Հայերեն   English   Русский  

​Նարեկ Աբգարյան. «Հաղթանակած մենամարտը նվիրված աշխատանքի արդյունքն ու գնահատականն է»


  
դիտումներ: 3965

Հունիսի 29-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր հերթական մենամարտն անցկացրեց հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը: Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած մենամարտն առանձնահատուկ էր նրանով, որ WBC International Silver գոտու համար հայ մարզիկը պայքարեց մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկ Աբգարյանի անցկացրած 10-րդ մենամարտը նշանավորվեց հաղթանակով և տիտղոսի նվաճմամբ: Հայ մարզիկը հաղթեց 31-ամյա մրցակցին 10 ռաունդ տևած մենամարտում բացահայտ առավելությամբ:

«Անկախի» հետ զրույցում Նարեկ Աբգարյանը պատմում է մենամարտից ստացած տպավորությունների, դեպի հաղթանակ տանող ճանապարհի, սպորտում դժվարությունները հաղթահարելու և հաջողության հասնելու մասին:

- Նարեկ, շնորհավորում ենք, շատ տպավորիչ հաղթանակ տարաք:

- Շնորհակալ եմ: 9-րդ մենամարտից առաջ արդեն գիտեի, որ Գալիսիայի հետ պայքարելու եմ գոտու համար: Սակայն հանձնաժողովը նրան ժամանակավորապես արգելեց ռինգ դուրս գալ գլխի վնասվածքի պատճառով, և մենամարտը մեկ ամիս հետաձգվեց: Այդ ընթացքում բավականաչափ ժամանակ ունեցա նախապատրաստվելու և մասնակցեցի 2 ուսումնամարզական հավաքի Օլիմպավանում: Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մարզվելով ՝ բարձր մակարդակով պատրաստվեցի: Ինձ մեծապես աջակցել են նաև բռնցքամարտի ազգային հավաքականի տղաները: Մենք համատեղ մասնակցեցինք հավաքներին: Այս ամենը նպաստեց, որ ինձ լավ դրսևորեմ ռինգում: Ամեն մենամարտ էլ կարևոր է ինձ համար, լինի գոտու, թե վարկանիշային: Նույն ոգևորությամբ նախապատրաստվում եմ յուրաքանչյուր մենամարտին: Ուրախ եմ, որ նվաճեցի կարիերայիս առաջին գոտին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ աջակցողներին` մարզիչ Դավիթ Թորոսյանին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին, Punch Boxing Promotions-ի տնօրեն Արամ Դավթյանին և հավաքականի բոլոր տղաներին, որոնք օգնել են ինձ սպարինգների ժամանակ մարզվելու համար:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մարզիկների միջև մրցակցությունը սկսվում է կշռման արարողությունից: Ձեր մրցակիցը շատ ինքնավստահ էր, սակայն Դուք նրան ոչ մի հնարավորություն չտվեցիք:

- Հայացքների մենամարտ գոյություն ունի, որը տեղի է ունենում կշռման արարողությունից անմիջապես հետո: Այդ պահից արդեն սկսվում է լարվածությունն ու հետագա պայքարը: Մրցակիցս փորձառու էր և բարձր վարկանիշ ուներ: Ես հաղթական էի տրամադրված, և ամեն բան բարեհաջող ընթացավ:

- Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու բավական փորձ ունեք արդեն: Ձեր գործելաոճում փոփոխություններ նկատու՞մ եք:

- Մենամարտից մենամարտ տարբերությունները զգալի են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն էականորեն տարբերվում է սիրողականից. ռաունդների քանակն է ավելանում, հաջորդ մրցակիցդ նախորդից ուժեղ և պատրաստված է լինում: Ուստի շարունակ կատարելագործվում է մարզիկը, որ կարողանա իրեն ճիշտ դրսևորել ռինգում և հաղթել:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուների ժամանակ դահլիճում մշտապես բազմաթիվ երկրպագուներ են լինում: Ռինգում նրանց արձագանքները լսելի՞ են:

- Մենամարտերն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Թե՛ երկրպագուների աջակցությունը, թե՛ դահլիճի արձագանքը և թե՛ բոլոր ձայները ես լսում եմ, սակայն այդ ամենի վրա չեմ կենտրոնանում: Դա հավանաբար գալիս է իմ հանգստությունից, և ես լսում եմ միայն ու միայն մարզչիս խորհուրդները:

- Սպորտում հաջողության կարելի է հասնել հմուտ և փորձառու մարզչի շնորհիվ, Դավիթ Թորոսյանի հետ բավական երկար ճանապարհ եք անցել…

- Այո, մարզիկի ձեռքբերումների ու հաղթանակի ուղիղ կեսը մարզչինն է: Մեր և հավաքականի բախտը բերել է, քանի որ Դավիթ Թորոսյանը, բացի լավ մարզիչ, փորձառու մասնագետ լինելուց, նաև լավ հոգեբան է: Նա ոչ միայն մեզ ֆիզիկապես է պատրաստում, այլև հոգեպես: Նրա շնորհիվ մենք ավելի վստահ ենք զգում մեզ ռինգում: Մենամարտից առաջ իր խոսքով, խորհրդով կարողանում է մեզ տրամադրել որպես մարզիչ, որպես ծնող, որպես ավագ ընկեր: Մեզ համար մեծ պատիվ է աշխատել նման մարզչի հետ:

- Punch Boxing Promotions-ը թիմային աշխատանք է իրականացնում: Այս ամենը լրացուցիչ ոգևորություն հաղորդո՞ւմ է:

- Մեր հաջողությունները պայմանավորված են Punch Boxing Promotions-ի պրոֆեսիոնալ աշխատանքով: Punc Boxing Promotions-ը մեծ ընտանիք է, որտեղ ամեն մեկն իր գործն է անում Արամ Դավթյանի ղեկավարությամբ: Ակումբում ընդգրկված են մի շարք մարզիկներ: Այս ամենը շատ կարևոր է փորձի փոխանակման, շարունակ կատարելագործվելու առումով: Նրանց հետ միասին մարզվում ենք, սպարինգներ ենք կազմակերպում: Տղաներով մշտապես իրար աջակցում ենք:

Հուլիսի 28-ին Սոչի քաղաքում իր հերթական մենամարտն է անցկացնելու Գոռ Երիցյանը: Մեր պրոմոտորները հրավիրել են մեզ, որ մարզադահլիճում մեր ընկերոջ կողքին լինենք: Նրանք աշխատում են, որ մենամարտերի ժամանակ միասին լինենք ու իրար ոգևորենք, սա մեր հաջողության գրավականներից է:

- Նարեկ, ազգային հավաքականի կազմում հանդես գալով՝ բազմիցս եք մեր երկիրը պատվով ներկայացրել միջազգային ասպարեզում: Երկրպագուները Ձեր մենամարտին հայրենիքում հետևելու հնարավորություն կունենա՞ն:

- Արթուր Գևորգյանն ու Արամ Դավթյանը տարեսկզբին պլանավորել էին, որ Հայաստանում մենամարտ կանցկացնենք, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չկայացավ: Մենք էլ հայրենի հողում հանդես զգալու մեծ ցանկություն ունենք, քանի որ օտար երկրում մենամարտելիս մշտապես զգում ենք մեր հայրենակիցների աջակցությունը: Հնարավոր է, որ աշնանը բռնցքամարտի շոու երեկո կազմակերպվի Հայաստանում և հայ հանդիսատեսը մենամարտերին հետևելու հնարավորություն ստանա:

- Նարեկ, արդեն գիտե՞ք, թե երբ և որտեղ է կայանալու հաջորդ մենամարտը:

- Շուրջ 6 ամիս մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել եմ` պարբերաբար մենամարտեր անցկացնելով: Դեռևս հստակվեցված չէ, թե երբ և ով կլինի իմ հաջորդ մրցակիցը, սակայն կարծում եմ, որ առաջիկայում կրկին ռինգ դուրս կգամ նոր գոտու համար և զուգահեռ կպաշտպանեմ իմ նվաճած գոտին: Հաջորդ մենամարտը հավանաբար կկայանա ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում: Այժմ ժամանակավոր հանգստանում եմ: 6 ամսվա ընթացքում 4 մենամարտ եմ անցկացրել. պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար այդպիսի հաճախականությունը մի քիչ շատ է: Հարկավոր է հանգստանալ, վերականգնել օրգանիզմը: Մենամարտի նախապատրաստվելիս մարզիկը ջանք ու եռանդ չի խնայում, բոլոր ուժերն ու կարողությունները ներդնում է, իսկ հաղթանակած մենամարտը նվիրված աշխատանքի արդյունքն ու գնահատականն է:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: