Հայերեն   English   Русский  

Ամերիկացի սենատորները պահանջում են նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Reuters


  
դիտումներ: 224

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորները կոչ են անում անհապաղ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի կանխեն Միացյալ Նահանգներում անցկացվելիք միջնանկյալ ընտրություններին հնարավոր միջամտությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ լրացուցիչ պատժամիջոցները պետք է սահմանվեն նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանցկացնի երկրորդ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրեհեմի խոսքերով՝ դրանք պետք է խիստ պատժամիջոցներ լինեն:

Իսկ սենատոր Մարկո Ռուբիոն պատրաստվում է քվեարկություն անցկացնել Deter («զսպել») անվանմամբ օրինագծի շուրջ, որի համաձայն նոր պատժամիջոցներ կկիրառվեն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հետախուզությունը եզրակացություններ ներկայացնի, որ Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգների ընտրություններին:

Ռուբիոն վստահ է, որ «Ռուսաստանն, անշուշտ, միջամտել է ընտրություններին, և կշարունակի նույնն անել նաև ապագայում»: Նա և սենատոր Քրիս Վան Հոլենը պահանջում են արդեն օգոստոսի սկզբին օրինագծի շուրջ լսումներ անցկացնել:

Նշվում է, որ նոր օրինագիծը թույլ կտա «ավելի ավտոմատ կերպով» կիրառել պատժամիջոցները: Այն ուղղված կլինի Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին:

Գործակալությունը հիշեցրել է, որ Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում Թրամփը լուրջ քննադատության էր արժանացել` չկարողանալով դիմակայել Պուտինին 2016 թ. ընտրությունների ընթացքում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: