Հայերեն   English   Русский  

​Կյանքը` ճնշման ներքո


  
դիտումներ: 1200

Ի՞նչ գիտենք արյան բարձր ու ցածր ճնշման մասին: Ասում են՝ բժշկությունը բարձր ճնշումը չի բուժում: Հիպերտոնիան մարդու օրգանիզմի` սուր իրավիճակներին արձագանքելու միջոցն է, վերաբերմունքը, պատասխանը ճնշման դեմ: Ու այդ միջոցը փոփոխելու շնորհիվ կարելի է նաև բարձր ճնշումից ազատվել:

Արյան ճնշան բարձրանալու մեխանիզմը հետևյալն է: Եթե ինչ-որ իրավիճակ հիպոթալամուսը գնահատում է իբրև սթրեսային, ապա մակերիկամները ուժգին ռեժիմով սկսում են սթրեսի հորմոններ արտանետել արյուն (ադրենալին ու կորտիզոլ): Սիրտը սկսում է արագ աշխատել ու մեծ քանակությամբ արյուն մղել մեծ ճնշման ազդեցությամբ, իսկ անոթների թողունակությունը փոքր է այդօրինակ հոսքի համար: Եվ դա տրամաբանորեն հանգեցնում է կրիզի, երբեմն նման դեպքերում դժվարությամբ է հաջողվում ճնշումը դեղորայքով իջեցնել:

Հիպերտոնիան կամ արյան բարձր ճնշումը հիվանդություն չէ, այլ բնավորություն: Ի՞նչն է ուժգին սթրեսից հետո ճնշման տատանումներ ունեցող մարդկանց առանձնացնում: Այդ մարդիկ ուժեղ են, համենայն դեպս, նրանք այդպես են մտածում իրենց մասին: Նրանք ծրագիր ունեն. «Ես ուժեղ եմ ու ինքս ամեն ինչ կկարգավորեմ, ես հեշտ հանձնվողներից չեմ: Մեզ խփում են, իսկ մենք դրանից ավելի ենք կոփվում»:

Ու հետն էլ հետաքրքիր է, որ իրեն ուժեղ համարողը չի կարողանում վիրավորանք հասցնողին պատասխանել ինչպես պետք է: Նա չի կարողանում իր ագրեսիան արտահայտել, բաց թողնել. դաստիարակությունը թույլ չի տալիս կամ էլ պարզապես վախկոտ է: Ճգնաժամային իրավիճակն այդ մարդու հավասարակշռության ողջ համակարգն է շարքից հանում: Սթրեսը ճնշում է մարմինը, բարձրանում է արյան ճնշումը, սակայն համակարգերը փորձում են հավասարակշռություն պահպանել: Ու այդժամ մարտի դաշտը տեղափոխվում է մարմնի դաշտ ու ագրեսիան տարածվում է ներսում` արյան պես անոթների վրա է գրոհում, ինչը կարող է ավարտվել կաթվածով կամ ինֆարկտով:

Ուրեմն, ո՞վ է հիպերտոնիկը. այն մարդը, որ չի կարողանում զգացմունքային հակահարված հասցնել իրեն վիրավորողին (մարդուն կամ իրավիճակին) ու շատ բուռն ապրումներ է ունենում իր ներսում: Իրականում դա նրա ընտրությունն է` արտաքին ճնշման դեմ պայքար ներսում:

Բայց կա նաև հիպոտոնիա (արյան ցածր ճնշում). այս դեպքում այլ պատկեր է, հակառակ իրավիճակ: Հիպոտոնիկը ի սկզբանե չի հավակնում ուժեղի կոչման, նրա էներգիան քիչ է, հաճախ նա թույլ կենսաուժով, եղանակային կախվածություն ունեցող, զգայուն, հաճախակի գլխապտույտներ ունեցող մեկն է: Ու քանի որ սրտի անբավարարություն ունի, արյունը քիչ է ու թույլ է մղվում, դրանից ոտքերն ու ձեռքերը սառն են: Ի՞նչ է հիշեցնում այդ վիճակը: Արյունը բջիջների կենսական էներգիան է ու սնունդը: Ու մարդը, որի մոտ նման վիճակ է առաջացել, նշանակում է, որ նա հարմարվել է իր հետ կատարվող իրադարձություններին: Նրա համար միևնույն է ամեն ինչ, կարծես, ուժերը քիչ են ապրելու համար…

Ինչ է ստացվում: Հիպոտոնիկն այն մարդն է, որի համար կյանքը կորցրել է գույները, ու նա բացառում է իր մարմնում կոնֆլիկտի առկայությունը.«Ինձ համար միևնույն է, թե ինչ է կատարվում»: Այդպես է նա արձագանքում սթրեսին՝ հորիզոնական դիրքով:

Ի՞նչ կարելի է անել, եթե մարդու ճնշումը խաթարված է տևական ժամանակ ու նա այդպես է արձագանքում սթրեսին: Միանգամայն ճիշտ է` պետք է փոխել վերաբերմունքը աշխարհի հանդեպ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: