Հայերեն   English   Русский  

Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը


  
դիտումներ: 993

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ 2018 թ. լիզինգի տոկոսա¬դրույք-ների սուբսիդա¬վորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ: Արդյունքում, մասնավորապես, նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար, կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը, կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: