Հայերեն   English   Русский  

​«Կենսապայմաններն ինչ-որ չափով նպաստում են հիվանդությունների զարգացմանը». Արմեն Ավոյան


  
դիտումներ: 5413

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս աշխարհում ավելի ու ավելի են աճում քաղցկեղային հիվանդությունները: Որքան ավելի առաջընթաց է ապրում քաղաքակրթությունը, այնքան ավելանում են քաղցկեղն ու իմունային զանազան հիվանդությունները, երիտասարդանում են սրտանոթային հիվանդությունները, ստվարանում են դիաբետով հիվանդների շարքերը…

Ըստ վիճակագրության, չնայած սոցիալական ծանր պայմաններին, մարդիկ ավելի հաճախ են սկսել այցելել բժիշկներին և գործիքային ստուգումներ անցնել: Եթե տարիներ առաջ շատ ավելի մեծ էր արգանդի քաղցկեղ ունեցող կանանց թիվը, ապա ներկայումս դրան չի զիջում կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի: Այս առիթով հանգամանալից զրույց ունեցանք «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտություների թեկնածու, դոցենտ Արմեն Ավոյանի հետ:

- Պարո՛ն Ավոյան, մեր զրույցը սկսենք օրեցօր շատացող շագանակագեղձի հիվանդություններից: Այսօր հնարավո՞ր է պարզաբանել նմանօրինակ աճի պատճառը:

- Այդ հիվանդությունը ոչ միայն աճ է ապրում, այլև սկսել է երիտասարդանալ և, այո՛, անհանգստացնում է թե՛ հասարակությանը, թե՛ բժիշկներին, առողջապահության միջազգային կազմակերպություններին, սակայն պարզաբանել հիվանդության որոշակի և միակ պատճառը, նշել ակունքը, հնարավոր չէ: Կան մի շարք պատճառներ՝ էկոլոգիական վիճակ, մեր կյանքում, շրջապատում հաճախացած բազամատեսակ սթրեսներ, սննդակարգ, ինչպես նաև՝ դիմադրողականության գործոնը: Շագանակագեղձի ուռուցքածին հիվանդությունը տղամարդկանց թոքի քաղցկեղից հետո երկրորդ տեղում է՝ սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներից և վերջացրած ավելի քիչ զարգացած երկրներով: Այդ հիվանդությունը բացառող տեսություն առայժմ չկա:

- Տարիքային ո՞ր խմբերն են ավելի շատ հակված ունենալու շագանակագեղձի քաղցկեղ:

- Ցավոք, հիվանդությունը երիտասարդացել է, սակայն երիտասարդներն ավելի շատ դիմում են սեռական օրգանների հետ կապված այլևայլ խնդիրներով: Ավելի հաճախադեպ են 50-ն անց տարիքի տղամարդկանց շագանակագեղձի ուռուցքները: Ուշացած դեպքերում առկա է մարդկային անտարբերության գործոնը՝ պայմանավորված վախով, սոցիալական խնդիրներով, նյութական անբավարար միջոցներով, տղամարդկային անհեթեթ ինքնասիրությամբ: Վերջերս տղամարդիկ ավելի շատ են սկսել դիմել բժշկի և հիմնականում կանանց խորհրդով ու համոզելով:

- Բժի՛շկ, ոչ զարգացած երկրների, ասենք՝ աֆրիկյան երկրների ուրոլոգիական խնդիրների ի՞նչ վիճակագրություն կա:

- Չեմ եղել այդ երկրներում, սակայն կարող եմ ասել, որ նրանց մոտ ավելի շատ ինֆեկցիոն հիվանդություներն են՝ սկսած ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից: Այդ երկրներում վիճակագրությունն ուրիշ է: Նրանց կյանքի տևողությունը կարճ է, չեն էլ հասցնում ձեռք բերել ուռուցքային նման հիվանդություններ, այնտեղ հիմնական աղետը ինֆեկցիաներն են և իմունային համակարգի հիվանդությունները: Ընդհանուր առմամբ, այդ հիվանդության հիմնական պատճառը համարվում է օդի աղտոտվածությունը, ոչ օրգանական սննդամթերքը: Օրինակ՝ Ճապոնիայում շագանակագեղձի քաղցկեղն ավելի ցածր տոկոս է կազմում, բայց այնտեղ էլ շատ է միզապարկի քաղցկեղ ունեցողների թիվը: Բայց երբ ճապոնացին գնում է ապրելու ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկրում, նրա շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը հասնում է տեղի բնակիչների ռիսկի մակարդակին: Եթե նրանք Ճապոնիայում հիմնականում սնվում են ծովամթերքներով, ապա այլ երկրներում՝ ավելի շատ ոչ օրգանական մթերքով: Պայմանները, անշուտ, ինչ-որ չափով նպաստում են հիվանդության ագրեսիվության զարգացմանը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ուրոլոգիական խնդիր ունեցող մարդկանց:

- Ամենապարզ ու տարածված խորհուրդը՝ չզբաղվել ինքնաբուժությամբ, 50-ն անց տարիքի տղամարդկանց հորդորում եմ տարին գոնե մեկ անգամ այցելել բժշկի, թեև ասեմ, որ աշխարհի մակարդակով այդ հիվանդությամբ տառապողների շեմը իջել է 45-ի, ուստի հենց 45-ից էլ ավելի ճիշտ կլինի դիմել բժշկին: Գալիս են 60-ն անց տղամարդիկ և, ցավոք, ավելի ուշ:

- Կին ուրոլոգներ ունե՞նք Հայաստանում:

- Ունենք, սակայն շատ քիչ: Կանայք չեն ընտրում այդ մասնագիտությունը՝ ելնելով մեր ազգային մտածելակերպից: Միայն շատ խիզախ հայ կանայք են ուրոլոգ դառնում: Ես կցանկանայի, որ կին ուրոլոգները շատ լինեն, որովհետև կնոջ մոտեցումը՝ զուտ մարդկային առումով, ավելի նպաստավոր է հիվանդի համար: Ես եղել եմ Գերմանիայում և ականատես եմ եղել, թե որքան մեծ է կին ուրոլոգների թիվը:

- Դուք վիրաբույժ եք, ընտրել եք չափազանց պատասխանատու մասնագիտություն, երբևէ չե՞ք զղջացել:

- Ունեցել եմ զղջման պահեր, բայց դրանք կարճ են տևել: Մտածել եմ՝ եթե ուրիշ մասնագիտություն ընտրած լինեի, ավելի հանգիստ կապրեի, ավելի շատ ժամանակ կտրամադրեի ընտանիքիս, երեխաներիս կողքին ավելի շատ կլինեի, բայց երբ զննում եմ հիվանդին, հասկանում եմ, որ իմ ներկայությունն այդ ոլորտում արդարացված է, ես պետք եմ ինձ հույսով նայող մարդկանց:

- Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում վիրահատական անհաջող ելքեր, հետևանքներ ունեցե՞լ եք, որոնք Ձեզ այսօր էլ հանգիստ չեն տալիս:

- Իհարկե՛, հնարավոր չէ չունենալ, մանավանդ՝ շատ ուշացած, ծայրահեղ ծանր դեպքերում: Եվ, այո, չեմ մոռանում դրանք, ցավ եմ ապրում: Մեր պրոֆեսորներից մեկն ասում էր՝ ցանկացած վիրաբույժ ունի իր «սեփական գերեզմանոցը»… Ցավով եմ ասում, որ դրանք շատ ուշացած դեպքերի հետևանք են, սակայն բժիշկը դրանով չպետք է իրեն մխիթարի: Որքան էլ հիվանդը շատ ուշացած է գալիս, ես փորձում եմ նաև պատճառն իմ մեջ փնտրել: Նման և այլ հիվանդությունների ցանկացած բարդություն պետք է քննարկվի, կանխարգելվի:

- Դուք այսօր ճանաչված ու փնտրված վիրաբույժ ուրոլոգ եք. այս ամենին միայն Ձեր ստացած բարձրագույն կրթությա՞մբ եք հասել:

- 1994 թթ. ավարտել եմ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1992 թ. մասնագիտացել եմ ուրոլոգիայի բաժանմունքում որպես բուժակ, 94-ին օրդինատուրայում էի արդեն, այնուհետև սովորել եմ ասպիրանտուրայում: Անշուշտ, իմ ստացած բարձրագույն կրթությունը ամենամեծ երաշխիքն է կայացած բժիշկ դառնալուս, սակայն պակաս կարևոր չեն փորձառությունն ու ինքնազարգացումը, գիտելիքների կատարելագործումը, ճանաչված բժիշկների կողքին աշխատելն ու նրանցից սովորելը, վերապատրաստումները:

- Երևի այդ ամենին հավելենք նաև բժիշկների գերդաստանում մեծանա՞լը:

- Նաև, իմ երկու պապերն էլ հրաշալի բժիշկներ են եղել, մայրիկս նույնպես հայտնի բժշկուհի է: Այո՛, նաև այդ միջավայրը, մթնոլորտն է ասես ինձ ուղղորդել: Ասեմ, որ ինձ ոչ ոք չի հարկադրել բժիշկ դառնալ, դա իմ որոշումն է եղել: Շատ էի լինում մայրիկիս աշխատավայրում, դեռ փոքր հասակից ինքս իմ ձեռքով պրեպարատներ էի պատրաստում:

- Իսկ Ձեր կազմած ընտանիքում կա՞ն բժիշկներ:

- Կինս ակնաբույժ է, երեխաներս չեն ընտրել մեր ճանապարհը: 23-ամյա որդիս տեխնոլոգիաների մասնագետ է, իսկ 18-ամյա աղջիկս ընտրել է դիզայներությունը: Ես նրանց չեմ ուղղորդել, չեմ ստիպել, ազատ եմ թողել իրենց մասնագիտության ընտրության հարցում: Ինձ համար գերագույն հաճույք է տեսնել, թե որդիս ինչ ոգևորությամբ է գնում աշխատանքի և տուն վերադառնում գոհ ու երջանիկ:

- Ասացիք, որ նաև մասնագիտական վերապատրաստումներ եք անցել և ունեցել եք նաև աշխատանքի հրավերք արտերկրից:

- Այո՛, բազմիցս վերապատրաստվել եմ արտերկրում. 6 ամիս՝ Գերմանիայում, 3 ամիս՝ Ավստրիայում, ինչպես նաև՝ Բրիտանիայում: Գերմանիայում ինձ առաջարկել են մնալ, քննություններ հանձնել և աշխատանքի անցնել իրենց մոտ, բայց չկարողացա, չցանկացա: Ես Հայաստանի մարդ եմ, ծնողներիս չէի կարող թողնել, երեխաներիս գերմանական կրթության տալ: Տարին առնվազն 3 անգամ մասնակցել եմ ուրոլոգիական միջազգային համաժողովների, որոնք ոչ միայն այլ երկրներից եկած մասնագետների հետ շփումների առիթ են ընձեռել, այլև եղել են գիտելիքների ձեռքբերման, առաջատար դիրքերում լինելու, ոլորտի առաջատարների հետ համագործակցելու լավագույն հնարավորություն: Բացի ինձնից, արտերկրում վերապատրաստվում են նաև մեր երիտասարդ բժիշկները:

- Դուք, բացի գործող բժիշկ լինելուց, նաև վարչական աշխատող եք, բաժանմունքի վարիչ: Ինքնե՞րդ եք ընտրում ձեր բժիշկներին և ի՞նչ սկզբունքներով:

- Բաժանմունքում ունենք 6 բժիշկ, ես եմ ընտրում նրանց՝ հաշվի առնելով առաջին հերթին մարդկային արժանիքները, կրթվածությունը, հիվանդի հանդեպ վերաբերմունքը, երկրորդ՝ աճելու մեծ հնարավորությունը, երրորդ՝ պրոֆեսիոնալ ձգտումը: Շատ եմ կարևորում վերջինը:

- Ձեր աշխատանքային առաջին դարբնոցը «Աստղիկ» բժշկական կենտրո՞նն է:

- Ո՛չ, ես այստեղ եմ 3 տարուց ավելի, ինձ հրավիրել են: Նախկինում աշխատել եմ «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ մեծացել ու կայացել եմ ուրոլոգիայի բաժանմունքում. այն ինձ համար հարազատ տուն է:

- Այդ դեպքում` ինչո՞ւ «Աստղիկ»:

- Այս բժշկական կենտրոնը հագեցած է լավագույն բարձրակարգ տեխնիկայով, այստեղ լավ մենենջմենթ կա: «Աստղիկը» պրոֆեսիոնալիզմը զարգացնելու հնարավորություն է տալիս:

- Վարձատրությունը համարժե՞ք է Ձեր կատարած աշխատանքին:

- Ես նախապես պայմանավորվել եմ վարչակազմի հետ. գոհ եմ, որովհետև նրանք պահում են իրենց խոստումը, ես էլ՝ իմը:

- Խոսենք բժշկի հետագա կարգավիճակի մասին, երբ նա արդեն թոշակառու է:

- Ցավոտ հարց է: Կան ինձ հասակակից բժիշկներ, որոնք արդեն մտածում են, թե իրենց որքան է մնացել թոշակի անցնելուն, ինչքան թոշակ են ստանալու: Ըստ իս՝ բժիշկը պետք է գնահատված լինի թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակության կողմից ինչպես աշխատելու տարիներին, այնպես էլ՝ թոշակի անցնելուց հետո՝ ստանալով արժանավայել թոշակ: Մինչդեռ բժշկի թոշակն այնքան է, որքան սովորական քաղաքացիներինը: Տարիքային շեմն անցնելուց հետո վիրահատող լավագույն բժշկին կարելի է պահել որպես խորհրդատու, նրա հետ համայցեր կատարել հիվանդներին. չպետք է օտարել գործուն բժշկին: Այս հարցը պետք է վերանայել:

- Հայաստանի՝ Ձեր տեսլականը:

- Ես լավատես եմ և կարծում եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի: Իմ լավատեսությունը հիմնականում հիմնված է երիտասարդության վրա. ես տեսնում եմ իմ տղային, նրա ընկերներին՝ ազատ ու հպարտ: Նրանք այս երկրի տերերն են: Միգուցե մեր սերունդը նրանց այնքան էլ լավ երկիր չի ժառանգություն թողնում, սակայն երիտասարդների եռանդը լավ ապագայի հույս է ներշնչում:

Հարցազրույցը՝ Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: