Հայերեն   English   Русский  

ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ավտոծառայության պետին


  
դիտումներ: 2169

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու և հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչից հետո ավտոպահեստամասերը վաճառել է։

Քրեական գործի նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի և զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում և զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման և փաստացի բնակության վայրում և դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։

Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: