Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետ. «Ժողովուրդը պետք է տեսնի մեր աշխատանքի արդյունքը»


  
դիտումներ: 1064

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը:

Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները:
Խնդրո առարկայի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են: Ես ակնկալում եմ ավելին, ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ. մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»:
Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, ՀՀ կառավարությունը հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: «Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: