Հայերեն   English   Русский  

Խաչատրյանի «Գայանեի» վերադարձը «Բոլշոյ» թատրոն 57 տարի անց


  
դիտումներ: 3284

Հզոր երաժշտությունը չի կարող երկար մնալ տեղում։ Դա, ըստ էության, համընդհանուր արվեստ է և պետք է վայելեն բոլորը։ Սա սկզբունք է, որը կյանքի է կոչում մաեստրո Կոնստանտին Օրբելյանը՝ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավարը։

Անվանի դիրիժոր և դաշնակահար Օրբելյանը, որը ղեկավարել է աշխարհի ամենահայտնի նվագախմբերը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Միացյալ նահանգներում և այլուր, այսօր Երևանի Օպերային թատրոնը վերածում է երաժշտական գերազանց որակով հրաշալի մի խաչմերուկի՝ համաշխարհային գլխավոր դասական գործերը բերելով Հայաստան, միաժամանակ հայկական գանձերը ներկայացնելով դրսի հանդիսատեսին։ Այս առումով Օրբելյանի վերջին նվաճումներից է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի նոր ներկայացման ցուցադրությունը Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում, որը տեղի կունենա ս․թ․ հուլիսի 24-ին։

Կոնստանտին Օրբելյան

Մաեստրոյի հետ զրուցել ենք հայտնի բեմում ներկայացման անցկացման ու դրա կարևորության մասին։

-Մաեստրո, ո՞րն է «Գայանե» բալետի մեծության գաղտնիքը։

-«Գայանեն» մեծ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի ամենաականավոր գործերից մեկն է, և միակը, որն անմիջապես ճանաչվել է իբրև տիպիկ հայկական բալետ իր ազգային բնույթի, մեղեդայնության և հուզական խորության շնորհիվ։

-Ի՞նչ զարգացում է ունեցել «Գայանեն» 1942 թվականից ի վեր, երբ առաջին անգամ ցուցադրվեց Ռուսաստանում Կիրովի անվան Օպերայի և բալետի թատրոնի կողմից։

-Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի կողմից Պերմում կայացած հաղթական դեբյուտից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, «Գայանեն» ենթարկվել է 2 փոփոխության՝ 1952-ին և 1957-ին։ Բալետի վերջնական տարբերակը մշակվել է 1974 թվականին բալետի լեգենդար պարող, ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կողմից, որը նաև «Գայանեի» լիբրետոյի հեղինակն է։ Դա բալետի յուրահատուկ մի տարբերակ է, որը շարունակում է զարգանալ իբրև Երևանի Օպերնային թատրոնի խաղացանկի ամենաառանցքային գործերից մեկը։ Ի դեպ, վերջին անգամ «Գայանե» «Բոլշոյ» թատրոնում բեմադրվել է 57 տարի առաջ, 1961 թ. փետրվարին:

-Թատրոնի երաժիշտների և անձամբ Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի «Գայանեի» ցուցադրությունը «Բոլշոյ» թատրոնում։

-Մեզանից յուրաքանչյուրի համար բացառիկ պատիվ է ներկայացնել հայկական ստեղծագործություններն արտերկրում։ Առավել հաճելի է ցուցադրել այնպիսի մի գլուխգործոց, ինչպիսին «Գայանեն» է ռուսական անվանի թատրոնում։ Նման մասշտաբի հայկական ստեղծագործության ներկայացումն այնպիսի հայտնի համերգասրահում, ինչպիսին «Բոլշոյ» թատրոնն է, ինքնին հայկական մշակույթն է, որը փայլում է համաշխարհային բեմում։ Հետևաբար, նման ներկայացումները խիստ ոգեշնչող են մեր երաժիշտների և պարողների համար:

-Ովքե՞ր են ներկայացման մենակատարներն ու հիմնական անձնակազմը։

-Ներկայացումը կղեկավարի Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Աթանես Առաքելյանը` թատրոնի բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի գեղարվեստական ղեկավարման ներքո։ Գլխավոր մենակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզան Փիրումյանը և Մերի Հովհաննիսյանը, ինչպես նաև Սոնա Վարդանյանը, Վահագն Մարգարյանը և Ռազմիկ Մարուքյանը։

Գայանե բալետ

-Հայկական բալետի ներկայացումը «Բոլշոյ» թատրոնում իսկապես լուրջ նվաճում է։ Ինչպե՞ս այդ ծրագիրն իրականություն դարձավ։

-Գաղափարն առաջ եկավ այն իրողությունից, որ այս տարի նշվում է մի քանի կարևոր իրադարձություն՝ կապված հայկական մշակույթի և պետականության հետ, այդ թվում Արամ Խաչատրյանի 115-ամյակը, Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Մենք մտածեցինք, որ այս առիթները հիանալի հնարավորություն են ներկայացնելու հայկական մշակույթը Ռուսաստանում իր ողջ շքեղությամբ։ Նաև ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի հայոց թեմին ներկայացումը նախաձեռնելու և կազմակերպելու համար, շնորհակալություն եմ հայտնում ծրագրի պրոդյուսեր Կարեն Խաչատուրյանին, ՌԴ-ում ՀՀ դեսպանի մշակութային և հումանիտար հարցերով խորհրդականին իր անխոնջ աջակցության համար, որպեսզի մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն։

Հարցազրույցը՝ Գալինա Բեքարի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: