորանք ու հայհոյանք եմ հիշում: Երբ տասնհինգ տարեկան
էի, հորս դատեցին: Դրանից հետո ամաչում էի դպրոց գնալ: Չնայած չէի ճանաչում, սակայն խղճում էի այն աղջկան, որ հորս զոհն էր դարձել: Մտածում էի, որ եթե ինձ հետ այդպիսի բան պատահեր, ինքնասպան կլինեի: Ի՞նչ իմանայի, որ տարիներ հետո ես էլ էի հայտնվելու նման վիճակում:
Դպրոցում և փողոցում ինձանից սկսեցին հեռու մնալ: Ընկերներիս շրջանակը նեղացավ…Ես երազում էի թատրոնի դերասանուհի դառնալ: Ինքնուրույն որոշեցի և մեկնեցի Երևան: Հյուրընկալվեցի քեռուս ընտանիքում: Մինչև ընդունելության քննությունները դեռ երկու շաբաթ կար: Ամեն երեկո իջնում էի բակ, ծանոթացել էի աղջիկների հետ, ովքեր ոչինչ չգիտեին մեր ընտանիքի մասին: Մի օր էլ աղջիկներից մեկն ինձ հրավիրեց իրենց տուն: Տանտիրուհին, իմանալով բուհ ընդունվելու իմ ցանկության մասին, հանդիմանեց. «Էդ աշխատանքով ի՞նչ փող պիտի ստանաս, հիմա ո՞վ է դրանով կարգին փող աշխատում»:
Նա առաջարկեց իր աղջկա հետ մեկնել արտասահման` կարգին վարձատրվող աշխատանք գտնելու: Չթողեց, որ խորհրդակցեմ քեռուս կնոջ հետ: Վերցրեց անձնագիրս, մի քանի օրում պատրաստեց անհրաժեշտ թղթերը: Մեկնելու օրը պարզվեց, որ այդ կնոջ աղջիկը «հիվանդացել է», բայց որպեսզի մենակ չգնայի, ինձ ուրիշ աղջիկներ պետք է ուղեկցեին: Ճիշտը որ ասեմ, ես արդեն փոշմանել էի, չէի ուզում մեկնել, բայց քանի որ թղթերս արդեն հետ էի վերցրել ինստիտուտից և անձնագիրս էլ տվել էի այդ «բարի» կնոջը, մյուս երկու աղջիկների հետ մեկնեց Դուբայ:
Հյուրընկալվեցինք մի հյուրանոցում: Հետո ինձ տարան առաջին հաճախորդի մոտ: Նա շատ զայրացավ, երբ փորձեցի ընդդիմանալ ու բղավել: Մի քանի անգամ խփեց դեմքիս, հետո սկսեց փաղաքշել: Ես նրա լեզուն չէի հասկանում, մի կերպ բացատրեց, որ եթե լսեմ իրեն, ինձ կօգնի, որ տուն վերադառնամ: Երբ այդ ամենը վերջացավ, կարծում էի, թե այլևս նրանց պետք չեմ, ինձ հանգիստ կթողնեն: Այց դա դեռ վերջը չէր. երկու օր շարունակ մարդիկ էին գալիս և , մեր կողմը մատնացույց անելով, ինչ որ բան էին խոսում: Հետո իմացանք, որ սակարկում էին: Ինձ թվում էր, թե վատ երազի մեջ եմ:
Հետո մեզ բաժանեցին իրարից: Չեմ կարող նկարագրել այն զգացողությունները, որ ունեցել եմ այդ դժոխային օրերին: Ես վերածվեցի մեքենայի, որը պետք է լռությամբ կատարեր բոլոր այցելուների ցանկությունները:
Յոթ ամիս տառապելուց հետո մի օր հանկարծ ինձ հագուստ տվեցին, երկու հարյուր դոլար, անձնագիրս և ճանապարհեցին Հայաստան: Հետո իմացա, որ քեռակինս էր հարևանուհուն ստիպել հայտնել իմ տեղը` սպառնալով, որ կդիմի ոստիկանություն:
Վերադարձա, բայց արդեն կարծես ուրիշ մարդ էի դարձել: Բարեբախտաբար մեր քաղաքում իմ բացակայության մասին չէին իմացել: Միայն մտերիմներս էին տեղյակ կատարվածից:
Հետագայում քեռակինս միջնորդեց, և ես ծանոթացա մի տղայի հետ, որի հետ էլ ամուսնացա: Արդեն մի քանի տարի է, ամուսնացած ենք, բայց ամեն օր քնում ու արթնանում եմ այն վախով, որ ամուսինս կամ նրա հարազատներից որևէ մեկը կարող են ինչ որ բան իմանալ: Մի քանի անգամ որոշել եմ պատմել ամուսնուս, բայց հաստատ գիտեմ` չի հասկանա: Խուսափում եմ նաև մեր քաղաք գնալուց: Մինչև ե՞րբ պիտի այսպես վախի մեջ ապրեմ, չգիտեմ…»:
Պատմությունները տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը






Facebook
Tweet This

Այդ աղջիկները անմեղ զոհեր են անսկզբունք մարդոց ձեռքին: Որպէսզի նոր զոհեր չըլլան Հայաստանի բոլոր աղջիկները պէտք է իմանան այս պատմութիւնները, դպրոցներուն մէջ մասնաւոր ժամի մը պէտք է տեղեկացուին որպէսզի միշտ արթուն ըլլան եւ զոհ չերթան: Այս պատմութիւնները իրենց պէտք է պատմուին:
Հարգելի Մարմուրա, որպէսզի նոր զոհեր չըլլան, Հայաստանի կառավարությունը իր բօլոր զավակներին “դեպի պայծառ ապագա” տանող ուղին պիտի կարողանա ցուցանել, ու, ամենաքիչը, գօնէ կերակրել…
…կերակրել աշխատանք ապահօվելօվ…
Մնացյաը խօսքեր են…
Bayc inchu enk menk haers sirum amen inch bardel karavarutyan vra? Es chem ardaracnum karavarutyan@, sakayn amen depkum,chem karcum vor aystex mexavor e nax ev araj karavarutyun@. Ashxatank chunenal@ der chi nshanakum vor petk e ayd uxin brnen, ev heto hesht e che brnel ayd uxin ev vochinch chanel? Amen mek@ nax ev araj iren petk e mexadri ays harcum, ays kayln iragorcelu hamar,m heto nor karavarutyan@, vor paymanner chen stexcvel.