Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին


  
դիտումներ: 249

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում հուլիսի 5-ին մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին:

Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում` նշելով.

«Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները:

Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը:

Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է: 2016թ. մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է: 6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18-ը կին են, ովքեր ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին:

Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:

Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնվել ներկայացված լինել Ազգային ժողովում: 6-րդ գումարման խորհրդարանում մանդատ են ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը:

Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար: Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը եւ նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել եւ աջակցել նրանց նախաձեռնություններին:

2016թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը:

Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու համար մեր երկիրը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացուցն է 2004թ-ին ձեւավորված Երիտասարդական խորհրդարանը»:

Պատվիրակությունը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների եւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: