Հայերեն   English   Русский  

​Հայ գիտնականները մասնակցել են բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման աղբյուրի բացահայտման աշխատանքներին


  
դիտումներ: 6675

Գիտնականների միջազգային խումբը աշխարհում առաջին անգամ հայտնաբերել է բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուր, որը ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկիայի ամենաարդիական և կարևոր խնդիրներից մեկն է։

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Science ամսագրում:

Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության գիտնակաները: Նրանք նաև համագործակցելով Մյունխենի տեխնիկական համալսարանի խմբի (Էլիզա Ռեսկոնիի գլխավորոթյամբ), Եվրոպական Հարավային Աստղադիտարանից՝ Պաուլու Պադովանիի և Իտալիայի տիեզերական գործակալությունից՝ Պաուլո Ջիոմիի հետ, ստացել են կարևոր արդյունք, որ Հարավային բևեռում տեղակայված IceCube դիտակով գրանցված նեյտրինոները միանշանակորեն առաջանում են մեր մոլորակից չորս միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող տիեզերական աղբյուրից` բլազարից։ Նեյտրինոները լույսի արագությամբ շարժող մասնիկներ են, որոնք կարող են առանց կլանման տարածվել միլիարդավոր լուսային տարիների հեռավորություններ, և նրանց այս առանձնահատկությունը թույլ է տալիս ուսումնասիրել տիեզերքի ամենահեռավոր աղբյուրները։

IceCube նեյտրինոների դիտակի և տարբեր էներգետիկ տիրույթներում գործող մի շարք այլ դիտակների (օրինակ MAGIC միջազգային համագործակցությունը, որի լիիրավ անդամ է նաև ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը՝ սկսած 2018թ.) ուսումնասիրությունների արդյունքում առաջին անգամ հնարավոր եղավ միաժամանակյա գրանցել նեյտրինոներ և ֆոտոններ միևնույն աղբյուրից:

Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանը, - «2017թ. սեպտեմբերի 22-ին նեյտրինոների գրանցումից հետո, մեր գործընկերների հետ համատեղ սկսեցինք մանրամասն ուսումնասիրել գրանցված ազդանշանի ուղղությունը մոտ 1.33 աստիճան շառավղով երկնային տիրույթը։ Համադրելով տարբեր ալիքային դիապազոնների դիտակների օգնությամբ գրանցված տվյալները՝ կարողացանք բացառել հնարավոր բոլոր այլ աղբյուրների ազդեցությունը և միանշանակ պնդել, որ TXS 0506+056 աղբյուրը հանդիսանում է գրանցված նեյտրինոների ճառագայթման աղբյուր»:

Նեյտրինոների գրանցման և նրանց ծագման աղբյուրների բացահայտման շնորհիվ կարելի է համարել, որ սկիզբ դրվեց նոր ուղղության՝ «բազմասուրհանդակային» աստղաֆիզիկային, երբ միևնույն աղբյուրում տեղի ունեցող պրոցեսներն ուսումնասիրվում են՝ գրանցելով ֆոտոններ և նեյտրինոներ։

ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ-ի կազմում 2016 թ-ին: Կենտրոնի գործունեության հիմնական առարկան ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, աստղամասնիկային ֆիզիկայի, ռենտգենյան աստղաֆիզիկայի, բարձր և գերբարձր էներգիաների գամմա-աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների նեյտրինո-աստղաֆիզիկայի բնագավառներում տեսական և հաշվողական հետազոտությունների իրականացումնէ:

19.07.2018

ՀՀԳԱԱՏեղեկատվական-վերլուծականծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: