Հայերեն   English   Русский  

​Կարեն Ասմարյան. «Երևանում ականատես կլինենք վոլեյբոլի բարձրակարգ մրցաշարի»


  
դիտումներ: 3025

Հուլիսի 4-7-ը կայացավ լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 22 տղամարդկանց և 16 կանանց զույգեր: Առաջնությունից հետո թիմերին տրվեցին վարկանիշային միավորներ, ըստ որոնց՝ եկող տարի նրանք պայքարին կմասնակցեն առանց որակավորման փուլում հանդես գալու: «Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր մարզիկների միջազգային ելույթների և առաջիկա մրցաշարերի ու աշխատանքների մասին:

- Առաջնությունը հետաքրքիր և դիտարժան ստացվեց: Ընդհանուր առմամբ թիմերը լավ էին պատրաստվել, սակայն, պետք է նաև նշել, որ կային թիմեր, որոնք պատահական էին մասնակցում այս առաջնությանը` խաղի կանոններին անգամ ծանոթ չլինելով: Նրանք մասնակցության հայտ էին ներկայացրել, որը ֆեդերացիան չէր կարող մերժել` աշխատանքը պատշաճ կատարելով: Հաջորդ տարի արդեն թիմերը վարկանիշներ կունենան ըստ այս տարվա արդյունքների, և ավելի հստակ կլինի ամեն ինչ: Արդարության համար նշեմ, որ թիմերին խանգարում է նաև այն, որ նախապատրաստվում են ոչ թե ավազե ծածկ ունեցող դաշտերում, ինչպես որ հարկն է, այլ մարզադահլիճներում:

Հիմնական պայքարը 2-3 թիմերի միջև ընթացավ: Առաջատարներ էին ՀՎՖ-ի երիտասարդական հավաքականը, ճարտարապետաշինարարական համալսարանի թիմը: Առաջնությունը բաց էր, Վրաստանից մասնակից թիմ ունեինք, որը 3-րդ տեղը գրավեց: Քանի որ առաջիկայում մասնակցելու էինք համաշխարհային ուսանողական խաղերին, հարկավոր էր ավելի շատ որակյալ թիմեր ընդգրկել: Ուրախալի է, որ հովանավորներ ունենք, որոնց հետ աշխատում ենք: Անցյալ տարվա համեմատ՝ հանդիսատեսի թիվն էլ է ավելացել, խաղերը ցուցադրվում էին առցանց: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում խաղամակարդակն ավելի բարձր կլինի:

- Պարո՛ն Ասմարյան, տղամարդկանց պայքարը միշտ ավելի գրավիչ է, քան աղջիկներինը: Այս անգամ աղջիկներն իրենց ինչպե՞ս դրսևորեցին:

- Խնդիրը իհարկե կա, սակայն առաջնության ընթացքում եղան հետաքրքիր հանդիպումներ ու անակնկալ ելքեր: Բոլորը կարծում էին, որ ԽՄՕՄՄ-ն հանդես կգա եզրափակչում, սակայն այդպես չստացվեց: «Նժդեհը» պայքարեց, կարողացավ հաղթել ֆավորիտին ու դուրս գալ եզրափակիչ: Առաջին տեղը զբաղեցրեց Սիսիանի փորձառու թիմը, որը Հայաստանի բազմակի չեմպիոն է: Առաջնությունը լավն էր, հագեցած էր, իսկապես ստացվեց, պարզապես ցանկալի է, որ հատկապես մեդիա դաշտում այդ ամենը ակտիվ լուսաբանվի:

- Մեծահասակներից անմիջապես հետո պայքարի մեջ մտան պատանիները: Նրանք հետագայում պետք է համալրեն հավաքականի կազմը: Նրանց մասնակցության արդյունքներն ինչպե՞ս կգնահատեք:

- Ամբողջ աշխարհում հստակ սահմանազատում կա լողափնյա և դասական վոլեյբոլիստների միջև: Մեզ պես երկրներում երեխաներն ըստ ժամանակաշրջանի են խաղում, և այս առումով փոքր-ինչ խառնաշփոթ է առաջանում: Պատանեկան առաջնությանը թույլ տվեցինք, որ տղաների 18 և աղջիկների 15 թիմեր մասնակցեն: Թույլ տվեցինք, որ շատ թիմեր մասնակցեն, փորձ ձեռք բերեն և լողափնյա վոլեյբոլի մասին պատկերացում ունենան: Տղաների պայքարում հաղթեց «Արաբկիր 2» թիմը, որը շուտով Խարկովում կմասնակցի Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 18 տարեկանների առաջնությանը: Զույգը` Սամվել Ղասաբողլյան-Խաչատուր Ասմարյան, տարիքով փոքր է (15 տարեկան), սակայն հեռանկարային է, և փորձի ձեռքբերումը նրանց օգտակար կլինի:

Աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց «Նժդեհը»: Նրանց հետ աշխատանքում հանդիպում ենք որոշակի դժվարությունների: Նրանք ընդունված մարզահագուստով չեն ցանկանում մասնակցել: Այդ առումով մենք հաճախ ենք նկատողություն ստանում միջազգային կառույցներից: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում այդ ամենը հնարավոր կլինի հաղթահարել: Զարմանալի է, որ արտերկրում նրանք պատրաստ են համապատասխան մարզահագուստ հագնել, իսկ Հայաստանում՝ ոչ:

- Պարոն Ասմարյան, այս տարի առաջին անգամ Հայաստանի զույգը մասնակցեց Գերմանիայում կայացած լողափնյա վոլեյբոլի աշխարհի ուսանողական առաջնությանը: Զույգը սպասելիքներն արդարացրե՞ց:

- Նշեմ, որ առաջնությանը պետք է մասնակցեր Աշոտ Բալաբեկյան-Անդրե Սիմոնի զույգը: Սակայն Անդրե Սիմոնին երկրից դուրս գալու խնդիր ունի: Ուստի առաջնությանը մասնակցեց Ռազմիկ Հակոբյանը: Սպասվածից ավելի ոււժեղ և բարձր խաղամակարդակ ունեցող թիմեր էին մասնակցում: Տղաները կարողացան հաղթել Սլովենիային: Ցանկանում եմ անպայման արժևորել մարզչի` Գրիգորի Ամբարյանի կատարած աշխատանքը: Նա՝ որպես գործի նվիրյալ, տարիներ շարունակ, առանց վարձատրության աշխատում է տղաների հետ: Ցանկացած մարզիկ, որ աշխատել է նրա հետ, որակապես միշտ նկատվել է ուրույն ձեռագրով և լողափնյա վոլեյբոլի տեխնիկային տիրապետելով: Ֆեդերացիան շնորհակալ է, որ նման բարձրակարգ մասնագետը նվիրումով և առանց որևէ պայման դնելու աշխատում է մարզիկների հետ: Մենք առաջին անգամ մասնակցեցինք աշխարհի ուսանողական առաջնությանը: Մեր զույգը հուսադրող ելույթ ունեցավ, 1 հաղթանակ տոնեց, գրավեց 25-րդ հորիզոնականը: Մեզ մեծապես աջակցեցին Հայաստանի ուսանողական ֆեդերացիան ի դեմս նախագահության անդամ և գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և VivaroBet ընկերությունը: Շնորհակալ ենք մեզ օգնելու և մեր կողքին լինելու համար: Մեր մարզիկների համար սա մեծ փորձ էր, նրանք 7 հանդիպում անցկացրին: Մյուս մրցաշարերի ժամանակ մաքսիմում 3-ն են խաղում:

- Շուրջտարի աշխատում եք ծանրաբեռնված գրաֆիկով: Առաջիկայում ՀՎՖ-ն ի՞նչ աշխատանքներ է նախատեսում:

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ օգոստոսից նախատեսում ենք լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար անցկացնել, որը տևելու է 24 օր: Մինչև նոյեմբեր ամեն ամիս 8 օր մարզիչների հետ կաշխատի բարձրակարգ մասնագետ, և նրանք որակավորում կստանան Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից: Այս ձեռնարկումն անչափ կարևոր է, քանի որ լողափնյա վոլեյբոլի հետ կապված շատ խնդիրներ կան: Անհրաժեշտ է, որ մարզիչները գիտելիքներ ձեռք բերեն, որակապես բարձր և ճիշտ մարզումներ անցկացնեն, այլապես նրանք լողափնյա վոլեյբոլն ու դասական վոլեյբոլը մարզումների ընթացքում համադրում են, ինչն անընդունելի է: Սեպտեմբերի 7-9-ը Երևանում կայանալու է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնություն, որից հետո մեր թիմը Վրաստանում կմասնակցի միջազգային մրցաշարի

Տարվա կարևորագույն և մեծամասշտաբ միջոցառումը` մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլը, դեկտեմբերին կկայանա Երևանում: Նման միջոցառում Հայաստանում երբևէ չի եղել և առաջին անգամ է անցկացվելու: Մարզիկները կպայքարեն եզրափակիչ` 3 փուլի ուղեգրի համար: Հայաստան կժամանեն 9 երկրների հավաքականները, 5 օր շարունակ Երևանում ականատես կլինենք վոլեյբոլի բարձրակարգ մրցաշարի: Մեր մարզիկները սեպտեմբերից կսկսեն մարզվել, կմասնակցեն ուսումնամարզական հավաքների ու մրցաշարերի:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: