Հայերեն   English   Русский  

​Խնդիրներ Հայաստանի ըմբիշների համար նոր սկսված տարում


  
դիտումներ: 1884

2014 թվականն աննախադեպ էր Հայաստանի ըմբիշների համար: Ունեցել ենք աշխարհի երկու չեմպիոն:

Տարեվերջին մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով` Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում չորս ըմբիշ կար, մեր երկրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն էլ ճանաչվեց լավագույն թիմ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, կատարվածն անսպասելի չհամարելով, մասնավորապես ասաց.

- Նախկինում էլ տարիներ են եղել, երբ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դարձած ըմբիշները Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում տեղ չեն գտել: Այս անգամ լավագույնների տասնյակում չէ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մուսա Մուրթազալիևը: Այդուհանդերձ ուրախալի է, որ առաջին երկու տեղերում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: 4-րդ և 10-րդ հորիզոնականներում են ազատ ոճի ըմբիշներ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Հայաստանի ըմբիշները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում տիրացել են 29 մեդալի:Դրանցից 18-ը բաժին է հասնում հունահռոմեական ոճի, 11-ը` ազատ ոճի ըմբիշներին:Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում տիրացել են 1-ական ոսկե և արծաթե, ազատ ոճի ըմբիշները` 1 արծաթե, 2 բրոնզե մեդալի: Աշխարհի առաջնությում էլ հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 2 ոսկե պարգև:

- Այնուամենայնիվ, ազատ ոճի ըմբշամարտում որոշ տեղատվություն է նկատվում:

- Այո, լավի կողքին ունենք նաև վատը: Եթե պատանիների, երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում այդ մրցաձևի մեր երկրի ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել, ուրեմն մեծ խնդիր ունենք: Ինքնին հարց է առաջանում` ընտրության ի՞նչ հնարավորություն կարող է ունենալ Հայաստանի այդ մրցաձևի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը: Պատահական մարզիկները չեն կարող ազգային հավաքականում սերնդափոխություն ապահովել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում այդ հարցը լուծված է:

- Հնարավո՞ր է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը համալրեն դրսից հրավիրված մարզիկներ: Տեսադաշտում կա՞ն այդպիսիք:

- Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը կհամալրի 24-ամյա Լևան Բերիանիձեն: Նա 2010-ին դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր: Հուսով ենք, որ վրացի և արդեն Հայաստանի քաղաքացիություն ստացած մարզիկը կուժեղացնի մեր թիմը: Հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ կան: Այնպես որ` մեր թիմը ներուժ ունի, և պետք է փորձենք հիմնականում հույսեր կապել եղած մարզիկների հետ:

- 2015-ին ի՞նչ ծրագրեր ունեն Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները:

- 2015-ին Եվրոպայի առաջնություն չի կայանալու: Պատճառն այն է, որ Բաքվում անցկացվելու են Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Ստուգատեսի ծրագրում է նաև ըմբշամարտը: Ներկայումս քննարկվում է` Հայաստանը պատվիրակություն ուղարկելո՞ւ է սահմանակից երկիր, թե՞ ոչ: Հստակ դեռևս ոչինչ հայտնի չէ: Առայժմ ըմբշամարտի երկու մրցաձևերի հավաքականները նախապատրաստվում են նախատեսված ծրագրերով: Դեկտեմբերի վերջին Ծաղկաձորում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր երկրի ընտրանին: Հունվարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կկայանա հունվարի 23-25-ը «Հայաստան» մարզական միության Վանաձորի մարզապալատում: Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի թույլտվությամբ այդ ստուգատեսին չեն մասնակցի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Առաջնության ավարտից մեկ շաբաթ հետո՝ փետրվարի 4-18-ը, մեր երկրի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որից հետո` փետրվարի 18-19-ը, մերոնք կմասնակցեն Թեհրանում անցկացվելիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը: Այդ ստուգատեսում Հայաստանի ընտրանին 2009-ին` Ֆրանսիայում և 2010-ին՝ Երևանում դարձել է բրոնզե մեդալակիր: Ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի հավաքականը կմասնակցի ոչ մարտական կազմով: Պարզապես մեր երկրի հավաքականի 2-րդ և 3-րդ համարներին աշխարհի ուժեղագույն ըմբիշների հետ գոտեմարտեր անցկացնելու և մրցակցային փորձ ձեռք բերելու հնարավորություն կտրվի:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունից հետո ազատ ոճի ըմբիշները Երևանում կվիճարկեն մեր երկրի առաջնության պարգևները: Կձևավորվի ազգային հավաքականը, որը թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ նույնպես կնախապատրաստվի մրցաշրջանի փորձություններին: Տարվա գլխավոր ստուգատեսը սեպտեմբերին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Նորություն է այն, որ առաջին անգամ կազմակերպվելու է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Այդ նպատակով կկազմակերպվի նաև այդ տարքային խմբի Հայաստանի առաջնություն, որպեսզի ընտրվեն լավագույնները:

- Հետաքրքիր է` աշխարհի առաջնությունում ո՞ր տեղերը գրավողները օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք կբերեն:

- Դեռ պարզ չէ, սակայն 1-6-րդ ճանաչված ըմբիշներն այդ առաջադրանքը կատարած կարող են համարել: Առայժմ քննարկվում է նաև, թե 2016-ի Եվրոպայի առաջնությունում, օլիմպիական վարկանիշային մյուս միջազգային մրցաշարերում օլիմպիական քանի ուղեգիր է խաղարկվելու:

- Հայաստանի ըմբիշները մտադի՞ր են մասնակցել Բաքվում կայանալիք խաղերին: Նախ իր դիրքորոշումը պետք է ունենա Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

- Պետք է հստակեցվի, թե Հայաստանի ըմբիշների մասնակցության անհրաժեշտությունը որն է, ինչ է պահանջվում անել: Մի բան ակնհայտ է` չեն թողնելու մերոնց, որ գոտեմարտերը շահեն: Բաքվում 2007-ին մասնակցել ենք աշխարհի առաջնության, որը վարկանիշային էր 2008-ի օլիմպիական խաղերի համար, և գիտենք, թե ինչ է սպասում մեր ըմբիշներին: Մրցավարական կողմնակալ վերաբերմունք է եղել, տարբեր կարգի ճնշումներ են գործադրվել: Եթե մեր երկրի պետական այրերը որոշեն, որ Հայաստանը պետք է պատվիրակություն գործուղի Ադրբեջան, ըմբիշներն անպայման կմասնակցեն խաղերին:

- 2007-ին մեր երկրի երկու ներկայացուցիչ Բաքվում օլիմպիական խաղերի ուղեգրի է տիրացել, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևն էլ բրոնզե մեդալակիր է դարձել: Փորձը վկայում է, որ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված միջավայրում էլ հնարավոր է արդյունքի հասնել:

- Մերոնք ավելիին կարող էին հասնել:

- Բայց Բաքվում հիմնական սպասելիքը մեր ըմբիշներից է լինելու: Եթե մերոնք չմասնակցեն, նաև թույլ կազմով ներկայանան մրցավայր, հավանականությունը փոքր կլինի, որ մեդալներ կունենանք:

- Ինքս կողմ եմ, որ մասնակցելու դեպքում ուժեղ կազմով հավաքական մրցագորգ դուրս բերենք` միայն 1-ին համարի ըմբիշներին:

- Բայց մեկ նրբություն կա: Հնարավոր է, որ Բաքվում մրցումների մասնակցած մեր ըմբիշները «կոտրվեն», հոգեբանորեն ընկճվեն, մինչդեռ, հետո նրանք ավելի պատասխանատու ստուգատեսում` աշխարհի առաջնությունում պետք է հանդես գան: Իսկ վերականգնվելը, սթրեսային վիճակից դուրս գալն այդ մարզիկների համար այնքան էլ հեշտ չի լինի:

- Անկասկած այդպիսի վտանգ կա: Անկասկած, մերոնք հունիսին «կոտրվելու են», հետո էլ սեպտեմբերին հաջող հանդես գալ չի հաջողվելու, որովհետև հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում վերականգնվել, երկու անգամ լավագույն մարզավիճակով ներկայանալ մրցավայր: Նախկինում Եվրոպայի առաջնությունը միշտ կայացել է մարտին, սեպտեմբերին էլ անցկացվել է աշխարհի առաջնությունը: Այս անգամ այլ իրավիճակ է: Խնդիրներ ծագելու են, և չի կարելի ասել, որ մրցաշրջանը մեր ըմբիշների համար լավ է լինելու: Ստեղծված իրավիճակում դժվար է ասել, թե ինչ ելք կարելի է գտնել, ինչի վրա հիմնվել: Մեր հիմնական խնդիրն է օլիմպիական խաղերի հնարավորինս շատ ուղեգրեր նվաճել: 2012-ին Լոնդոնում կայացած ստուգատեսում Հայաստանից կային ազատ ոճի 2, հունահռոմեական ոճի 3 ըմբիշ: Նախատեսել ենք, որ 2016-ի օլիմպիական խաղերում 5-7 մասնակից ունենանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: