Հայերեն   English   Русский  

Հանցագործության մասին Ալիկ Սարգսյանի հաղորդումը ՀՔԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե


  
դիտումներ: 511

Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի դիմումը, որը վերաբերում էր մի նախկին պաշտոնյայի հանցագործության մասին,

Հատուկ քննչական ծառայությունը փոխանցել է Քննչական կոմիտե, այդ մասին Aysor.am-ի տեղեկությունը հաստատեց նաև ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։


«Այո, դիմումը քննչական կոմիտեն սստացել է և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դիմումին», - ասաց Ս. Տռուզյանը։

Նշենք, որ ԱԺ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ՝ պնդելով, թե նախկին պաշտոնյաներից մեկը իրենից շանտաժի միջոցով փորձում է գումար շորթել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին պաշտոնյան եղել է 2008-2010 թվականներին Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանը։

Մամուլում հրապարակված նամակում Հովակիմյանը հայտարարել էր, թե Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ աշխատած տարիներին աշխատանքի տեղավորելու համար կաշառք է պահանջել, և մարդիկ, որոնց համար միջնորդել է նախկին մարզպետը, մեծ գումար են տվել։ Նախկին մարզպետը ասել է նաև, որ մինչև աշխատանքի տեղավորման հրամանը կտար, ինքն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և պաշտոն ստանալու համար կաշառք ստացած անձինք չեն նշանակվել։

«Տարբեր մարդկանց միջոցով և նրան ուղղված նամակներով պահանջել եմ, որ վերադարձնի այդ գումարները, և միակ պատասխանը եղել է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ: Չնայած գումարը չի վերադարձրել, սակայն վերադարձրել է ինձնից ստացած նվերները և Արարատի մարզպետի ոսկե մեդալը: Մի քանի անգամ փորձել եմ անձամբ հանդիպել Ալիկ Սարգսյանի հետ: Զանգահարել եմ, sms-ներ եմ գրել, տարբեր մարդկանց միջոցով լուրեր եմ ուղարկել, առաջարկելով՝ արի նստենք դեմ առ դեմ, իրար աչքերի նայելով խոսենք, սակայն մերժում եմ ստացել: Միայն վերջերս նրա ազգականներից մեկը առաջարկում էր փոքր գումար վճարել՝ պայմանով, որ ես մոռանամ Ալիկ Սարգսյանի չարագործությունների մասին: Իմ պատասխանը եղել է շատ հստակ. ինքը պետք է վերադարձնի այն գումարը, որը ստացել է ինձանից», - ասել էր նախկին պաշտոնյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: