Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում առևանգել են թուրք գործարարի և լրագրողի


  
դիտումներ: 797

Թուրքական հատուկ ծառայությունները Ուկրաինայում առևանգել և Թուրքիա են տեղափոխել այդ երկրի երկու քաղաքացիների, ովքեր կասկածվում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այս մասին գրում է «Страна.ua» կայքը:

Ուկրաինայում թուրքական սփյուռքի ներկայացուցիչը պատմել է, որ հուլիսի 12-ին Օդեսայում առևանգվել է գործարար Սալիհ Զեքի Յիղիթը: Նրան են մոտեցել երկու անծանոթներ, խոսել թուրքերեն, այնուհետև նրան նստեցրել են ավտոմեքենա և տարել թուրքական դեսպանատուն: Այնտեղից նրան ստիպողաբար գաղտնի տարել են Թուրքիա: Ներկայումս Սալիհ Զեքի Յիղիթը գտնվում է Թուրքիայի Մերսին քաղաքի քննչական մեկուսարանում: Վերջինիս ձերբակալման մասին տեղեկությունը տարածվել է նաև թուրքական ԶԼՄ-ներում:

Ուկրաինայում ձերբակալվել և Թուրքիա է տեղափոխվել նաև թուրք լրագրող Յուսուֆ Ինանը: «Страна.ua»-ի զրուցակիցը պատմել է, որ գործերով կարճ ժամանակով տնից դուրս գալուց հետո լրագրողը հատուկ ծառայությունների կողմից առևանգվել է: Հուլիսի 15-ին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ինանը «ստեղծել է մի շարք ինտերնետային կայքեր, ինչպես նաև սոցիալական ցանցերի էջեր, որոնց միջոցով փորձել է Թուրքիայում մանիպուլացիայի ենթարկել հասարակական կարծիքը»: Բացի այն, նա, իբրև թե, ապատեղեկատվություն է տարածել թուրք քաղաքական գործիչների մասին՝ փորձելով հանրության աչքերում նրանց վարկաբեկել:

Ըստ տեղեկության՝ Ուկրաինայում թուրքական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիայի երկու քաղաքացիներին ձերբակալելու գործողություններն անցկացվել են առանց ուկրաինական իշխանությունների պաշտոնական համաձայնության: Առևանգվածների ընկերները պատմել են, որ Թուրքիա նրանց արտահանձնման մասին դատական որոշումներ չեն եղել:

Կիևում բնակվող թուրք լրագրող և քաղաքական փախստական Յունիս Էրդօղլուն հայտնել է, որ թուրքական իշխանություները կազմել են Ուկրաինայում գտնվող մարդկան ցուցակ, որոնց անհրաժեշտ է առևանգել: «Ներկայումս թուրքական իշխանությունները կազմել են Թուրքիայի քաղաքացի քաղաքական փախստական ութ անձանցից բաղկացած ցուցակ, ովքեր դեմ են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այդ ցուցակը հնչեցվել է իշխանությունների կողմից: Պատրաստվում են բոլորին առևանգել Ուկրաինայից, ուր վերջիններս տեղափոխվել են՝ թաքնվելով Էրդողանի ռեժիմից: Այսինքն՝ նախատսվում է Ուկրաինայում բնակվող ընդդիմադիրների ամբողջական մաքրում»,- ասել է Էրդօղլուն:

Թուրք գործարար Սալիհ Զեքի Յիղիթն ու լրագրող Յուսուֆ Ինանը մեղադրվում է իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» կազմակերպության հետ համագործակցելու համար:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում առևանգվել և Թուրքիան է տեղափոխվել նաև Իսա Օզդեմիրը, ով հետախուզվել է որպես Գյուլենի կողմնակից: Սա Ադրբեջանում դատարանի կողմից ազատ արձակվելուց անմիջապես հետո անհատացած և թուրքական բանտում հայտնված Թուրքիայի առաջին քաղաքացին չէ: Այսպես՝ երկու ամիս առաջ Բաքվում Թուրքիայի քաղաքացիներ Այհան Սաֆարօղլուն և Էրդողան Թայլանը դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո նույն օրը դատարանի շենքի առջև «առևանգվել են»: Հետագայում պարզվել է, որ նրանք գտնվում են Թուրքիայի բանտերից մեկում՝ մեղադրվելով ահաբեկչության և իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Անցյալ տարի գրեթե նույն սխեմայով Թուրքիային են հանձնվել թուրք քաղաքացիներ Մուազ Մուհարրեմ Մենեկշեն, Թաջի Ծենթուրքը և Ֆարուք Յըլդըզը:

2016 թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Հիմնական բախումները գրանցվել են մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում: Մահացել են ավելի քան 240 թուրք քաղաքացիներ, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է: Հեղաշրջման փորձը ճնշվել է:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 140 հազար քաղծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրել են Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» կազմակերպությանը: Միացյալ Նահանգներում բնակվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջումը և մերժել մեղադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: