Հայերեն   English   Русский  

​Թրամփի «խայտառակությունը» և Պուտինի «հաղթանակը»․ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպման արձագանքները


  
դիտումներ: 2005

Թրամփի և Պուտինի պատմական հանդիպումից ի վեր կրքերը չեն հանդարտվում։ Եթե ռուսական ԶԼՄ-ները ազդարարում են հաջող հանդիպման մասին՝ ապագայի համար դրական ակնկալիքներ ունենալով, ինչպես, օրինակ՝ քայլեր երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում, ապա արևմտյան ԶԼՄ-ները հանդիպումը որպես «խայտառակություն» են գնահատում, իսկ Թրամփին՝ «դավաճան»։

Ինչ է իրականում տեղի ունեցել

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի նախագահի նստավայրում։ Որպես հանդիպման վայր ընտրվել է Ֆինլանդիան, քանի որ երկու կողմերն էլ այն դիտարկում են որպես չեզոք երկիր։ Պուտինի և Թրամփի առանձնազրույցը և ընդլայնված կազմով հանդիպումները տևել են շուրջ 4 ժամ։ Հանդիպումից հետո երկու նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել, երկու երկրների միջև հարաբերություններում առկա որևէ խնդրահարույց թեմայի լուծման համաձայնության մասին հայտարարություն չեն արել, այդուհանդերձ` համատեղ մամուլի ասուլիսը հետաքրքիր երանգներ է ունեցել։

Ռուսական կողմին լավատեսության առիթ է տվել Թրամփի հայտարարությունն առ այն, որ անհրաժեշտ է համարում երկու երկրների հարաբերությունների բարելավումը: Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տիրապետում են աշխարհում առկա միջուկային զենքի պաշարների 90 տոկոսին, և այդ պայմաններում նրանց հակամարտությունը խելամիտ չէ։

Իսկ արևմտյան երկրներում և հատկապես ԱՄՆ-ում դժգոհությունների առիթ է դարձել Թրամփի երկու շեշտադրում:ԱՄՆ նախագահը ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման համար հավասարապես մեղավոր է համարել թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Իսկ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու թեմային անդրադառնալով՝ ասել է, թե հավատում է իր երկրի հատուկ ծառայություններին, բայց Պուտինն իրեն համոզիչ կերպով վստահեցրել է, որ Ռուսաստանը նման բան չի արել։

Հատկապես վերջին հայտարարությունն այնքան բուռն արձագանք է առաջացրել, որ հանդիպումից օրեր անց Թրամփը ստիպված է եղել ԶԼՄ-ներին պարզաբանել, որ ասուլիսի ժամանակ պարզապես լեզվական սայթաքում է ունեցել՝ իր կամքին հակառակ ժխտելով Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու փորձին։

Ինչևէ, երկու երկրների էքսցենտրիկ նախագահները հայտարարել են, որ երկարատև հանդիպման ընթացքում հասցրել են անդրադառնալ վիճելի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերին՝ չմանրամասնելով, թե որ հարցում ինչ համաձայնության են հասել։ Հայտարարություններից, սակայն, հասկանալի է դարձել, որ երկու կողմն էլ միտված են հետագայում շարունակելու հանդիպումները՝ բանակցությունների միջոցով վիճելի հարցերի շուրջ համաձայնության հասնելու նպատակով։

ԱՄՆ քաղաքացիները չեն պաշտպանում իրենց նախագահի դիրքորոշումը Ռուսաստանի հարցում

Նախագահների հանդիպումից հետո Ipsos ընկերությունը հարցում է իրականացրել ԱՄՆ քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին է նրանց դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ։ Պարզվել է, որ հարցվածների 55 տոկոսը համամիտ չէ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու մոտեցմանը։ Մինչդեռ 37 տոկոսը կողմ է։ Ավելին, հարցվածների 38 տոկոսը Ռուսաստանին համարել է ԱՄՆ-ի թշնամի, և մոտավորապես նույնքան մարդ էլ Ռուսաստանին դիտարկում է որպես մրցակից երկիր։

Թրամփի մեկնաբանությունը

Արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել մեկնաբանել Պուտինի հետ հանդիպման ժամանակ ցուցաբերած դիրքորոշումը։

Թրամփը հիշեցրել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Ռուսաստանը եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը, ոչ թե թշնամին։ «Ես Ռուսաստանի կամ որևէ մեկի կողմնակիցը չեմ։ Ես պարզապես ուզում եմ, որ մեր երկիրն ապահով լինի։ Ես չեմ ուզում, որ մարդիկ մտածեն միջուկային զենքի մասին։ Գիտեք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին վերահսկում են աշխարհում միջուկային զենքի պաշարների 90 տոկոսը։ Եվ ոչ միայն այս պատճառով է, որ Ռուսաստանի հետ լեզու գտնելը լավ բան է, ոչ թե վատ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Թրամփը Ռուսաստանը դիտարկում է որպես ԱՄՆ-ի հակառակորդ, նա պատասխանել է․ «Ռազմական տեսանկյունից նրանք ուժեղ են, սակայն նրանց տնտեսությունը, ինչպես գիտեք, զգալիորեն փոքր է Չինաստանի տնտեսությունից։ Ուստի ես չէի օգտագործի «հակառակորդ» բառը։ Մենք բոլորս կարող ենք գործել միասին ու հաջողել։ Բոլորը կարող են հաջողության հասնել, մենք կարող ենք ապրել խաղաղությամբ»,- ասել է Թրամփը։

Չնայած Թրամփի այս հայտարարությանը՝ վերլուծաբանները նշում են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջիկայում դժվար թե դրական փոփոխություններ տեղի ունենան, երկրի արտաքին քաղաքականությունում որոշիչ դեր ունեցող պաշտոնյաները համամիտ չեն Թրամփի տեսակետին։

Միջազգային մամուլի արձագանքը

Ինչպես և կռահելի է, հատկապես արևմտյան ԶԼՄ-ները խիստ քննադատություն են հնչեցրել Թրամփի հասցեին։ Ստորև կներկայացնենք դրվագներ համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի ԶԼՄ-ների հրապարակումներից։

Ամերկյան NBC հեռուստաալիք

«Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփի անսպասելի ելույթն ազգային խայտառակություն էր։ Եվ դա վտանգ է գուժում ողջ աշխարհի համար։ Սակայն միայն Պուտինի առջև Թրամփի խայտառակ կապիտուլյացիան չէ, որ անհանգստացնում է։ Համաժողովը պետք է դիտարկել առավել լայն տեսանկյունից։ Այն, որ Թրամփը չցանկացավ ճնշել Պուտինին ընտրություններում ունեցած միջամտության կապակցությամբ, դավաճանություն է ամերիկյան դեմոկրատիայի նկատմամբ։ Բայց դա գոնե կարելի է բացատրել Թրամփի քաղաքական շահերով։ Սակայն այն, որ լռեց Ռուսաստանի՝ մեր եվրոպական գործընկերների նկատմամբ իրականացրած ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականության մասին` առավել վտանգավոր է։ Այն, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ, ոչ ճիշտ ուղղությամբ քայլեր են վատ իրազեկված և վարկաբեկված նախագահի կողմից, որոնք պոտենցիալ սկիզբ են դնում համաշխարհային նոր ժամանակաշրջանի և համաշխարհային կարգերի փոփոխության»։

Bloomberg

«Թրամփը ասուլիսի ժամանակ, լավագույն դեպքում, իր հռետորաբանության գերին դարձավ, իսկ վատագույն դեպքում` նպաստեց առավել ընդգրկուն դավադրության մասին խոսակցությունների տարածմանը, որը ռուս նախագահի սրտով էր։ Պուտինը վաղուց էր ձգտում վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը համաշխարհային թատերաբեմում և խարխլել արևմտյան քաղաքական ինստիտուտների հանդեպ վստահությունը։ Եվ ընդամենը մեկ մամուլի ասուլիսով ԱՄՆ-ի նախագահը նրան գործելու բազմաթիվ հնարավորություններ տվեց»։

The Washington Post

«Այս հանդիպումն անցավ ճիշտ այնպես, ինչ մտավախություն ունեին, որ կանցներ այդ հանդիպման հակառակորդները։ Թրամփը, կանգնելով Պուտինի կողքին, ոչ միայն ընդունեց 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի գործողությունների դերը, այլև կամովին պաշտպանեց Պուտինին։ Ավելին, նաև մեկ անգամ չէ, որ մեղադրեց երկու կողմերին, որ նրանց հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Երկու նախագահներն էլ տարված են գերակայության գաղափարով և դա ցուցադրելու ցանկությամբ։ Բայց երկուշաբթի Թրամփը պարզապես վերացավ՝ Պուտինի կողքին կանգնելով, մինչդեռ նա պահպանում էր դեմքի քար արտահայտությունը»։

Գերմանական Hannoversche Allgemeine Zeitung

«Միշտ ավելի լավ է, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց հետ են խոսում, ոչ թե միմյանց մասին։ Այնպես որ` արդեն իսկ լավ լուր է այն, որ Հելսինկիում համաժողովը կայացել է։ …Սակայն այս հանդիպումը, որքան էլ արդյունավետ թվա, չի բացառում հետագա ճգնաժամերը»։

Իսպանական El Pais

«Նախագահ Դոնալդ Թրամփը չհամարձակվեց հակաճառել իր զրուցակցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինին։ Նա անգամ ավելի շատ վստահեց իր գործընկերոջը, քան սեփական անվտանգության ծառայություններին»։

Իտալական La Repubblica

«Պուտինը հաղթանակած դուրս եկավ. այսպիսին է ընդհանուր եզրակացությունը։ ԱՄՆ նախագահը տուն է տանում ընդամենը ֆուտբոլի գնդակ աշխարհի առաջնությունից, որը նրան նվիրել է Պուտինը: Իսկ Ռուսաստանի նախագահի համար հանդիպման արդյունքը հաղթական է։ Թրամփն իր հայտարարությամբ ընդունեց Պուտինի վարկածն առ այն, որ երկու երկրների հարաբերությունների վատացման գործում մեղավոր են Օբաման և Քլինթոնը՝ դեմոկրատների ատելի զույգը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: