Հայերեն   English   Русский  

​ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ ԳԱԲԵՂԵՆՑԻ


  
դիտումներ: 3331

Հայ եկեղեցին իր ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում մի քանի անգամ «դավանափոխ» է եղել՝ մերթ ընդունելով քաղկեդոնականություն, մերթ՝ կաթոլիկություն:

Որքան էլ հիմա եկեղեցականները փորձեն ժխտել` դա պատմական իրողություն է: Առաջին կաթողիկոսը, որ պաշտոնապես քաղկեդոնականություն ընդունեց, Հովհաննես Բ Գաբեղենցին էր:

Հովհաննես Բ Գաբեղենցի կաթողիկոսը ծնվել է Գաբեղյանք գավառի Սյունձեղուն գյուղում, որը գտնվում է ներկայիս Կաղզվանի շրջանում: Սյունձեղունը հայտնի է նաև Սյունձեղվան, Անձեղվան կամ Անծեղվան, Ձեղվան, Սյունձեղ և Սինեղ անվանումներով: Ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ կաթողիկոսը սերել է Գաբեղյան իշխանական տնից:

Երիտասարդ տարիներին եղել է Գաբեղյանքի Թաթլո վանքի միաբաններից, ապա դարձել Ապահունիքի եպիսկոպոս: Մասնակցել է Դվինի 554 թ. եկեղեցական ժողովին, որ ընդունել է քաղկեդոնականությունը և նեստորականությունը քննադատող և հալածող բանաձև:

Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի մահից հետո՝ 557 թ., օծվելով հայոց կաթողիկոս, Հովհաննես Բ Գաբեղենցին պայքար սկսեց քաղկեդոնականության և նեստորականության դեմ: Ցանկանալով Հայ առաքելական եկեղեցու ազդեցության տակ գտնվող ողջ տարածքում ծավալել այդ պայքարը՝ նա կոչով հանդես եկավ և նամակներ ուղղեց Միհրատաշիր Սյունի իշխանին, ինչպես նաև՝ Սյունյաց Վրթանես եպիսկոպոսին, Աղվանից Աբաս կաթողիկոսին: Նամակներից զատ, նա Սյունիք և Հայոց Աղվանք գործուղեց Մատթեոս երեցին, որպեսզի նա հայոց կաթողիկոսի անունից հորդորի տեղի հոգևոր և աշխարհիկ իշխանավորներին պայքար ծավալել քաղկեդոնականության և նեստորականության դեմ:

Հայոց կաթողիկոսի ուշադրությունը բևեռված էր հատկապես արևելյան կողմանց վրա, քանզի Հայոց Աղվանքում ուժեղ էին քաղկեդոնականության դիրքերը: Բանն այն է, որ դեռ 564 թ. Վահան Սյունի իշխանը կարողացել էր Սյունիքն առանձնացնել հայոց մարզպանությունից: Նա Սյունիքը դրել էր Աղվանից կաթողիկոսության իրավասության տակ: Իսկ Աղվանքում ուժեղ էր քաղկեդոնականության ազդեցությունը: Սյունյաց իշխանի նպատակը Մամիկոնյանների ազդեցությունից դուրս գալն էր: Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ Սյունյաց տունն ամենաշատ զինվորն էր տալիս պարսից բանակին, ինչպես որ ժամանակին, համաձայն Գահնամակի, Արշակունյաց հայոց արքունիքին: Իսկ պարսից արքունիքը Սյունյաց իշխաններին էր վստահում Կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը: Եվ օգտվելով այս առանձնաշնորհներից՝ Սյունյաց իշխանները փորձեցին անկախություն ձեռք բերել Հայաստանում գերիշխող դիրք ունեցող Մամիկոնյաններից:

Հովհաննես Գաբեղենցին նաև քաջալերանքի նամակ հղեց Երուսաղեմի հայ միաբնակներին, որոնք հալածանքների էին ենթարկվում Բյուզանդական կայսրության կողմից քաղկեդոնականությանը չհարելու պատճառով:

Թվում էր, թե հայոց կաթողիկոսը, անհաշտ լինելով քաղկեդոնականության նկատմամբ, ողջ կյանքում սկզբունքային պայքար կծավալի նրանց դեմ: Սակայն, պատմության ընթացքն այլ բան ցույց տվեց:

VI դարի վերջին Հայաստանը գտնվում էր Սասանյան տիրապետության տակ: Հայոց մարզպանն էր Սուրենը, որ ցանկացավ պարսից զորքերի հոգևոր կարիքները հոգալու համար հայոց մայրաքաղաք Դվինում զրադաշտական ատրուշան կառուցել: Հայոց զորքերի սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Հովհաննես կաթողիկոսի ցուցումով, զորքով մտավ Դվին, սպանեց մարզպանին և սրակոտոր արեց պարսկական զորքը:

Սա իհարկե անհանդուրժողականության դրսևորում էր: Դեռևս IV դարից, Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնում և երկրում կային բազում գործող եկեղեցիներ:

Համաձայն Միքայել Ասորու՝ ապստամբության կոչն անձամբ կաթողիկոսն արեց: Նա հավաքեց համակիրների բանակն ու հանդես եկավ ճառով. «Քանի դեռ մեզնից վերջինը չի մահանա, ոչ մի հեթանոսական տաճար չի կառուցվելու մեր երկրում,,»:

Այն, որ Վարդան Մամիկոնյանը ապստամբությունն սկսել է կաթողիկոսի և եկեղեցու ցուցումով, երևում է նաև հետևյալ հանգամանքից: Երբ նա իր ընտանյոք հանդերձ փախավ Կոստանդնուպոլիս, դեռ մինչ կաթողիկոսի այստեղ ժամանելը սպարապետին առաջարկեցին քաղկեդոնական ծեսով հաղորդվել: Նա հրաժարվեց` ասելով, որ հայոց վարդապետները նման հրահանգ չեն տվել իրեն:

Ի դեպ, հարկ է նշել, որ մինչ այդ պարսիկները սպանել էին հայոց սպարապետի եղբորը՝ Մանվել Մամիկոնյանին, սակայն անգամ այդ հանգամանքը չէր ստիպել սպարապետին ապստամբության դրոշ բարձրացնել: Սակայն բավական էր, որ պարսիկները ցանկանային ատրուշան կառուցել, որպեսզի հայերը զենքի դիմեին:

Ապստամբություն կոչվածն իրականում սոսկ Հայաստանում պարսկական զորագնդերի կոտորածն էր, որի ժամանակ սպանվեց նաև Սուրեն մարզպանը: Սպարապետը մարզպանի գլուխն ուղարկեց Բյուզանդիայի արևելյան զորքերի հրամանատար Հուստինիանոսին և վերջինիս հրավիրելով զորքերով ներխուժեց Արևելյան Հայաստան: Սա էլ ի ցույց է դնում այս դեպքերի մեջ բյուզանդական դավադրության առկայությունը: Բյուզանդացիները ներխուժեցին Հայաստան, միացան սպարապետի հավաքած 20-հազարանոց զորքին, պաշարեցին Դվինն ու գրավեցին, չնայած այն պաշտպանում էր պարսկական 15-հազարանոց կայազորը: Դվինի պարսկական զորքերի կոտորածից հետո նախ Վարդան Մամիկոնյանը, ապա Հովհաննես Գաբեղենցին՝ խառնակության դրդիչները, իրենց ընտանիքներով ճողոպրեցին Բյուզանդիա՝ Կոստանդնուպոլիս:

Բյուզանդիայում փառահեղ ընդունելություն ցույց տվեցին կաթողիկոսին և սպարապետին: Կայսրը, սակայն, Պարսկաստանի դեմ պատերազմի դիմաց պահանջեց, որ հայերն ընդունեն Քաղկեդոնի դավանանքը:

Եվ իր հակաքաղկեդոնական կեցվածքով հայտնի կաթողիկոսն ընկրկեց ու Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարում հույների հետ հաղորդություն ընդունեց:

Ի պատիվ այս իրադարձության, տաճարի այն դուռը, որով մուտք էին գործել կաթողիկոսն ու սպարապետը, հույները կոչեցին Հայոց դուռ:

Հայերի քաղկեդոնական դարձի մասին մանրամասն գրում են բյուզանդական պատմագիր, հայազգի Փոտ պատրիարքը և վրաց հոգևոր գործիչ, պատմիչ Արսեն Սափարացին:

Կաթողիկոսի քաղկեդոնական դարձը հայ հոգևորականության կողմից ընդունվեց սուր քննադատությամբ, սակայն որևէ էական հակազդեցություն չեղավ, քանզի նույն ժամանակամիջոցում սկսվեց պարսկա-բյուզանդական երկարամյա պատերազմը, բյուզանդական զորքերը ներխուժեցին Հայաստան:

Ի դեպ, հայ հոգևորականության հակաքաղկեդոնական կեցվածքի մեջ կարևոր էր նաև սոցիալական շարժառիթը: Բյուզանդական եկեղեցին և քաղկեդոնական հոգևորականությունը հարկատու էին պետությանը, իսկ պարսկական տիրակալության տակ հայ եկեղեցին ապահարկ էր:Այդ իսկ պատճառով հայ եկեղեցին անմիջապես փոխեց իր քաղաքական դիրքորոշումը: Սակայն այլևս ուշ էր: Հայ եկեղեցին հերթական անգամ երկիրը քաշեց կրոնական արյունահեղ պատերազմների մեջ: Շուրջ 20 տարի Հայաստանը ոտքի կոխան դարձավ պարսկական և բյուզանդական բանակներից:

Հայության նկատմամբ մանավանդ դաժան ու անմարդկային վերաբերմունք ունեին բյուզանդացիները: Պատմագրությունը սոսկալի փաստեր է հաղորդում պատերազմի ժամանակ բյուզանդացիների կատարած չարագործություններից:

Մասնավորապես, Հովհան Եփեսացի պատմիչը գրում է. «Երբ քահանաները, ավետարաններն ու խաչերը վերցրած, դուրս եկան նրանց դիմավորելու (հույներին), նրանք (հոռոմները) սրանց երեսին անգամ չնայեցին: Այսպես հոռոմները, աստծու վախը մոռացած, նույնիսկ բռնում էին մեկ-երկու տարեկան երեխաներին, մեկը մի ոտքից, մյուսը՝ մյուս ոտքից ու իրենց ուժը պատածի չափ վեր էին գցում, երեխան ընկնում էր նրանց բռնած սրի կամ նիզակի ծայրին, որը մտնում էր մարմնի մեջ և ապա (դիակները) նետում էին շներին: Նրանք նույնպես անպատվում, կողոպտում ու սպանում էին վանականներին: Նրանք դուրս էին բերում պատկառելի ու տարեց ճգնավորներին իրենց ճգնարաններից, որտեղ նրանք երկար տարիներ մնացել էին, կախում, տանջում ու կտրում էին նրանց առնանդամները ասելով՝ ոսկի, արծաթ տվեք: Նրանք տանջում էին նաև կույսերին և նրանց դաժան մահվան եզրին հասցնում»:

Այս պատերազմը ժամանակի հայ գործիչներից շատերը քննադատեցին: Մասնավորապես Վրթանես Քերթողը պատերազմը սանձահարող Վարդան Մամիկոնյանի մասին գրում է. «Նեռին հյուրընկալողն ու առաջնորդողը… որը մի ազգի ապստամբության պատճառ դարձավ»:

Իսկ Սեբեոսը հայերի շրջանում սկիզբ առած զանգվածային արտագաղթն էլ կապում է այս դեպքերի հետ. «Բյուզանդացիներն ստիպում են հայ ազնվականներին հաղորդվել հույն զորավարների հետ մեկտեղ: Եվ այդ պատճառով շատ հայեր տարագրվեցին օտար երկրներ»:

Հովհաննես Բ Գաբեղենցին հեղինակել է «Ի յայտնութիւն Քրիստոսի» աստվածաբանական երկը:

Հայաստանում քաղկեդոնականությունը տարածելու նպատակով Հովհաննես Բ Գաբեղենցու հրամանով հունարենից հայերեն է թարգմանվել «Գիրք էակաց» աշխատությունը, ինչպես նաև Եվտիքես Կոստանդնուպոլսեցի պատրիարքի «Յաղագս զանազանութեան բնութեան և առանձնաւորութեան» աշխատությունը:

Հովհաննես Բ Գաբեղենցի կաթողիկոսն այդպես էլ չվերադարձավ հայրենիք: Թշվառ հայրենիքը հեծում էր կաթողիկոսի և սպարապետի արարքի հետևանքով: Նա տարագրության մեջ էլ մահացավ 574 թ., Կոստանդնուպոլսում: Իսկ բյուզանդա-պարսկական պատերազմն ավարտվեց 591 թ. Հայաստանի նոր բաժանումով:

Ի դեպ, հայ եկեղեցական ժամանակակից գրականության մեջ նշվում է, թե Հովհաննես Բ կաթողիկոսը զղջացել է քաղկեդոնականություն ընդունելու համար և կյանքի մայրամուտին դարձյալ վերադարձել առաքելադավանության: Սակայն դա հիմնավոր տեղեկություն չէ: Այդ դեպքում կաթողիկոսը չէր մնա Կոստանդնուպոլսում, բացի այդ, բոլորովին այլ բան է պատմում Միքայել Ասորի պատմիչը՝ նշելով, որ հայոց կաթողիկոսը «ննջեաց ուղղափառ խոստովանութեամբ», և նրան հուղարկավորել են մեծ պատիվներով:

Վահէ Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: