Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանն ու Ֆրանսիան 2 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել


  
դիտումներ: 429

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հուլիսի 20-ին ստորագրվել են տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Մասնավորապես ստորագրվել է «Ազերսու» բաց բաժնետիրական ընտրությանը «SUEZ Group»-ի կողմից տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին պայմանագրի հավելված, ինչպես նաև Սումգայիթ քաղաքում ջրամատակարարման կառավարման մասին համաձայնագիր:

Բացի այդ, «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի և Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև ստորագրվել է տիեզերական ոլորտում համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր: «Ազալ» փակ բաժնետիրական ընկերության և «Thales» ընկերության միջև ստորագրվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության շուրջ փոխըմբռնման մասին հուշագիր:

«Ազալ»-ը նաև «Modern Construction Group», «Thales» ընկերությունների հետ Բաքվի միջազգային օդանավակայանում ռադիոտեղորոշիչ հակամարգեր տեղադրելու մասին պայմանագիր է կնքել: «Thales»-ի հետ «Ազալի» և «Ազերաերոնավիգացիայի» կիբերանվտանգությունը ապահովելու պայմանագիր է կնքվել:

Նախագահներ Իլհամ Ալիևի և Էմանուել Մակրոնի բանակցությունների ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, տրանսպորտային ոլորտներում, անվտանգության, մշակույթի և այլ բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը, կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանում Ֆրանսիական լիցեի և Ադրբեջանաֆրանսիական համալսարանի գործունեության առնչությամբ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շուրջ: Նշվել է, որ առաջատար ֆրանսիական ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանում իրենց գործունեության հետագա ընդլայնմամբ:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս այցի շրջանակներում տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ ֆրանսիական 11 ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք մեծ հեռանկարներ են բացում տնտեսական համագործակցության համար: Նախագահ Իլհամ Ալիևը շեշտել է, որ ադրբեջանական և ֆրանսիական ընկերությունների միջև կնքվել են ավելի քան 2 մլրդ դոլարի պայմանագրեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: