Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի նախագահի երդմնակալությանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ղեկավարներ


  
դիտումներ: 213

Այսօր՝ հուլիսի 9-ին, Թուրքիայում տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը:

Դրան կմասնակցեն նաև ԱՊՀ մի շարք երկրների ներկայացուցիչներ:

Ըստ տեղեկության՝ հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Ղրղզստանի ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը, Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշևը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Արարողությանը կմասնակցեն ավելի քան 20 երկրների ղեկավարներ: Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը կղեկավարի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նշենք, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից անցում է կատարում նախագահականի:

Ապրիլի 18-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ-ի հունիսի 24-ին: Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Թուրքիայում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար մրցել են իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև Ազգայնական շարժում կուսակցությունները ներկայացնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջեի, «Հայերնիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, «Երջանկություն» կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը:

Քվեների դիտարկման արդյունքում Թուրքիայի նախագահի ընտրություններում հաղթել է Էրդողանը՝ ստանալով ձայների 52.6 տոկոսը: Վերջինիս հիմնական մրցակից Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը, Դեմիթաշը՝ 8.4 տոկոսը, Աքշենարը՝ 7.3 տոկոսը, Քաևանօլլաօղլուն՝ 0.9 տոկոսը, իսկ Փերինչեքը՝ 0.2 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: