Ըստ Ա. Ռուստամյանի` ադրբեջանա-թուրքական տանդեմին ի պատասխան պետք է ստեղծել Հայաստան-ԼՂ տանդեմ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | Օգոստոսի 31, 2010 16:53
ՀՅԴ-ն հրահանգել է Հայ դատի կառույցներին լոբբիստական աշխատանք իրականացնել հնարավոր բոլոր երկրների հետ` սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախապատրաստած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի ընդունումը կանխելու համար: Նախագծով բարձրացվում են «օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների և տեղահանվածների վերադարձի իրավունքի խնդիրները: Այս մասին օգոստոսի 31-ին «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ըստ բանախոսի, նման մեծ ֆորումներում շատ հաճախ հարցի էությունից կտրված քննարկում է լինում, և, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քվեարկում են այս կամ այն բանաձևի օգտին,«հաճախ անգամ աբսուրդային բանաձևերի»: «Հետո իրենք էլ տեսնում են, որ ամոթ էր, որ դրա համար իրենք կողմ են քվեարկել, բայց` տրվելով Ադրբեջանի քարոզչական այդ հնարքներին, նրանք անընդհատ հայտնվում են այդ ծուղակում»,-ասաց Ա.Ռուստամյանը:
Պատգամավորի համոզմամբ, հայկական կողմը նաև պետք է բոլոր այդ ուժերին, երկրներին մղի, որպեսզի իրենք Մինսկի խմբի ձեւաչափից զատ երկրորդ ձևաչափ չստեղծեն, ինչն իսկապես խանգարում է բանակցային գործընթացին:«Ադրբեջանը մեզ չի լսում, և երկրորդ զուգահեռ գործընթացով մեզ անընդհատ դնում է այսպիսի փաստերի առաջ: Սա նշանակում է, որ մենք նույնը պետք է անենք. բանակցությունները թող ընթանան, բայց ո՞վ է մեզ խանգարում սրան զուգահեռ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը»,-ասաց նա` ընդգծելով,որ Կոսովոյի մասին Միջազգային դատարանի որոշումը լավ նախադեպ է և կիրառելի ԼՂ-ի նկատմամբ:
Ըստ նրա, առաջիկայում անհրաժեշտ է նաև ադրբեջանա-թուրքական օրեցօր հզորացող տանդեմին ի պատասխան ստեղծել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ` որպես երկու անկախ պետություններ, տանդեմը: Վերջինի թիվ մեկ խնդիրը կլինի,«եւ Ադրբեջանը դրա հիմքը տվել է իր ռազմատենչ հայտարարություններով, հոխորտանքներով, սահմանի վրա հարձակումներով», բարձրացնել ԼՂ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը` հստակ ամրագրելով, որ Հայաստանը ԼՂՀ-ի անկախության և անվտանգության երաշխավորն է: Ա.Ռուստամյանի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունների մոտ առկա է որոշակի վախվորածություն, սակայն «մեզ պետք են քայլեր, որոնք ազդեցություն կունենան դրսում»:
Գայանե Մելիքյան





Facebook
Tweet This
Email This Post
