Հայերեն   English   Русский  

​Եթե երկիրդ բոբիկ է` պիտի նրա կոշիկը դառնաս․․․


  
դիտումներ: 11631

2003 թ. ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք: Երկրում սկսվեց երկարատև, դաժան պատերազմ, որին զոհ գնացին հարյուրհազարավոր մարդիկ: Իրաքահայ համայնքը կազմալուծվեց, երկրից հեռացան հազարավոր հայեր, որոնց մի մասը ներգաղթեց Հայաստան: Դրանցից մեկն էլ Վիգեն Կտիկյանի ընտանիքն էր:

«Երբ պատերազմը սկսվեց, շատ վտանգավոր վիճակ էր,- հիշում է նա,- ապրելու պայմաններ չկային, կարգուկանոն չկար, անընդհատ պայթյուններ, մարդկանց գողանում էին: 2003-ին փոքր տղայիս, որն այն ժամանակ 13 տարեկան էր, գողացան: Ոստիկանություն դիմելն անիմաստ էր, ոստիկանություն չկար, ամերիկյան զորքերն էին, բայց նման հարցերով չէին զբաղվում: Մեկ շաբաթ տղայիս պահեցին գերեզմաններում, 50 հազար դոլար էին պահանջում: Խնդրեցինք-աղաչեցինք, որ գոնե մի քիչ զեղչեն, քանի որ այդքան գումար պատրաստ չունեինք: Վերջը 15 հազար դոլարի դիմաց բաց թողեցին»:

Այս մղձավանջային դեպքից հետո Վիգեն Կտիկյանը որոշում է, որ Իրաքում ապրելն այլևս անհնար է, պետք է շտապ հեռանալ: 2006 թ. Լոս Անջելեսի իրաքահայերի միության աջակցությամբ շատ ընտանիքներ, այդ թվում և նրանց ընտանիքը, տեղափոխվում են Հայաստան: Երբ առաջին անգամ ոտք է դնում հայրենիք, ասում է. «Այլևս այս երկրից դուրս չեմ գա»: Անցել է 13 տարի, բայց գեթ մի վայրկյան չի զղջացել Հայաստան տեղափոխվելու համար:

իրաքահայ

Վիգեն Կտիկյանը ծնվել է Բաղդադում: Ծնողները նույնպես Բաղդադից են, միայն պապն է Հաճընում ծնվել: 1980-88 թթ. մասնակցել է Իրան-իրաքյան պատերազմին, հետո Բաղդադում բիզնես է հիմնել, զբաղվել մեծ տեխնիկայի պահեստամասերի վաճառքով: «Գործը լավ էր, նորմալ ապրում էինք, բայց դա արդեն մեր տեղը չէր, մենք հայ ենք, քրիստոնյա, իսկ Իրաքը մահմեդական երկիր է, վերջին շրջանում խնդիրներ կային քրիստոնյաների հետ, մեզ առաջվա պես շանս չէին տալիս աշխատելու, պետական համակարգում աշխատանքի չէին ընդունում, պետք է որոշ մահմեդական կուսակցությունների մեջ լինեիր, որ առավելություններ ստանայիր: Մի խոսքով, առաջվանը չէր, տղայիս դեպքն էլ որ եղավ, որոշեցինք՝ այլևս չենք մնալու»:

2008 թ. Վիգեն Կտիկյանը Հայաստանում մի խումբ իրաքահայերի հետ հիմնում է Իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր համախմբել հայաստանաբնակ իրաքահայերին, նպաստել Հայաստանում նրանց ինտեգրմանը, աջակցել սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական և այլ հարցերում: Մինչև 2012 թ. Հայաստանում Իրաքի դեսպանատան բացվելը կամ դրանից առաջ սփյուռքի նախարարության հիմնումը կազմակերպությունը լուրջ գործունեություն էր ծավալում, հիմա արդեն կազմակերպության գործունեությունն ավելի պասիվ է:

Վիգեն Կտիկյանի խոսքով՝ Հայաստանում այսօր ապրում է 400 իրաքահայ: Իրաքյան պատերազմից հետո, 2008 թ. տվյալներով, իրաքահայերի թիվը Հայաստանում հասել էր մինչև 1100-ի: Սակայն տարիների ընթացքում մեծ մասը հեռացել է՝ փախստականի կարգավիճակով ապաստան գտնելով հիմնականում եվրոպական երկրներում:

«Հայաստանը մեր փոքր ադամանդն է, բայց դժվար երկիր է, ամեն մարդ չի կարող գոյատևել, նույնիսկ տեղացիների համար է աշխատանք գտնելը դժվար, դրսից եկածների համար ի՞նչ պիտի լինի»,- ասում է զրուցակիցս՝ միաժամանակ նշելով, որ եկած օրվանից պետությունն ամեն կերպ փորձել է աջակցել իրենց, և իրենք արդյունավետ համագործակցել են իշխանությունների հետ:

իրաքահայ

2009 թ. Բաղրամյան փողոցում՝ «Բարեկամություն» մետրոյի հարևանությամբ, պարոն Վիգենը սուրճի փոքրիկ խանութ է բացել: «Արաբական սուրճ» անվանումով կրպակը, որտեղից սուրճի հաճելի բույր է տարածվում, վաղուց արդեն որակյալ սուրճի համբավ և հավատարիմ հաճախորդներ ունի: Ասում է՝ դժգոհ չէ, խանութն իր ծախսը հանում է, մի բան էլ իրեն է մնում, բայց սկզբում գործը շատ ավելի լավ էր. «Ախր մեծ սուպերմարկետները ազդում են փոքրերի վրա, ամեն բան իրենց մոտ է կենտրոնացած, բայց հիմա ամեն ինչ ջրի երեսն է ելնում: Ես ամեն ամիս «հարկայինը» մուծում եմ, «սոցը» մուծում եմ, բայց մեծը չի մուծում, դրա համար էլ կարողանում է իր ապրանքը էժան վաճառել, սա է խնդիրը: Հիմա տեսնենք, թե այս փոփոխություններից ինչ դուրս կգա: Առաջին հերթին արդարություն պետք է լինի»:

Պարոն Վիգենը երեք որդի ունի: Մեկն արդեն ամուսնացել է, մի տղա թոռ ունի: Հարսը հայաստանցի է: «Ի՞նչ տարբերություն, բոլորս էլ հայ ենք, լինի Իրաքի հայ, Հայաստանի թե Ամերիկայի: Դեռ զոքանչս էլ մեզ հետ է ապրում»,- ծիծաղում է նա:

Երկու որդիները առևտրային բիզնեսով են զբաղվում, փոքրը պոլիտեխնիկն ավարտելուց հետո մեկնել է Հոլանդիա՝ ուսումը շարունակելու, ավարտելուց հետո կրկին վերադառնալու է Հայաստան: «Հայաստանում ամենակարևորը խաղաղությունն է, ապահովությունը, կլիման, օդը, ջուրը… Աշխարհում ո՞ր երկրում կարող ես ծորակը բացել, ջուր խմել, շատ առավելություններ կան: Եթե դու հոգով, էությամբ հայ ես, զգում ես, որ դու այս երկրին ես պատկանում, այս երկիրն էլ քեզ է պատկանում: Մարդիկ այս երկրի հարգը չգիտեն, բայց եթե ապրեին դրսում ու դեմ դիմաց մահը տեսնեին, նոր այս երկրի հարգը կիմանային: Բայց դու էլ պիտի հնարավորությանդ չափով աջակցես. եթե երկիրդ բոբիկ է` պիտի նրա կոշիկը դառնաս»:

2003 թ. պատերազմից առաջ՝ Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք, հայերն Իրաքում բավական լավ դիրք ու համբավ ունեին: Զրուցակիցս նշում է, որ հայերին հարգում և ընդունում էին իրենց աշխատասիրության, ազնվության ու հավատարմության համար: «Պատահական չէր, որ Սադամ Հուսեյնն իրեն շրջապատել էր հայերով (դերձակը հայ էր, վարսահարդարը հայ էր, երեխաներին խնամողը հայ էր և այլն)»,- ասում է նա:

Վիգեն Կտիկյանի խոսքով՝ 1980 թվականին Իրաքում ապրում էր 30-35 հազար հայ: Այսօր հայերի թիվը շուրջ 10 հազար է:

Դեպի Իրաք հայերի մեծ ներհոսք տեղի է ունեցել Ցեղասպանությունից հետո: 1920-ականներին Իրաքում շուրջ 90 հազար հայ է ապաստան գտել: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացել է տարբեր երկրներ, մի մասն էլ հայրենադարձվել է Հայաստան: Իրաքից հայերի արտահոսք տեղի է ունեցել նաև Իրանա-իրաքյան պատերազմի տարիներին, վերջին մեծ արտահոսքը 2003 թ. սկսված պատերազմի հետևանքով էր:

Հ.Գ.

Երբ զրուցում էինք, պարոն Վիգենին այցելեց մի իրաքահայ: Պարզվեց՝ նա էլ է ուզում ընտանիքով վերադառնալ Հայաստան, եկել է, որպեսզի բնակարան գնելու հարցով զբաղվի, որից հետո ընտանիքով կտեղափոխվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: