Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (Մաս 6)


  
դիտումներ: 5626

Նախորդ համարներում անդրադարձել ենքքրեական դատավարության մի շարք առանցքային հարցերի, ինչպիսին են՝ քրեական դատավարության սկզբունքները, խնդիրները և այլն: Շարունակելով քրեական դատավարության թեման, այս համարում նույնպես կխոսենք որոշ կարևոր հարցերի մասին:

Քրեական գործի վարույթը կասեցնելը

Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե`

- հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.

- մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.

- մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.

- մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.

- գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին.

- Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Քրեական գործն ավարտելը

Քրեական գործով վարույթն ավարտվում է`

- քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով.

- գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելով, եթե այն չի պահանջում դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում.

-գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ի կատար ածելու մասին հաստատում ստանալով, եթե այն պահանջում է դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում:

Քրեական հետապնդումը բացառող հիմքերը

Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե 1) բացակայում է հանցագործության դեպքը, 2) արարքի մեջ հանցակազմ չկա, 3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ, 4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը, 5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ, 6) անցել են վաղեմության ժամկետները, 7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը, 8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում, 9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին, 10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար, 11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում, 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, 13) ընդունվել է համաներման ակտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: