Հայերեն   English   Русский  

​ՀԷՑ-ը ջրվեժցիներին սովորեցնում է ապրել մութ պայմաններում


Անկախը ներկայացնում է ջրվեժցիների բաց նամակը


  
դիտումներ: 334

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը լուրջ դեմքով և ոչ ընկերավարի որոշել է, որ Ջրվեժի բնակիչները կարիք ունեն պարբերաբար վերադառնալու19-րդ դար:

Հուլիսի 10-ին ողջ Ջրվեժը կրկին խավարի մեջ էր: Պատճառը, ըստ ՀԷՑ-ի, մալուխի այրվելն էր: Վերջին 10 օրում դա երկրորդ նմանատիպ դեպքն էր: ՀԷՑ-ի «թեժ գծի» աղջիկները հոգնել էին բարկացած ջրվեժցիների զանգերի տարափից: Ժամանակ ձգելով՝ ՀԷՑ-ի դեմքը փրկելով զբաղվող «թեժ գծի» աշխատակիցները հոսանքի վերականգնման տարբեր ժամեր էին նշում: Իսկ ջրվեժցի բազմաթիվ խանութպաններ և բնակիչներ, գեղեցիկ հայհոյանքներին զուգահեռ, փորձում էին 40 աստիճանի պայմաններում դիմանալ առանց աշխատող սառնարանի: Խանութպաններն ու բնակիչները, իհարկե դիմացան, սակայն նրանց սառնարանների մթերքներից շատերը՝ ոչ: Արդյունքում ջրվեժցիները կրեցին հազարավոր դրամների վնասներ, որոնք ոչ ոք, բնականաբար, չի փոխհատուցելու: Իսկ այդ ընթացքում ՀԷՑ-ը ժամեր շարունակ հերոսական պայքար մղեց չարաբաստիկ մալուխի դեմ և, ի զարմանս բոլորի, տոնեց փայլուն հաղթանակ: Ժամը 23:00-ին Ջրվեժը կրկին լույս ուներ: Աննկարագրելի էր ջրվեժցիների ուրախությունը: Օդում լսվում էին ուրախ սուլոցներ և բացականչություններ:

Սակայն ամռան տապից և մթությունից կրկնակի զայրացած ջրվեժցիները չեն ցանկանում հավատալ, որ ՀԷՑ-ն օգտվում է թղթե մալուխներից, որոնք այդքան հաճախ են այրվում: Ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու են մալուխներն ամեն շաբաթ շարքից դուրս գալիս՝ հատկապես Ջրվեժում: Արդյոք հնարավոր չէ պրոֆիլակտիկ աշխատանքների միջոցով կանխել նմանատիպ դեպքերը: Ինչով են առհասարակ զբաղվում ՀԷՑ-ի էլեկտրիկներն ու մասնագետները: Լավ կլիներ, որ ՀԷՑ-ը պատասխաներ այս և նմանատիպ այլ հարցերի: Իսկ մինչ ՀԷՑ-ը կպատասխանի այդ հարցերին, զայրացած Ջրվեժը ՀԷՑ-ի ղեկավարությանը մաղթում է մոտիկից ծանոթանալ դժոխքի կրակներին, հաճախ լինել մութ վայրերում, քրտնել ու չկարողանալ լոգանք ընդունելև, իհարկե, ամենայն բարիք և քաջառողջություն:

Ջրվեժի հոսանքազրկված բնակիչների միավորում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: