Հայերեն   English   Русский  

​Զարգացնող հայկական խաղալիքներ և օգտակար խորհուրդներ հայ գյուտարար-գործարարից


  
դիտումներ: 2282

Զարգացնող խաղալիքներ ստեղծող և արտադրող Արման Հովհաննիսյանը գյուտարար է՝ 18 գրանցված և մոտ 100 չգրանցված գյուտերի հեղինակ:

Վերջերս էլ ստացել է ԵԱՏՄ-ի կողմից տրվող հեղինակային իրավունքի արտոնագիր զարգացնող խաղալիքի համար, և արդեն պատրաստվում է իր արտադրանքը արտահանել նաև ռուսական շուկա:

Իհարկե, նրա գյուտերի մեծ մասը խաղերի ու խաղալիքների հետ կապ չունի, ինչպես ինքն է նշում` ավելի լուրջ գործերով է սիրում զբաղվել: Բայց այդ գյուտերը կյանքի կոչելու համար ներդրումներ են անհրաժեշտ, ուստի որոշել է իր ստեղծած խաղալիքների արտադրությամբ ու վաճառքից ստացված եկամտով իր բոլոր ծրագրերը կյանքի կոչել:

Արդեն 4-5 տարի է՝ զբաղվում է զարգացնող խաղալիքների ստեղծմամբ ու արտադրությամբ: Հիմա տնային պայմաններում 12 տեսակ խաղալիքներ է արտադրում: Ասում է՝ մոտ 40-45 տեսակի գաղափարներ, նախագծեր էլ ունի, որոնց պետք է կյանք տա:

Իր հետաքրքիր բիզնեսը Արման Հովհաննիսյանը սկսել է 2013-2014 թթ.՝ սկզբում արտադրելով ընդամենը մի տեսակի խաղալիք: «Սկզբում իմ խնայված միջոցները ներդրեցի՝ մոտ 5 հազար ԱՄՆ դոլար, հետո շատ արագ դրանք վերջացան, վարկ վերցրեցի, հետո ծանոթ-բարեկամներից պարտք վերցրի, ու այդպես ստեղծվեց արտադրությունը որպես ընտանեկան բիզնես: Հիմա արդեն նորմալ փուլ ենք անցել, բայց մինչև նորմալ վիճակի հասնելը պահանջվեց 3-4 տարվա ծանր աշխատանք: Հիմա պատրաստվում եմ արտահանել իմ խաղալիքները ռուսական շուկա, իսկ դա արդեն ավելի լուրջ արտադրական պրոցես է ենթադրում: Արդեն համապատասխան գործիքները, հաստոցները, մամլող կաղապարները պատվիրել եմ, շուտով հոսքագիծ կգործարկվի, ու կկարողանամ ամսական մոտ 30 հազար միավոր խաղալիք արտադրել: Դա, կարծում եմ, բավարար կլինի ռուսական շուկա մուտք գործելու համար»,- նշեց Արման Հովհաննիսյանը և հավելեց, որ ներկայումս կարող են ամսական արտադրել մոտ 8 հազար խաղալիք: Ընդ որում, առանձին դետալները արտապատվիրում են, քանի որ համապատասխան հոսքագծեր չունեն, իսկ այնուհետև ձեռքով ամբողջը հավաքում: Ճիշտ կլինի, որ ամբողջ արտադրական գործընթացն ինքը կազմակերպի, ու հենց այդպես էլ կլինի, չնայած շեշտում է՝ դա իր համար լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում:

Արման Հովհաննիսյանն իր փոքրիկ արտադրությունը հաջողված նախագիծ է համարում, չնայած հիշեցնում է, որ հայկական շուկայում ինչ-որ բան արտադրել ու վաճառելը բավականին լուրջ խնդիր է եղել իր համար: Առևտրային մեծ ցանցեր մուտք գործելը երբեմն անհաղթահարելի է արտադրողների համար, քանի որ նման ցանցերը հիմնականում իրենք են ապրանք արտադրող կամ ներմուծող և փորձում են սեփական ապրանքը վաճառել: Հաճախ Արման Հովհաննիսյանի հույսը մնացել են փոքր խանութները, մասնավոր մանկապարտեզները, առանձին պատվիրատուները: Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ երկրի ղեկավարությունը պետք է տեղական արտադրողին խրախուսելու, խթանելու քայլեր ձեռնարկի:

Ինչևէ, նրա խաղալիքներով արդեն հետաքրքվում են ԱՄՆ-ից, Եվրոպայից: Գործարար-գյուտարարը պատրաստվում է նաև անգլերենով խաղալիքներ արտադրել այդ շուկաների համար:

Շատ դժվարություններ է հաղթահարել Արման Հովհաննիսյանը, և նրան օգնել են կամքի ուժն ու նպատակասլացությունը:

«ԴԵռ նոր-նոր է բիզնեսը սկսում եկամուտ բերել: Բայց հուսով եմ, որ ռուսական շուկա մտնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի, հունի մեջ կընկնի: Ամեն դեպքում չպետք է նահանջել, որովհետև եթե ամեն ինչ ճիշտ, մտածված ու համբերատար անես` նպատակիդ կհասնես: Իսկ դրա համար կարևոր են շփումները, հաղորդակցվելը. բիզնեսմենի համար հաղորդակցվելու ունակությունը շատ կարևոր է: Իհարկե, երբ դիտարկում ես բիզնեսմեններին, տեսնում ես, որ որոշակի բնավորության գծեր կան, որոնք բնորոշ են նրանց: Բայց ես նկատել եմ, որ նման բնավորությունը ձեռքբերովի է, պարտադիր չէ այդպես ծնվել: Բիզնեսն ինքն է սովորեցնում քեզ, ձևավորում բնավորություն: Ամեն ինչ միանգամից իդեալական չի կարող լինել, սխալներ ես անում ու սովորում սեփական սխալների վրա: Փորձը շատ կարևոր բան է, քանի դեռ ապրանքդ ձեռքիդ չի, չես կարող հաստատ իմանալ, թե ինչ կլինի»,- ասում է զարգացնող խաղալիքներ ստեղծողը:

զարգացնող խաղալիք

Նրա դիտարկմամբ՝ բիզնես սկսելու ամենակարևոր նախադրյալը գաղափարի՝ մրցունակ գաղափարի առկայությունն է, այն պետք է լինի բացառիկ, հետաքրքիր, գրավիչ: Բոլոր դեպքերում, նշում է գյուտարարը, եթե ունես գաղափար կամ բիզնես սկսելու մտադրություն, չպետք է հապաղել, պետք է սկսել: Եթե անգամ, Աստված չանի, սնանկանաս էլ, միևնույն է, ձեռք ես բերում անփոխարինելի փորձ:

«Բայց նախևառաջ պետք է հավատաս գործիդ, քանի որ դա քեզ ուժ է տալիս, եթե հավատդ կորցնես` գործդ կկանգնի: Ներքին հավատը, իմ կարծիքով, ամեն ինչում է ուժ տալիս: Բացի այդ, բարոյականության սկզբունքներ կան, որոնք երբեք չպետք է խախտես: Օրինակ՝ խաբել չի կարելի, չի կարելի անորակ ապրանք արտադրել, բայց գործընկերներին կամ հաճախորդներին ասել, թե լավորակ արտադրանք է: Ամեն գնով հաջողության հասնել չի կարելի, նման բաները տապալում են բիզնեսը»,- ասում է Արման Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ վստահությունը շատ կարևոր կապիտալ է, նաև` օգտակար, որովհետև շատ հարցեր ավելի հեշտ ու արագ ես կարողանում լուծել, երբ գործընկերներդ, ծանոթ-մտերիմներդ քո խոսքին ավելի շատ են հավատում ու վստահում, քան նոտարի կողմից հաստատված պայմանագրին: Իսկ դրան հասնում են տարիների աշխատանքով ու ջանքերով: Եվ այդ ամբողջ ընթացքում նրան օգնել է համառությունը: Ի դեպ, նա այդ հատկանիշը համարում է բիզնեսն ու բիզնեսմենին առաջ տանող հիմնական գործոններից մեկը: «Ոչինչ չի ստացվի» ասողները միշտ էլ շատ են լինում, բայց չպետք է նրանց ասածները սրտին շատ մոտ ընդունել, այլ պետք է համառորեն շարունակել, առաջ շարժվել դեպի ծրագրերիդ, երազանքներիդ իրագործումը»,- եզրափակում է Արման Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: