Հայերեն   English   Русский  

​ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ


  
դիտումներ: 4510

«Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա»։

Հրայր Դժոխքը նույն վերաբերմունքն ուներ նաև Ռուսաստանի նկատմամբ. «Վստա՛հ եղեք,- գրում է նա,- որ գիշեր ու ցերեկ անքուն շրջում եմ. Եթե գտնեմ մի փոքր հարմարություն, անդադար պիտի գործեմ, մինչև վերջին շունչս: Եթե գիտենամ, որ այս ժողովրդի արյունն իզուր պիտի կորչի և այդ Արջը (Ռուսաստանը) պիտի գրավի, ավելի գերադասելի եմ համարում այնպես խառնել, որ մի հայ չմնա կողմերս, քան թողնվեն գերի այդ Արջին»:

Հրայրի համոզմամբ՝ Հայաստանի ապագան հայը պետք է կերտի:

XIX դարավերջին Հայաստանը բաժանված էր երեք տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև: Հայության ստվար հատվածը՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր: Եվ այստեղ ստեղծվեցին ազգային-ազատագրական պայքարի առանձին օջախներ: Ի հայտ եկան գործիչներ, որոնք հայությանը զինված պայքարի էին կոչում և զենքն առած՝ լեռներում պայքար էին մղում հանուն Հայաստանի ազատագրության: Արևմտյան Հայաստանում սկսվում էր ֆիդայական շարժման շրջանը:

Առաջին հայ ֆիդայիներից էր Արմենակ Ղազարյանը, որ պատմությանը հայտնի է Հրայր Դժոխք անունով:

Արմենակ Մամբրեի Ղազարյանը ծնվել է 1864 թ. Սասունի գավառի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում, քահանայի ընտանիքում:

Տակավին մանուկ էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մշո դաշտի Ղզլաղաջ գյուղ, ուստի Հրայրը նախնական կրթությունը ստացել է նախ Տարոնի Ղըզլաղաջ գյուղի, ապա՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցներում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել Մշո Միացյալ ընկերության վարժարանում:

Ուսման ընթացքում ազատագրական շարժման ապագա գործիչը բացառիկ ունակություններ է ցուցաբերել և ավարտելով վարժարանը` Տարոնի հայկական գյուղերում ուսուցչությամբ է զբաղվել: Գործի բերումով Հրայրը շատ էր շրջագայում Մշո գյուղերում, ինչը նրան հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալու հայ աշխատավորության կյանքին:

Ծանոթանալով Տարոն աշխարհի հայության կյանքին, սոցիալական հարաբերություններին՝ Հրայրը վճռեց իրեն նվիրել հայության ազատագրության պայքարին և զենքի դիմել: Նա առաջիններից էր, որ հասկացավ՝ ազգային իղձերի իրականացումը հնարավոր է միայն զենքի՝ համազգային ապստամբության միջոցով: Սակայն դեռ հարկ էր արթնացնել երկարամյա նիրհով ննջած հայությանը, զտել կարող ուժերին, համախմբել նրանց…

1890-ական թվականներից Հրայրը, թողնելով ուսուցչությունը, միացավ ազատագրական պայքարին: Նա զենք վերցրեց և այն ուղղեց հայությանը կեղեքող թուրք ու քուրդ հրոսակների դեմ: Իր խստության, դաժանության ու արդարացի ցասման շնորհիվ շատ արագ դարձավ թուրքերի և քրդերի ահ ու սարսափը, ճանաչում ստացավ և հռչակվեց Ուրվական, Դժոխք մականուններով:

Հրայրն էր Սասունի 1891-1894 թթ. ապստամբության կազմակերպիչներից մեկը: Նա հատկապես աչքի ընկավ 1893 թ. Տալվոլիկի փառահեղ կռվում և մեծ փառքի ու անվան արժանացավ: Այս կռվում աչքի ընկավ ևս մեկ հերոս՝ Գևորգ Չաուշը, որ կռվում էր Հրայրի հրամանատարության ներքո:

1893-ից Հրայր Դժոխքն անդամակցեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը: Նրա կնքահայրերը հնչակյան կուսակցության մեջ Միհրան Տամատյանն ու Մուրադն էին՝ Համբարձում Պոյաճյանը: Հենց Հրայրը Մուշ-Սասունում հանդիսացավ հնչակյան կուսակցության տարածքային կառույցի հիմնադիրը: Նա թղթակցում էր և՛ ՙՀնչակին», և՛ դաշնակցության պաշտոնաթերթ ՙԴրոշակին»:

Հրայր Դժոխքը կազմակերպված, մեկ կենտրոնի կողմից համակարգվող համազգային պայքարի կողմնակից էր: Նա գիտակցում էր, որ ֆիդայական անկազմակերպ, անջատ ու առանձին ելույթները չեն կարող արդյունք տալ: Ավելին, դրանք առիթ են տալիս Օսմանյան իշխանություններին դարձյալ բռնություններ կիրառել հայության նկատմամբ: Այս առումով փորձում էր համախմբել բոլոր ուժերին, Հայաստանի առանձին, բարձր լեռնային վայրերը դարձնել անառիկ ռազմակայաններ և համաժողովրդական ըմբոստություն բարձրացնել: Հրայրի գաղափարներին հարում էր նաև մերձավոր ընկեր ու զինակից Արամ Արամյանը՝ Թաթուլը:

«Մեր հույսը պետք է լինի մեզ վրա միայն, առաջ գնալ և մեռնել սուրբ նպատակի համար: Այդ է միայն մեր փառքն ու պսակը»,- ահա Հրայրի դավանանքը, որ կրկնում էր շարունակ:

1894 թ. Հրայր Դժոխքը մեկնեց Կովկաս: Նրա նպատակը արևելահայության շրջանում Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարի գաղափարի տարածումն էր, ինչպես նաև զենքի և կամավորների հավաքագրումը: Սակայն հնչակյանները համամիտ չէին Հրայրին: Նրանք Արևմտյան Հայաստանում զինված ելույթները համարում էին սոսկ եվրոպական երկրների ուշադրությունը հայկական հարցին բևեռելու միջոց:

Հայ հեղափոխական դաշնակցությունն ավելի կառուցողական մոտեցում ուներ ազատամարտին և զենք-զինամթերք էր մատակարարում Էրգրում մարտնչող խմբերին:

Երկար մտորելուց հետո Թիֆլիսում Հրայր Դժոխքը հրաժարվեց Հնչակյան կուսակցությանն իր անդամությունից և անդամակցեց Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Մեկ տարի անց Հրայրը Կովկասից անցավ Ռումինիա և այնտեղից վերադարձավ Տարոն՝ իր հետ բերելով հինգ տասնյակ մարտիկներ, որոնց թվում նաև Աղբյուր Սերոբին, Սեպուհին ու Անդրանիկին: Ի դեպ, նրանք հենց Հրայրի խորհրդով անդամակցեցին Դաշնակցությանը, քանզի կամենում էին համախմբել ազատագրական պայքարի ուժերը:

1895 թ. Հրայր Դժոխքը Կարսում էր: Այստեղ նա կամավորներ հավաքագրեց ու նրանց նախապատրաստեց լեռնային, պարտիզանական պայքարի: Մարզումները երկար չտևեցին: Աշնանը Հրայրի ջոկատը հատեց ռուս-թուրքական սահմանն ու երկու մասի բաժանվելով՝ հաստատվեց Սասունում և Խնուսում:

1896 թ. թուրքական իշխանությունները Բասենի Իշխնու գյուղում ձերբակալեցին Հրայր Դժոխքին ու Թաթուլին և տարան Կարինի բանտ: Իշխանությունները երկու ընկերներին մեղադրեցին խռովություն հրահրելու, ապստամբություն կազմակերպելու մեջ: Հրայրի մեղադրանքն ապացուցել չկարողացան, և նա ազատ արձակվեց, իսկ Թաթուլը կախաղան հանվեց:

Ձերբակալությունը չկասեցրեց Հրայրի գործունեությունը; Նա շարունակ ճամփորդում էր Հայաստանի գավառներում, իր շուրջը համախմբում կարող ուժերին, ստեղծում խմբեր, նախապատրաստում նրանց երկարատև պայքարի: Ֆիդայական շարժման տարածումը Արևմտյան Հայաստանում հենց Հրայր Դժոխքի հետևողական աշխատանքի արդյունքն էր:

Նրա նպատակն էր 1905 թ. Արևմտյան Հայաստանում համազգային մեծ ապստամբության բարձրացումն ու երկիրը թուրքական տիրակալությունից ազատելը:

1899 թ. դավադրաբար սպանվում է ֆիդայապետ Աղբյուր Սերոբը: Սակայն Հրայրը չի վհատվում և շարունակում է իր գործը: Նա բոլոր ֆիդայիներին կոչ է անում զերծ մնալ մանր բախումներից և կոտորածների առիթ չտալ թուրքերին: Հրայրի նպատակը ռեսուրսները խնայելն էր ու համազգային ապստամբության բարձրացումը:

Հրայրի քաղաքականության դեմ ընդդիմացավ Անդրանիկը: Սասունի Շենիկ գյուղում ֆիդայիների ժողովի ժամանակ նա անգամ զենք բարձրացրեց Հրայրի վրա: Սակայն ներկաները զինաթափեցին Անդրանիկին և անգամ ցանկացան մահապատժի ենթարկել նրան: Հրայր Դժոխքը, սակայն, թույլ չտվեց մահվան վճիռ կայացնել և ներեց Անդրանիկին, բայց զինաթափեց նրան: Զինաթափումը ֆիդայու համար ամենածանր, նվաստացուցիչ պատիժն էր: Հրայրը Անդրանիկի զենքը վերադարձրեց միայն Գևորգ Չաուշի միջնորդությամբ:

Հրայրը վերադառնում է Ղզլաղաջ գյուղ, այստեղից ձեռնամուխ լինում համընդհանուր ապստամբության կազմակերպմանը: Սակայն իրադարձություններն ավելի արագ են զարգանում: Սկսվում է Սասունի ապստամբությունը:

1904 թ. Սասունի հուժկու ապստամբությունը ճակատագրական եղավ Հրայրի համար: Նա Գիլեգուզանի պաշտպանական շրջանի հրամանատարն էր: Ձեռքի տակ ունենալով սակավ ուժեր՝ Հրայրը հերոսական դիմադրություն կազմակերպեց: Սակայն անհավասար ուժերով անկարող եղավ փակել առաջացող թուրքական զորքերի ճանապարհը: Նա դեռ կարող էր նահանջել պաշտպանական երկրորդ գիծ, մինչ օգնություն կհասնեին զինակիցները: Սակայն մարտի ժամանակ նկատում է, որ վիրավորվել է Սեպուհը: Հրայրը շտապում է օգնության: Սեպուհը Հրայրին հորդորում է հետ գնալ: Հրայրը պատասխանում է. «Կա՛մ կսպանվիմ, կա՛մ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»:

Ի վերջո, Հրայրը Սեպուհին հանում է առաջնագծից, փրկում նրա կյանքը, բայց ինքը մահացու վիրավորվում է ճակատին ուղղված կրակոցից: Հրայր Դժոխքը զոհվեց Գիլեգուզանում, 1904 թ. ապրիլի 13-ին:

Միայն երեկոյան կողմ օգնության հասած Անդրանիկի ջոկատը հետ շպրտեց թուրքերին, վերականգնեց հայերի պաշտպանական դիրքը և ազատելով Հրայրի ու նրա ընկերների դիակները՝ հողին հանձնեց Գիլեգուզան գյուղում՝ Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում:

Հրայր Դժոխքի մասին այսպես է արտահայտվել դաշնակցական գործիչ Սիմոն Վրացյանը. ՙԱրմենակ Ղազարյան մեր այն գործիչներից է, որոնց կյանքն ու գործը արժանի է առանձին հատորով ներկայացվելու: Ժողովուրդին ծոցից ելած, ժողովուրդի մեջ սնված և իմաստավորված, իր ամբողջ կյանքը ժողովուրդին նվիրած հեղափոխական բացառիկ տիպարն էր Հրայրը, որ իր մեջ խտացրել էր Մամիկոնյան քաջությունը և Բագրատունյաց խոհունակությունը: Մարմնով վտիտ, բայց մտքով ու հոգիով մեծ Հրայրն իր անհատական ուրույն դրոշմը դրեց Տարոնի և ընդհանրապես Դաշնակցության գործի վրա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: