Հայերեն   English   Русский  

​«Ոսկե ծիրանն» աշխարհին է ներկայացնում հայ մշակույթը և միաժամանակ ստորադասում հայերենը


  
դիտումներ: 15264

Արդեն 15-րդ անգամ աշխարհի մշակութասեր հանրության ուշադրության կենտրոնում Հայաստանն է. մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Միջազգային կինոփառատոնն այս անգամ ստացել է շուրջ 600 հայտ աշխարհի 83 երկրներից: Զտվել, մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: Անկասկած, կինոսեր հանրության համար ընթացիկ շաբաթն անմոռանալի կլինի:

Եվ որքան հպարտություն է պատճառում Հայաստանում միջազգային կինոփառատոնի կայացումը, այնքան էլ հիասթափություն է առաջացնում կինոփառատոնի կազմակերպիչների անփույթ վերաբերմունքը սեփական լեզվի ու արժեքների հանդեպ:

Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է ցույց տանք աշխարհին, եթե այսպես շարունակ չենք հարգում և գնահատում մերը՝ մեր լեզուն, մեր մշակույթը:

Հայերենն անտեսելու մասին

Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Եվ բնական է, որ Հայաստանի տարածքում գործող թեկուզ և միջազգային փառատոնը պետք է հարգի տվյալ երկրի պետական լեզուն: Բայց արի ու տես, որ «Ոսկե ծիրանի» պարագայում ասվածն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Սկսենք լրագրողների հավատարմագրման կարգից: Օնլայն դիմում-հայտը, գրանցման թվային համակարգն ամբողջությամբ անգլերեն են: Բնական է, եթե հավատարմագրվում ես միջազգային կինոփառատոն լուսաբանելու համար, ենթադրվում է, որ ունես օտար լեզվի որոշակի գիտելիքներ: Սակայն դա չի արդարացնում հայերենը Հայաստանում ստորադասելու հանգամանքը:

Կինոփառատոնի կազմակերպիչները հպարտանում են, որ հայ մշակույթը աշխարհին են ներկայացնում: Սակայն, պարզվում է, հայերեն տառերը միջազգային լրագրողներին ներկայացնելու հարցում «քաշվում» են: Փաստորեն թե՛ հայ, թե՛ օտարերկրյա լրագրողները, որոնք լուսաբանում են կինոփառատոնը, ունեն միայն անգլալեզու վկայականներ: Անկասկած, դժվար չէր լինի վկայականի վրա մի քանի տող գրությունը՝ կինոփառատոնի անվանումը, լրագրողի անունը և լրատվամիջոցը, երկու լեզվով նշել՝ հայերեն և անգլերեն: Բայց ոչ, կազմակերպիչները բավարարվում են միայն լատինատառ վկայականներով:

Իսկ «Լեզվի մասին» օրենքի պահանջն առ այն, որ զանգվածային միջոցառումների ժամանակ պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթների զուգահեռ թարգմանություն, կատարվում է ձևականորեն: Անգլերեն հասկացողն անմիջապես կնկատի, որ օտարերկրյա հյուրերի խոսքը հայերեն է թարգմանվում ոչ ամբողջությամբ ու ոչ ճշգրիտ, երբեմն նույնիսկ սխալ (օրինակ` ցավակցությունը, որ կինոռեժիսորը մահացել է՝ չհասցնելով Հայաստան գալ և մասնակցել իր մեծարման երեկոյին, թարգմանվում է որպես ափսոսանք, որ կինոռեժիսորը չի կարողացել Հայաստան ժամանել):

Իհարկե, կազմակերպիչները կասեն, որ թարգմանիչները կամավորներ են, ուսանողներ, որոնք գործն իրականացնում են իրենց գիտելիքների սահմաններում: Սակայն դա արդարացում չէ: Կարելի է կամավորներին նախապես ծանոթացնել կոնտեքստին՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար:

Անփույթ աշխատաոճի մասին

Կինոփառատոնի տարիքը տարեցտարի աճում է, բայց դրան զուգահեռ աճում է նաև կինոփառատոնի աշխատակազմի անփութությունը: Օրինակ՝ լրագրողների ուղարկած նամակներն իբրև թե այդպես էլ չեն ստանում, անգամ՝ մի քանի անգամ վերաուղարկելուց հետո: Լրագրողներին ծանուցումներն ուղարկվում են անհասկանալի տրամաբանությամբ. մի միջոցառման մասին կարող են իրազեկել, զուգահեռ կամ հաջորդիվ ընթացող մեկ այլ նմանատիպ միջոցառման մասին՝ ոչ: Պատճառաբանությունը միշտ մեկն է՝ մեյլինգ լիստում, այն է՝ լրագրողների էլեկտրոնային հասցեների ցուցակում ընդգրկված չեք եղել: Թե ինչպես է ստացվում, որ մի օր ընդգրկված ես լինում, իսկ հաջորդ օրը՝ ոչ, հասկանալի չէ:

Էլ չասեմ, թե մամուլի կենտրոնն ինչպես է տարեցտարի բարդացնում լրագրողի աշխատանքը: Փոխանակ կազմակերպիչները շահագրգռված լինեն, որ իրենց միջոցառումը հնարավորինս շատ լուսաբանվի, ընդ որում՝ որակյալ, ճիշտ հակառակն են վարվում: Լրագրողներին հնարավորինս քիչ բովանդակային տեղեկություններ են մատուցում՝ շաբլոն ու սաղր լուսաբանում ստանալով: Օրինակ՝ ինչպե՞ս լրագրողը կարող է լուսաբանել կինոփառատոնը, հարցազրույցներ ունենալ և արժեքավոր հարցեր հղել մրցութային ֆիլմերի ռեժիսորներին, եթե չի դիտել այդ ֆիլմերը: Իսկ այս տարի լրագրողների համար ցուցադրությունները կազմակերպվել են աշխատանքային ժամերին: Մինչդեռ հայտնի է, որ մեր լրատվադաշտում խիստ մասնագիտացած լրագրողներ չկան, և այլ թեմաների լուսաբանմամբ զբաղված լրագրողները չեն կարող աշխատանքային ժամերին գնալ կինոդիտման:

Ավելին, հավատարմագրումը վաղուց ի վեր ձևական բնույթ է ստացել: Կինոփառատոնի հավատարմագրումը լրագրողին միայն և միայն ասուլիսներին մասնակցելու հնարավորություն է տալիս: Սակայն առանց հավատարմագրման վկայականի էլ հաջողությամբ կարող ես մասնակցել ասուլիսներին: Խնդիրը մյուս միջոցառումներն են, որոնք հրավիրատոմսով են: Թե՛ նախկինում, թե՛ ներկայում անհասկանալի սկզբունքներով հրավիրատոմսի արժանանում են «ընտրյալները»:

Այս տրամաբանությամբ՝ կինոփառատոնը կարող է այլևս լրագրողների հավատարմագրում չհայտարարել և սահմանափակվել իր ընտրությամբ և իր նախընտրած լրագրողներին միջոցառումների լուսաբանման հրավեր ուղարկելով: Բայց անգամ այսպես վարվելու դեպքում առաջարկում եմ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին փոքր-ինչ հարգանք դրսևորել հայերենի նկատմամբ ու այն չանտեսել Հայաստանում, որտեղ այն պետական ու պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի: Ի վերջո, եթե ինքդ քեզ անտեսում ես, քո ունեցածը ստորադասում ես, այդ կերպ է վարվում նաև օտարը: Իսկ այս պարագայում Հայաստանում Հայաստանն ու հայկականն անտեսող կինոփառատոնի անցկացումն ուղղակի ինքնանպատակ է դառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: