Հայերեն   English   Русский  

​Մեսութ Օզիլը «ռասիզմի» պատճառով լքել է Գերմանիայի հավաքականը


  
դիտումներ: 269

Թուրքական արմատներով գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն այլևս չի խաղա ազգային հավաքականի կազմում: Իր որոշումը Օզիլը պատճառաբանել է Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավար Ռեինհարդ Գրինդելի պահվածաքով, ով ֆուտբոլիստի նկատմամբ «ոչ հարգալից վերաբերմունք է դրսևորել»:

Սույն թվականի մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով գտնվել է Մեծ Բրիտանիայում: Լոնդոնում նա հանդիպում է ունեցել Թուրքիայի հավաքականի և անգլիական «Էվերտոն»-ի հարձակվող Ջենք Թոսունի, «Մանչեթր Սիթի»-ից Իլքա Գյունդողանի, ինչպես նաև անգլիական «Արսենալ»-ում խաղացող Օզիլի հետ: Գերմանական հավաքականի երկու ֆուտբոլիստները թուրքական արմատներ ունեն: Ավելի ուշ Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավար Ռեյնհարդ Գրինդելը քննդատատել է ֆուտբոլիստների այդ հանդիպումը:

«Ծանր սրտով և երկար մտորումներից հետո ես որոշել եմ միջազգային մակարդակում այլևս ելույթ չունենալ Գերմանիայի հավաքականի օգտին: Դա պայմանավորված է վերջին իրադարձություններով, որոնց պատճառով ես զգացել եմ ռասիզմի և իմ թուրքական արմատների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»,- թվիթերյան իր էջում գրել է Մեսութ Օզիլը:

Վերջինս հայտարարել է, որ իր ծագումը ատելություն է առաջացրել ինչպես գերմանացի որոշ երկրպագուների, այնպես էլ Գերմանիայի ֆուտբոլի միության մի շարք պաշտոնյաների շրջանում: Գերմանական որոշ լրատվամիջոցներ իրավացի են համարել Օզիլի նման քայլը, որոշ լրատվամիջոցներ՝ քննադատել այն:

«…Ճշմարտությունն այն է, որ նախագահի հետ հանդիպելուց հրաժարվելը կնշանակեր անհարգալից վերաբերմունք իմ նախնիների նկատմամբ, ովքեր, ես գիտեմ, կհպարտանային իմ ձեռքբերումների համար: Ինձ համար կարևոր չէ, թե ով է զբաղեցնում նախագահի պաշտոնը, կարևորը, որ նա նախագահ է: Դա հարգանք է, որը, համոզված եմ, ցույց են տվել և՛ Մեծ Բրիտանիայի թագուհին, և՛ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, երբ նրանք Լոնդոնում ընդունել են Էրդողանին: Լիներ դա Գերմանիայի կամ Թուրքիայի նախագահը, իմ գործողություններն ուրիշ չէին լինի: Հասկանում եմ, որ ինչ-որ մեկի համար դա դժվար կլինի հասկանալ, քանի որ շատ երկրներում քաղաքական առաջնորդը չի կարող դիտարկվել որպես առանձին անհատ: Սակայն իմ դեպքում ամեն ինչ այլ է: Ինչպիսին էլ որ լինեին անցած նախագահական ընտրությունները (Թուրքիայիում հուլիսի 24-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններ), ես ամեն դեպքում այդ լուսանկարը կաների»,- նշված է Օզիլի թվիթերյան գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: