Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի․ նվիրում է գարուն


  
դիտումներ: 5214

Վաղուց էի համոզված, որ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանի գրական ստեղծագործությունները ամենևին էլ չեն զիջում նրա ղեկավարությամբ ստեղծված հանրագիտարաններին: Բայց այվազյանական մի նախաձեռնություն ինձ համար անակնկալ էր. խոսքը մանուկներին հասցեագրված նրա չափածո ստեղծագործությունների «Էհեյ գարուն է» ժողովածուի մասին է: Հեղինակի երևակայության սահմանները իրոք անընդգրկելի են: Թափանցելով մարդկային հոգու ամենախոր ծալքերը` նա վառ պատկերների միջոցով հոգեբանական խոշոր ընդհանրացումների է հասնում: Խրատի արժևորումներով օժտված իր ստեղծագործություններում Հովհաննես Այվազյանը երգում է բնության պսակը` մարդուն, երգում է մանկագիրներին հատուկ պարզությամբ ու մատչելիությամբ:

Չէ որ բարձրից առավել

Լավ է նաև ծառի տակ,

Ուր կարող են անարգել

Խաղալ երկու նապաստակ:

Գրում է հեղինակը ու մանուկ ընթերցողներին նվիրում գարուն, որ բերում է լավատեսություն, կենսախինդություն, բնաշխարհի ընկալում, բարիքների գնահատում, այդ ամենին գումարում զարթոնք և գարնան թարմ շունչ:

Աշխատասիրության ուսանելի դասեր կան այս գրքում, իսկ ամենավերջում.

Նա բանում է օրն ի բուն,

Երբեք-երբեք չի հոգնում

Օրվա վերջին ծաղկահամ

Մեղրը ոտքին` գնում է տուն:

Արժե նաև ասվածին ավելացնել, որ «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանը արժեքավոր նվեր է արել մանուկներին, լույս աշխարհ բերել Վիկտոր Հովհաննիսյանի թեմատիկ, գունեղ նկարներով լի և միանգամից աչքի ընկնող գրքույկ:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: