Հայերեն   English   Русский  

ԱԺ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանն ու նախարարներն այցելել են թիվ 92 ներառական մանկապարտեզ


  
դիտումներ: 4162

Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ:

Օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների եւ մասնագետների հետ:

Հայաստանում առաջին անգամ ներառական կրթության նոր մոդելով մանկապարտեզն իր դռներն է բացել հաշմանդամություն եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար 2015 թվականին: Մանկապարտեզի վերակառուցումն ու հարմարեցումը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար իրականացվել է պետության, Երեւանի քաղաքապետարանի եւ բարեգործական հիմնադրամների համատեղ ջանքերով: Այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների առողջապահական, սոցիալական եւ կրթական կարիքների բավարարման համար:

Մանկապարտեզն ընդունել է թվով 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով: Մանկապարտեզ ընդունվելուց առաջ մինչեւ 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները թիվ 9 մանկական պոլիկլինիկայում առողջապահության նախարարության ծրագրի շրջանակներում անցնում են զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման եւ միջամտության փուլեր: Արդեն 3 տարեկան այն երեխաները, որոնք բժշկի եւ մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող 6 խմբեր: Այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել` հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները եւ խանգարումների ծանրությունը, հաճախում են մանկապարտեզում գործող նախապատրաստական խմբեր, որոնց հետ աշխատում են հատուկ մանկավարժները, նրանց օգնականները եւ բազմամասնագիտական թիմը: Այդ ընթացքում երեխաները շարունակում են ստանալ անհրաժեշտ ծառայությունները, ապրում են մանկապարտեզային ռեժիմով եւ իրենց հասակակիցների հետ միասին մասնակցում ֆիզկուլտուրայի, երգեցողության, բակային պարապմունքներին:

Արա Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակն է ծանոթացնել բազմաֆունկցիոնալ մանկապարտեզի մոդելին: Նրա խոսքով` մանկապարտեզի օրինակը փաստում է, որ հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ միջամտության մասով լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն` համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ: Մյուս կողմից էլ, օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ մոդելը ընտանիքակենտրոն է, քանի որ այդ պարագայում զարգացման խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են մնալ ու ապրել իրենց ընտանիքներում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարեւորելով թիվ 92 մանկապարտեզի գործունեությունը, նշել է, որ այն Երեւանում նախադպրոցական ներառական կրթության մոդել է, որը դրական ազդեցություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ապագայի, կյանքի հմտությունների զարգացման առումով: Ըստ նախարարի` պետք է փորձ արվի այդ մոդելը կիրառել նաեւ դպրոցներում: Նա նշել է, որ նմանօրինակ մանկապարտեզի ներդրման հարցով քննարկումներ կկազմակերպեն Կրթության ու գիտության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ:

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձել է ներառական կրթության համակարգում առկա խնդիրներին` նշելով, որ իր համար առաջնայինը ոլորտին ծանոթանալն ու խնդիրները վեր հանելն է: Այս հարցում նախարարը կարեւորել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի, Կրթության ու գիտության եւ Առողջապահության նախարարությունների միջեւ գերատեսչական ընդհանուր օրակարգի մշակումը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կարեւորել է մասնագետների աշխատանքը հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Նա բարձր է գնահատել Արա Բաբլոյանի հետեւողական աշխատանքը ոլորտի խնդիրները վեր հանելու ու լուծումներ առաջարկելու հարցում:

Մանկապարտեզի անձնակազմի հետ զրույցում Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել՝ կարեւորելով վերջիններիս պատասխանատու աշխատանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: