Հայերեն   English   Русский  

​Օգտակար են, բայց սխալ ենք ուտում


  
դիտումներ: 1694

Այս թեման կօգնի սննդից առավելագույն օգուտ ստանալ

Բրոքոլի

Այս կաղամբատեսակն այլևս օտարահունչ ու օտարահամ չէ, արդեն իր տեղն է զբաղեցրել մեր կերակրաբաժնում: Շատ օգտակար մթերք է, որ պարունակում է քաղցկեղային բջիջները սպանող մի նյութ, որը, ցավոք, եփելու կամ շոգեխաշելու պատճառով կորչում է: Հետևաբար այն պետք է գոլորշու վրա պատրաստել` բարակ շերտերով կտրատած ու ավելացնել աղցանին:

Ելակ

Ելակը տուն բերելուց հետո մի շտապեք պտղակոթունը հեռացնել. բանն այն է, որ դրա հետևանքով ելակի C վիտամինի մի մասը կորչում է, ու տեղին է հիշեցնել` օգտակար ելակ կարելի է գնել միմիայն համապատասխան սեզոնին:

Սև թեյ

Չի կարելի սև թեյը խմել կաթի հետ: Գիտական հետազոտություններով ապացուցվել է, որ թեյի կախեթինը, որն իսկապես շատ օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, կաթնային սպիտակուցի հետ խառնվելով` կորցնում է իր ակտիվությունն ու դժվարությամբ յուրացվում օրգանիզմում:

Վուշի սերմեր

Վուշի սերմերից օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ դժվար թե ստանանք, եթե դրանք խառնենք յոգուրտի, կեֆիրի կամ մածունի հետ: Սննդաբանները խորհուրդ են տալիս վուշի սերմերն աղալ ու փոշի դարձնել օգտագործելուց անմիջապես առաջ:Դրանից բոլոր օգտակար նյութերը դուրս կգան, կակտիվանան, ինչ նպատակով էլ սովորաբար կիրառվում են:

Ծնեբեկ

Բոլոր իմաստներով թանկարժեք այս բանջարեղենի բոլոր օգտակար բաղադրիչները պահպանելու նպատակով պետք է պատրաստել շոգեփ կաթսայում կամ էլ շատ արագ տապակել շիկացած թավայի մեջ: Այն պետք է փափուկ ստացվի, սակայն մի փոքր խրթխրթան: Շատ եփից այն կորցնում է օգտակար վիտամինները:

Սխտոր

Մանրացրած ու ճզմած սխտորից անջատվում է ալիցին նյութը, որը ճնշում է քաղցկեղային բջիջների, մանրէների ու սնկերի աճը: Սակայն դրանից առավելագույն օգուտ ստանալու համար, պետք է ճզմելուց ու մանրացնելուց հետո այն օգտագործել 10 րոպե անց, այդ դեպքում է, որ ալիցինն ամբողջությամբ է անջատվում:

Լոլիկ

Լոլիկը լիկոպին է պարունակում, որը հակաօքսիդանտ է, պաշտպանում է անոթները քայքայումից ու աթերոսկլերոզն է կանխարգելում: Սակայն առավելագույն քանակությամբ լիկոպին ունենալու համար պետք է լոլիկը եփել, խաշել կամ էլ խորովել, այսինքն` ջերմամշակել:

Յոգուրտ

Երբեմն բացում ես յոգուրտը ու երեսին թափանցիկ հեղուկ հայտնաբերում: Ի՞նչ պետք է անել, թափե՞լ այդ հեղուկը: Ոչ մի դեպքում, դրա մեջ շատ են սպիտակուցն ու կալցիումը: Պարզապես պետք է գդալով խառնել ու վայելել:

Հատիկավորներն ու ընդեղենը

Չմշակված հատիկավորների ու ընդեղենի կեղևում ֆիտատներ կան: Դրանք հակաօքսիդանտ են, որոնց յուրացումը, օրգանիզմում վիտամինների ու հանքանյութերի հետ խառնվելով, խաթարվում է:

Գուցե նաև դրա համար են ասում, որ ընդեղենն ու չմշակված հատիկավորները պատրաստելուց պետք է թրջել ջրում: Դա առաջին հերթին օգնում է ազատվել ֆիտատների մի մասից, երկրորդ` հեշտացնում է ստամոքսի ու աղիքների աշխատանքը: Ու մի անհանգստացեք, քանի որ բոլոր օգտակար նյութերը (ցինկն ու երկաթը) ոչ միայն չեն կորչում, այլև ավելի լավ ու արագ են յուրացվում օրգանիզմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: