Հայերեն   English   Русский  

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը.


Քննարկվել են գյուղոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը


  
դիտումներ: 4026

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման ծրագրի տեղակալ Սառա Մայիլի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ Հայատանի համագործակցությունը ՀԲ-ի հետ երկար տարիների փորձառություն ունի՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ և ընդլայնվել տարբեր ուղղություններով։

Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն ու թիրախները՝ նշելով, որ այդ ուղղությունների զարգացման համար ակնկալում են նաև ՀԲ-ի աջակցությունը։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես շեշտադրել է երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 90-95 տոկոսն ապահովվող փոքր գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումը, օգտագործվող վարելահողերի մակարդակի բարձրացումը, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը։ Նախարարը միաժամանակ նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև օրգանական և բարձրաժեք գյուղատնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները։

ՀԲ-ի պատվիրակները ներկայացրել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի կատարողական արդյունքները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC I,II) ծրագրի, ճապոնական PHRD դրամաշնորհի շրջանակներում կատարված աշխատանքներին, գրանցված ձեռքբերումներին և հետագա անելիքներին։ Ներկայացվել են նաև ՀԲ-ի կողմից տարածաշրջանի երկրներում իրականացված թվային գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական մեխանիզացիայի ոլորտին վերաբերող ուսումնասիրության` Հայաստանի արդյունքները և այդ ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների բարելավմանն ուղղված դիտարկումները։ Առաջարկ է հնչել հոկտեմբեր ամսին Երևանում կազմակերպել թվային նորարարությունների մրցույթ՝ շեշտադրելով, որ թվային տեխնոլոգիաները կարող են արմատական լուծումներ տալ գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներին, մասնավորապես խորհրդատվության, ռիսկերի կառավարման, բերքի կանխատեսման, ոռոգման և այլ ոլորտներում։

Նշվել է, որ ՀԲ-ի գնահատականներով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը տարածաշրջանում լավագույնն է և կարող է օրինակ ծառայել այլ երկների համար ևս։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: