Հայերեն   English   Русский  

​Բալասանյանը մշակույթի նախարարին այլ առաջարկություն է արել


  
դիտումներ: 779

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դիմել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Գյուլպենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացնելու նախաձեռնության համար:

Նախարարը Գյումրիում կատարած ճանաչողական այցի շրջանակներում հանդիպել էր փոքրիկ տարածքում գտնվող պատմական թանգարանի աշխատակիցներին, տեսել նրանց պայմանները, համոզվել, որ այնտեղ հնարավոր չէ որևէ ցուցադրում անել՝ տարածքը խիստ փոքր է, հազիվ աշխատակիցներն են կարողանում շարժվել: Նախարարին նաև ներկայացվել էր, թե մի քանի տարի առաջ, երբ <Գյումրի> բժշկական կենտրոնի կառուցումից հետո վիրաբուժական հիվանդանոցը տեղափոխվեց այնտեղ, վերջինիս դատարկ մնացած շենքը թանգարանին հատկացնելու մասին շատ է խոսվել, նույնիսկ Գյումրու քաղաքապետն էր համակարծիք: Գյումրու ավագանին էլ ուղերձով դիմել էր կառավարությանը, թե ձեր ունեցած պետական շենքը տվեք պետական թանգարանին, սակայն մերժվել էր:

Բայց նախարարի գրությանն ի պատասխան, Սամվել Բալասանյանը նշել է, թե ՛՛Կումայրի՛՛ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյուլպենկյանի անվան հիվանդանոցի շենքը կառուցված է որպես վարչական շենք, և նրա հատակագծային լուծումները հարմար չեն թանգարան կազմակերպելու համար:

Թե ավելի նպատակահարմար է այդ շենքը հատկացնել, երբ սպորտի ու մշակույթի նախարարությունները տեղափոխվեն Գյումրի:
՛՛Առաջարկվում է թանգարանին հատկացնել Բուլվարային փողոցում գտնվող վիճակագրական վարչության շենքը, որի հատակագծային լուծումները հնարավոր է հարմարացնել թանգարանային շենքի համար պահանջվող պայմաններին: Թանգարանը՝ նշված շենք տեղափոխելը կնպաստի մշակութային կյանքը քաղաքի կենտրոնից մյուս թաղամասերում նույնպես ակտիվացնելուն՛՛, - ասված է քաղաքապետի պատասխանում:

Սամվել Բալասանյանն իր նամակում նաև հայտնում է, թե քաղաքապետարանը պատրաստ է հողատարածք տրամադրել թանգարանի համար նոր շենք կառուցելու նպատակով, եթե իհարկե, դրա համար ֆինանսական միջոցներ գտնվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: