Հայերեն   English   Русский  

Նոր կարգեր, որոնք մեզ «կուղեկցեն» 2015 թվականին


  
դիտումներ: 1313

Կամաց-կամաց իր «իրավունքների» մեջ է մտնում 2015 թվականը: Այն շատ կարևոր է Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար: Եվ ոչ միայն այն պատճառով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչի կապակցությամբ բամաթիվ միջոցառումներ են անցկացվելու թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում:

Տարին կարևոր է նաև այն առումով, որ արդեն հունվարի 2-ից ուժի մեջ մտավ ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ բազմաթիվ ոլորտներում, հատկապես` մաքսային, բազմաթիվ հարցերում մեր երկրի քաղաքացիների համար գործելու են նոր օրենքներ ու կարգեր` նոր իրողություններ: Օրինակ` ԵՏՄ պայմանագրի անդամ երկրներում այսուհետ կապիտալը, ֆինանսները, ապրանքներն ու աշխատուժը կարող են ազատ տեղաշարժվել: Իհարկե, այնպես չէ, որ «շատ ազատ»: Օրինակ` 2015 թ. հունվարի 2-ից սկսած` ԵՏՄ անդամ պետություններում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում թույլատվության որևէ փաստաթուղթ, այդ թվում և պատենտ:

Իմ ծանոթներից խոպանչի Ֆրունզին, օրինակ, ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ ընդամենը գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում, որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:

Սրա ամբողջ հմայքն այն է, որ պայմանագրում նշված ժամանակահատվածում, ինչպես աշխատանքային միգրանտ Ֆրունզը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները կարող են գտնվել տվյալ երկրում և ցանկացած անգամ ու ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:

Բայց պարզվում է` խոպանչիները կարող են ազատ տեղաշարժվել ոչ միայն ԵՏՄ տարածքում: ԱՄՆ-ն ևս հունվարի 1-ից սկսում է վիզաների թողարկումը` ՀՀ-ի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն, որով տուրիստական ու գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա` մինչև 10 տարի վավերականության ժամկետով: ԱՄՆ քաղաքացիներն իրենց հերթին 2015 հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:

Մինչդեռ, օրինակ, Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ անդամակցությամբ պայմանավորված, կան որոշակի իրավական հետևանքներ, որոնք վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը: 2015 թ. հունվարի 2-ից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող և պահպանող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության երրորդ երկրների ռեեստրում: Այստեղ ևս պետք է զգույշ լինել, որպեսզի հանկարծ Հայաստանից Ռուսաստանի տարածքով դեպի, օրինակ, Բելառուսի տարածք արտահանվող ապրանքները չարժանանան այն նույն ճակատագրին, ինչ բելառուսական ապրանքներն արժանացան դեպի Ղազախստան ճանապարհին, քանի որ ռուսական կողմը հանկարծ որոշել էր, որ այդ տարանցումը հակասում է գործող կանոնակարգերին:

Իհարկե, Հայաստանի տնտեսության համար զգայուն 752 ապրանքատեսակների մասով Հայաստանը կարողացել է մաքսադրույքների արտոնություններ «կորզել», բայց դա չի նշանակում, թե «ճարպիկ» հայերը կարող են, օրինակ, ճապոնիայից օգտագործված մեքենաներ ներկրել Հայաստան արտոնյալ պայմաններով ու հետո այդ ավտոմեքենաներն ավելի շահեկան վաճառել ԵՏՄ անդամ այլ երկրների տարածքում:

Նոր կարգեր, որոնք ԵՏՄ-ի հետ կապ չունեն, բայց պակաս կարևոր չեն

Ինչևէ: 2015 թ. կսկսեն գործել նաև նոր օրենքներ, որոնք կապ չունեն ԵՏՄ-ի հետ, սակայն կարևոր են ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի տեսանկյունից: Օրինակ` հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը բարձրացել է 14 տոկոսով. բազային կենսաթոշակը 14-ից դարձել է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի համար վճարումներն առաջին տասը տարվա համար` 700-ից 800 դրամ, հետագա տարիների համար` 450-500 դրամ: Մյուս կենսաթոշակները կբարձրանան հուլիսի 1-ից: Սա ամենևին էլ չի նշանակում, թե մեր հարևան Ռաֆիկ պապիկի թոշակը կսկսի հերիքել առօրյա ծախսերի համար: Որովհետև, միայն դրամի արժեզրկմամբ պայմանավորված, թանկացել են նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները, այնպես որ Ռաֆիկ պապիկն ամենևին էլ հեշտ չի պրծնի:

Փաստորեն, իշխանությունների խոստումները գիտելիքահենք տնտեսության, գիտության աջակցության մասին, իզուր չէին, քանի որ այս տարի պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարները հունվարի 1-ից նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ գիտության դոկտորի համար նախկին 20 հազար դրամի փոխարեն, գիտության թեկնածուի համար` 25 հազար դրամ 10 հազար դրամի փոխարեն: Հավելավճարից կօգտվեն գիտության 700 դոկտոր և 2 հազար 200 թեկնածու: Տեսնես այդ գումարներով նրանք կսկսե՞ն գիտնականին վայել ապրել… 2015 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000 դրամ:

Մի շատ կարևոր ծրագիր է մեկնարկում հունվարի 1-ից. առանց կատակի: Խոսքը սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի մասին է, որի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում, կյանք փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով` առանց դրա գումարի համար հիվանդի հարազատներին «խեղդելու»:

Մեկ այլ կարևոր ծրագիր էլ կա: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանամերձ 32 համայնքների սոցիալական աջակցություն է հատկացվելու: Ըստ այդմ`«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաջարկվել է 2015 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ նշված համայնքներում բնական գազ և էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խմ բնական գազի քանակության և մինչև 1440 կվտ էլեկտրաէներգիայի վճարումը գանձել սակագնի 50 տոկոսի չափով: Գանձվող գնի տարբերությունը, իհարկե, կառավարությունը կփոխհատուցի: Կառավարությունը կփոխհատուցի նաև սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը:

Տեխնիկա-տեխնոլոգիական առաջընթացի առումով ևս «աչքալուսանք» ունենք: 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում գործող բջջային կապի 3 օպերատորներին կավելանա չորրորդը. շարժական հեռախոսակապի ծառայություններ կմատուցի նաև «Յուքոմը»: Հեռուստատեսային հեռարձակման առումով էլ 2015-ի հուլիսի 10-ից արդեն հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից ամբողջությամբ անցում կկատարվի թվային համակարգի:

Այս շարքը կարող է երկար շարունակվել, ինչը տեղի ու ժամանակի առումով չենք անի, բայց ավարտենք ամենակարևորով: Հենց այս տարի`փետրվար-մարտ ամիսներին, նախագահ Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը կհայտնի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: