Հայերեն   English   Русский  

​Հիշատակի խոսքի փոխարեն. Չուղարկված նամակ հարազատիս` Արկադի Ամիրյանին


  
դիտումներ: 8306

Բարև, եղբայրս: Այս դիմելաձևի իրավունքն ինձ (ոչ միայն) դու ես տվել քո գունեղ կերպարով ու անմնացորդ նվիրվածությամբ: Եթե ասեի փեսա, ապա պարզապես կընդգծեի մեր բարեկամական կապը, կդառնայի մի սովորական աներորդի:

Այդպես չի եղել, մեր լույսն ու մութը կյանքի խառնիճաղանջ շրջանակի նույն սպեկտրն են եղել:

Հիմա 2018 թ. հունիսն է: Սաստիկ շոգ է: Տեսնում ե՞ս, ես դեռ այստեղ եմ, ապրում եմ: Դու գնացիր անցած տարի օգոստոսի 6-ին: Երկու տարով ինձնից փոքր էիր: Ինչ արած, այս կյանքում ավելի արտառոց, անարդար բաներ էլ են լինում:

Օգոստոսի այդ չարաբաստիկ օրն էլ շոգ էր, ջերմաստիճանը՝ 38-39: Շոգը չէր պատճառը, որ ես ու տիկինս մի քանի րոպե ուշացանք և կորցրինք հրաժեշտի պահին քո կողքին լինելու սփոփանքը: Եթե կարողանայիր, չէիր թողնի, կարգելեիր քեզ այցի գալ: Առաջվա պես կասեիր. «Պետք չէ Ալավերդուց Երևան հասնել, ձեզ նայեք, դուք էլ մի առողջություն չունեք»:

Հիմա էլ եմ եկել: Եկել եմ առանց թույլտվության: Եկեղեցին տարվա ընթացքում մի քանի անգամ հորդորում է այցելություն կատարել հարազատների գերեզմաններին: Եղբայրդ հեռու է ապրում, քույրդ քեզնից առաջ է բռնել հավերժի ճամփան: Ի պատիվ ընտանիքիդ պիտի ասեմ, որ ինձ նման նրանց էլ եկեղեցու հորդորը չէ, որ քեզ մոտ է բերում: Վերջին շրջանում, երբ շատ բան մեզ հայտնի էր, քեզ՝ ոչ, մի անգամ ասացիր. «Ինձ չմոռանաս»: Եթե իմանայիր, թե այդ երկու բառով ինչպես ես պատժելու, համոզված եմ՝ երբեք չէիր ասի: Կմտածեիր, բայց չէիր ասի:

Հիմա, եթե ուշ-ուշ եմ գալիս քեզ այցի, չեմ էլ մոռացել խոսքերդ, և դա ավելի ծանր է նստում ինձ վրա, փրկությունը գտնում եմ քո դիմանկարում, որ ամեն օր աչքերով տեսնում, հոգով ընկալում, գրիչով արձանագրում եմ: Քեզ օգնելու հարցում դու ինձ հետ հույսեր չէիր կապում, ըստ երևույթին հուսալի գործընկեր չէի… Մի օր ընկերանում էի, հետո բացակայում: Փոխարենը չհասցրի շնորհակալական խոսք ասել դժբախտությանս (ընկել էի ծառից ու լուրջ վնասվածքներ ստացել) պահին ինձ և ընտանիքիս նեցուկ լինելու համար: Հիմա ասում եմ այդ մի հատիկ բառը ` շնորհակալություն և երանի տալիս այն օրվան, երբ իմ օջախում նշում էինք քո ծննդյան օրը` սեպտեմբերի 29-ը, ու նաև հիշում, որ մի սովորական օր էլ բարձրացել էիր գյուղի առանձնատանս վերանորոգվող տանիքն ու դժվարանում էիր իջնել… Ո՞ր մեկը հիշեմ, պարզապես ասեմ երանի այն օրվան, երբ քույրս ծանոթացրել է քեզ հետ ու հիմք դրել մեր բարեկամությանը` եղբայրությանը:

Եղբայրս, դու սեփական ուժերով, մեծ դժվարություններ հաղթահարելով, ժամանակին աշխատանքի հետևից նաև հեռավոր Պեչորա հասնելով, գտար կանոնավոր կյանքով ապրելու բանաձևը, բայց քեզ երբեք թույլ չտվեցիր ապրել շռայլ ու անփույթ կյանքով: Օգնում էիր ում որ պետք էր, ապրեցիր քո հարազատների ու հարևանների ապրելակերպին համապատասխանող կյանքով: Պահեստապետ եղար, բայց միշտ պահեցիր արդարությունն ու նվիրվածությունը: «Լոտոյի Արկադ» անունը քեզ հետ տարար որպես Երևանի Նոր Նորքի յուրատիպ խորհրդանիշ: Ուրախանում էիր ուրիշի հաջողություններով, ուրախացնում էիր ուրիշներին: Ամենևին էլ կոռումպացված չէին քո և շրջապատիդ փոխհարաբերությունները:

Ինչպիսի՞ն կլիներ կյանքը եթե մարդկանց տրվեր այդ հնարավորությունը: Քո պարագայում ոչինչ չէր փոխվի: Պարզապես կհարստանար բարեկամությունը, աշխատասիրությունն ու հարգանքը:

Ներիր ինձ, եղբայր, որ նորից քեզ պիտի թողնեմ այս այրող արևի տակ, այս տոթակեզ ու փոշոտ աշխարհում: Դու անչափ շատ էիր սիրում Լոռվա մեր սարերը, Դեբեդի խշշոցն ու հեքիաթային երեկոները: Այնքան խորն էին քո ապրումները, մարմնի ցավերը, քո մտահոգություններն ու տագնապները, որ հազիվ թե քո ապրած կյանքից ավելին ապրելուն ձգտեիր: Բայց հեշտ չտրվեցիր չարաբաստիկ մահին, դու մահով անգամ հաղթեցիր մահին՝ մեզ թողնելով շարունակվող դասեր և կյանքի չփակվող դասագիրք: Ցտեսություն, եղբայրս ու հավերժ հանգիստ քեզ քո ապրած անհանգիստ կյանքից հետո:

Այս չուղարկված նամակը թող ընկալվի որպես ապրողներիս կարոտի և զղջման մի սրտաբուխ ուրվագիծ, բայց ամենևին ոչ աննպատակ խոստովանություն: Չեմ ուզում թվարկել, շատ-շատ են այս նամակը ստորագրել ցանկացողները:

Բոլորի անունից` Վաղարշակ Ղորխմազյան

Հ.Գ. Եղբայրս, շատ բան է փոխվել քո թողած Հայաստանում: Երկիրն անցել է նոր կառավարման, ետևում են թավշյա հեղափոխության օրերը, բուռն են հետհեղափոխական զարգացումները: Չքաղաքականացնեմ հոգուս ճիչը, պարզապես կուզեի, որ կարողանայիր ընթերցել քո սիրած հարսի և այլոց ֆեյսբուքյան գրառումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: