Հայերեն   English   Русский  

​Շիրակի պետական համալսարանում թաքնված բիզնես է բացահայտվել


  
դիտումներ: 2134

Շիրակի պետական համալսարանի շուրջ աղմուկը չի դադարում: Այժմ էլ ստուգումների արդյունքների մասին տեղեկություն է հրապարակել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Ըստ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանի հայտարարությունների, իրոք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել: Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, նույն ժամանակաահտվածում ծախսված 759 հազար դրամ ընդհանուր արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց ևս վճարվել է հիմնադրամից: Ըստ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանի, ով հիմնադրամի քոլեջում գրանցված է որպես տնտեսվար, հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 24 միլիոն դրամ ընդհանուր արժեքով արտադրանք:


Պարզվել է նաև, որ Գյումրի Պ. Սևակ 4 հասցեով գործող բուֆետից /սա ՇՊՀ բուֆետն է, - հեղինակ/, առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի` Թումանյան 85 և քոլեջի Շիրակացի 21/5 հասցեներով գործող բուֆետներին, որտեղ տեղադրված չեն եղել ՀԴՄ-ներ, խախտվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները և չի վարվել առանձնացված հաշվապահական հաշվառում:
Բուֆետների գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ըստ հաշվապահական հաշվառման, եկամուտներ չեն ստացվել այն դեպքում, երբ արձանագրվել է շուրջ 10 միլիոն դրամի ծախս, ինչը վճարվել է հիմնադրամի հաշվին: Իսկ 2017թ. մարտին էլ ճաշարանի համար շուրջ 16 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սարքեր են ձեռք բերվել:

Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի դատախազը հայտարարել էր, որ ՇՊՀ-ում նոր բացահայտումներ են կատարվել, մասնավորապես անհետացել է շուրջ 460 մլն դրամ: Սա նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ ՊԵԿ-ի <բիզնես> բացահայտումը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, վերջերս հրաժարական ներկայացրած ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման ժամանակն է ընդգրկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: