Հայերեն   English   Русский  

​Իբր անբուժելի շաքարային դիաբետի մասին


  
դիտումներ: 4979

Մի անգամ ռուս ականավոր թերապևտ Սերգեյ Բոտկինին դիմեց մի հարուստ վաճառական, որը տառապում էր շաքարային դիաբետից, գիրությունից ու արյան բարձր ճնշումից: Նա մեծ գումարներ առաջարկեց հայտնի պրոֆեսորին` իր բուժումը հանձն առնելու համար, սակայն Բոտկինը պատասխանեց, որ բուժում կսկսի միայն մի պայմանով, եթե վաճառականը ոտաբոբիկ, միայն հացով, թափառականի նման, առանց գումարի, ոտքով ճանապարհվի դեպի Օդեսա: Այնտեղ էլ նա կսկսի հիվանդի բուժումը: Բայց եթե պայմանը խախտվի, ապա բժիշկը կհրաժարվի բուժումից:

Վաճառականն ապշած էր լսածից: Բայց քանի որ ոչ մի այլ ելք չուներ (նրա հիվանդությունները համարվում էին անբուժելի), նրան այլ բան չէր մնում, քան համաձայնել ու ճանապարհ ընկնել: Դեպի Օդեսա ճանապարհին նա ողորմություն էր խնդրում, գիշերակացի մնում գյուղակներում, ուտում այն, ինչ Աստված էր ուղարկում: Այդպես նա անցավ 2000 կմ ու, ի վերջո, հասավ իր նպատակակետ` հույսով, որ հայտնի դոկտորն իրեն վերջապես կբուժի: Բոտկինը նրան զննեց ու հարցրեց՝ ինչի համար է նա եկել, եթե բացարձակ առողջ է: Վաճառականը զարմացավ: Բայց փաստն այն էր, որ նա արդեն գեր չէր, ո՛չ դիաբետի, ո՛չ էլ հիպերտոնիկ հիվանդության հետքեր էլ չկային:

Այուրվեդայի ` Աշտանգա-Հրիդայա-Սամհիթայի (մ.թ. 500-600 թ.) առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը, օրգանիզմի մաքրմանը, երիտասարդության պահպանմանն ու ծերության հետաձգմանը նվիրված հնագույն տեքստում ասվում է` եթե շաքարային դիաբետի բուժման բոլոր միջոցները սպառվել են, ուրեմն պետք է 3000 կմ կովերի նախրի հետ անցնել՝ սնվելով միայն կաթնամթերքով, մեզով ու թրիքով:

Հայտնի չէ՝ Բոտկինը տեղյակ էր այս մեթոդին, թե ոչ, բայց փաստն այն է, որ անհույս վաճառականն ինքն իրեն բուժեց` ապավինելով բժշկի խորհրդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: