Հայերեն   English   Русский  

​Թուրքիան Ղարաբաղի և Նախիջևանի հարցում իր համար սահմանված ամեն բան անում է. Էրդողան


  
դիտումներ: 301

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝

իր ադրբեջանցի գործընկերոջը շնորհակալություն հայտնելով իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «FETÖ» կազմակերպության դեմ պայքար մղելու համար:

Ըստ Էրդողանի՝ երկու երկրների կրթության նախարարությունները խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք կծավալեն:

2016 թ-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման գործում պաշտոնական Անկարան մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին, Ադրբեջանում սկսվել են փակվել վերջինիս անվան հետ կապ ունեցող կրթական հաստատություններ: Նախ լուծարվել է «Կովկաս» համալսարանը, իսկ նախագահ Էրդողանի այցի գրեթե նախօրեին փակվել է «Իսթեք» լիցեյների ցանցը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան կանի այն ամենը, ինչ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հարցերում սահմանված է իր համար: Ըստ նրա՝ Թուրքիայի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապ կա, իսկ երկաթուղու կառուցմամբ տրանսպորտային հաղորդակցությունն էլ ավելի կզարգանա:

Էրդողանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ինքը կբարձրացնի երկու երկրների ընդհանուր խնդիրները:

Սա Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայում հուլիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում գրանցած իր հաղթանակից հետո:

Ադրբեջան այցից հետո նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: