Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին


  
դիտումներ: 352

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սեվերինոյի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել գործընկերոջ կենսագրությունն ու մասնագիտական ձեռքբերումները՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ոլորտում:

Պաոլա Սեվերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ նոր Կառավարությունը կհաջողի, քանի որ ունի հանրության, երիտասարդության աջակցությունը: Այդ համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի հաջողության գրավականն է համարել Կառավարության ծրագրում ներառված մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որն օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։

Հանդիպման ընթացքում Պաոլա Սեվերինոն ներկայացրել է Իտալիայի հակակոռուպցիոն ոլորտի փորձը, անցած ճանապարհը, այդ ճանապարհին ի հայտ եկած խնդիրներն ու ընդգծել, որ պայքարում դրական արդյունք արձանագրելու կարևոր երաշխիքներից է կայացած, անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգի առկայությունը:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի տեսլականին, ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, ԵԱՀԿ-ի և Իտալիայի կողմից այդ աշխատանքներին աջակցելու հնարավորություններին և այլ հարցերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: