Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (մաս 7)


  
դիտումներ: 4997

Շարունակելով քրեական դատավարության թեման` այս համարում կխոսենք քրեական դատավարությանը ներգրավված երկու հակադիր կողմերի՝ մեղադրող և պաշտպանող կողմերի մասին։

Մեղադրանքի կողմում են.

1) Դատախազը, որ օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները:

2) Քննիչը, որ պետական պաշտոնատար անձ է և իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

3) Հետաքննության մարմինները, որոնք են ոստիկանությունը, զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին, ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով, Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով, հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների գործերով:

4) Տուժողը՝ այն անձը, որին քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, որին կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

5) Քաղաքացիական հայցվորը՝ քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:

Պաշտպանության կողմում են.

1) Կասկածյալը՝ այն անձը, որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով և որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացվել:

2) Մեղադրյալը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ:

3) Արդարացվածը , որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

4) Պաշտպանը՝ այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

5) Քաղաքացիական պատասխանողը՝ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: