Հայերեն   English   Русский  

​Շինարարների հետ քննարկվել է Լոռու և Տավուշի մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը


  
դիտումներ: 169

Տավուշի մարզի Արճիս գյուղի ճանապարհների վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 21-ին Արճիս էին այցելել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Արճիսի ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր է դարձել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։ Վերականգնվող ճանապարհը Արճիսը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է հարակից համայնքների հետ:

Գյուղի բնակիչ Գևորգ Զաքարյանն իր երախտագիտությունն է հայտնում պետությանն ու շինաշխատանքներն իրականացնողներին ու նշում, որ 24 տարեկան է, և առաջին անգամ է տեսնում, որ Արճիսում ճանապարհ է վերանորոգվում։

Արճիսի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանն էլ ընդգծում է, որ ճանապարհների նորոգումը գյուղացիներին կազատի բազմաթիվ հոգսերից, կյանքը բնակավայրում կակտիվանա։ «Նախկինում նույնիսկ բարեկամները հյուր չէին գալիս մեզ՝ պատճառաբանելով ճանապարհների անմխիթար վիճակը»,- ասում է Դավիթ Վերանյանը։

Հուլիսի 21-ին Լոռու և Տավուշի մարզեր կատարած այցելության ընթացքում Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացան նաև Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ընթացքին։ Ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանին ներկայացրին մի շարք խնդիրներ։ Շինարարները, մասնավորապես, տեղեկացրին, որ իրենց աշխատանքներին խոչընդոտում է վերանորոգվող ավտոճանապարհով ծանրաքաշ մեքենաների երթևեկը, և նշեցին, որ նպատակահարմար է, որպեսզի հնարավորության դեպքում մինչև շինարարության ավարտն այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվի շրջանցիկ ճանապարհով։ Շինարարները նաև մտահոգություն հայտնեցին, որ հողային, պայթեցման աշխատանքներ կատարելիս կարող է վնասվել ճանապարհի ներքևով անցնող երկաթգիծը։

Խնդիրը լուծելու համար առաջարկվեց կիրառել պայթեցման նորագույն տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն կտա խուսափել երկաթգիծը վնասելուց։

Ալավերդիում համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ քննարկվեց Մ6 ճանապարհի՝ Ալավերդի համայնքում Դեբեդ գետի վրայի կամրջի վերանորոգման հարցը։ Վազգեն Պետրոսյանը Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ինժեներներին հանձնարարեց ուսումնասիրել կամուրջը վերանորոգելու խնդիրը, հստակեցնել աշխատանքի ծավալները և հնարավորության դեպքում կամուրջների վերանորոգումը մտցնել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: