Հայերեն   English   Русский  

​Իրանը և ԱՄՆ-ն միմյանց դեմ պայքարում դաշնակիցներ են որոնում


  
դիտումներ: 2418

Իրան-ԱՄՆ հակասությունը շարունակվում է, դրա հետևանքով նավթի գներն են թանկանում։ ԱՄՆ-ն նպատակադրվել է մինչև նոյեմբերն Իրանից նավթի արտահանման ծավալները կտրուկ նվազեցնել՝ հասցնելով գրեթե զրոյականի։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հույս ունի, որ այս նպատակին հասնելու համար ստիպված չեն լինի Իրանի դեմ «կոշտ գործողություններ» իրականացնել։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ բանակցություններ են վարում իրենց դաշնակիցների հետ, որպեսզի վերջիններս դադարեցնեն նավթի ձեռքբերումն Իրանից։ Նա նաև հայտարարել է, որ նավթային սեկտորի նկատմամբ պատժամիջոցները կիրառվելու են՝ սկսած այս տարվա նոյեմբերի 4-ից։ Եվ այդ ժամկետից հետո Իրանից նավթի մատակարարումը որևէ երկիր կհամարվի պատժամիջոցների խախտում։

Փոխադարձ սպառնալիքները շարունակվում են

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի կողմից նավթի արտահանումն արգելելու պարագայում իրենք հակազդող քայլերի կդիմեն։

«Եթե Ամերիկան ցանկանա այդ ուղղությամբ լուրջ քայլ ձեռնարկել, ապա կհանդիպի համարժեք պատասխանի Իրանի կողմից»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բարհամ Քասեմին։

Իսկ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին սատարել է Ռոուհանիի առաջարկը, ըստ որի՝ երկրից նավթի արտահանման արգելքի դեպքում Իրանը կփակի Հորմուզի նեղուցը՝ թույլ չտալով տեղափոխել նաև այլ երկրներից արտահանվող նավթը։ Այդ նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային պաշարների մոտ 20 տոկոսը։

Իրանի հոգևոր և քաղաքական ղեկավարության այս սպառնալիքները Սպիտակ տունն առանց արձագանքի չի թողել։

Հասան Ռոուհանի

Արձագանքելով «կրակի հետ չխաղալու» Իրանից հնչած կոչերին՝ Թրամփը հայտարարել է, թե Իրանը «չտեսնված հետևանքների» դեմ կառնի, եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին։

Ով ում դաշնակիցն է․ կողմնորոշվելու ժամանակը

Արդեն իսկ հայտնի է, որ ճապոնական նավթային ընկերությունները նախապատրաստվում են հրաժարվել Իրանից ներմուծումներից, չնայած Ճապոնիայի ԱԳՆ-ն դեռևս պաշտոնական որևէ դիրքորոշում չի հայտնել այս հարցի առնչությամբ։ Ճապոնական բիզնես պարբերական Nikke-ի հաղորդմամբ՝ երկրի խոշորագույն նավթ ներմուծող ընկերությունները, որոնք նաև Իրանի հետ են աշխատում, արդեն իսկ զգուշացում են ստացել ԱՄՆ-ից առաջիկա պատժամիջոցների մասին։ Եթե նոյեմբերի 4-ից հետո Ճապոնիան, ինչպես և որևէ այլ երկիր, չհրաժարվի Իրանից նավթ գնելուց, ապա առևտրային կազմակերպությունների նկատմամբ խոշոր տուգանքներ կկիրառվեն։ Ճապոնական պարբերականի հաղորդմամբ՝ այդ երկրի խոշորագույն բանկերը ևս զգուշացրել են ազգային ընկերություններին Իրանի հետ փոխանցումները դադարեցնելու մասին։ Բացի ածխաջրածինների ներմուծումից, ընկերություններին արգելվում է նաև վճարային գործարքներ իրականացնել իրանական կենտրոնական բանկի հետ։ Այս արգելքը խախտող ֆինանսական կազմակերպությունների մուտքը դոլարային վճարային համակարգեր կփակվի։

ԱՄՆ-ի ֆինանսերի նախարար Սթիվեն Մնուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ արգելքները կկիրառի ցանկացած երկրի նկատմամբ, որը Իրանից նավթ կգնի։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ բացառություն չեն լինի նաև Չինաստանը, Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր։

Ճապոնիայի՝ իրանական նավթից հրաժարվելը, վերլուծաբանների կարծիքով, մեծ ազդեցություն չի ունենա Իրանի վրա։ Այս երկիրն իր նավթամթերքի ընդամենը 5-6 տոկոսն է ներմուծում Իրանից։ Սակայն Իրանի համար ճակատագրական կարող է լինել Չինաստանի կամ Հնդկաստանի հրաժարումը նավթից։

Ահա. թե՛ իրանական, թե՛ ամերիկյան պատվիրակությունները, միմյանց հերթ չտալով, Դելի են այցելում՝ համոզելու իշխանություններին իրենց համար շահավետ դիրքորոշում ցուցաբերել։ Իրանը Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարներից է՝ զբաղեցնելով երկրորդ-երրորդ հորիզոնականները։ Հնդկաստանի իշխանությունները դեռևս որևէ դիրքորոշում չեն արտահայտել՝ սպասելով Իրանի և եվրոպական երկրների միջև ընթացող բանակցությունների արդյունքներին: Իսկ Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարը նշել է, որ իրենք սերտ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ունեն թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ։

«Տնտեսական շահերով մենք կապված ենք երկու երկրների հետ էլ։ Այժմ կառավարությունը համակողմանիորեն ուսումնասիրում է հարցը և կշռադատված որոշում կկայացնի»,- ասել է հնդիկ նախարարը։ Եվ այս պարագայում էլ, չնայած կառավարության մակարդակով դեռևս որոշում չկա, խոշորագույն նավթ վերամշակող հնդկական ընկերություններն արդեն իսկ սկսել են նվազեցնել Իրանից գնվող պաշարները՝ նախապատրաստվելով աշնանից ուժի մեջ մտնող պատժամիջոցներին։ Այդ երկրի խոշորագույն բանկերը ևս տեղեկացրել են, որ դադարեցնելու են ֆինանսական գործարքներն Իրանի հետ։

Ուշագրավ է, որ նախորդ պատժամիջոցների ժամանակ Հնդկաստանը շարունակում էր իր համագործակցությունն Իրանի հետ, մինչդեռ այս անգամ առավել հավանական է թվում ամերիկյան դիրքորոշմանը ենթարկվելը։

Մինչդեռ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ իրենք այս հարցում չեն պատրաստվում համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Չինաստանի նման դիրքորոշման պատճառներից է երկու երկրների տնտեսական մրցակցությունը և Թրամփի հայտարարություններն առ այն, որ ԱՄՆ-ի իրական թշնամին Չինաստանն է, որ օր-օրի հզորացնում է իր տնտեսությունը։

«Չինաստանը միշտ դեմ է եղել միակողմանի պատժամիջոցներին և «արդարադատության երկար ձեռքերին»։ Չինաստանը և Իրանը բարեկամական երկրներ են։ Մենք մեր պարտավորությունների շրջանակներում, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին, բնականոն համագործակցում ենք»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Իսկ ամերիկյան պատժամիջոցները Չինաստանի համար այս պարագայում սարսափելի չեն, քանի որ նրանք զարգացնում են յուանով վճարային համակարգերը, այդ թվում և նավթի համար։

Նշենք, որ Իրանից նավթամթերքի շուրջ 60 տոկոսի արտահանման ուղղությունը Ասիան է, իսկ Հնդկաստանն ու Չինաստանն էլ այդ երկրի խոշորագույն գնորդներից են։ Իսկ ահա իրանական նավթի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում եվրոպական երկրներին, որոնք դեռևս վերջնական լուծում չունեն, թե ինչպես շարունակեն համագործակցությունն Իրանի հետ և խուսափեն ամերիկյան պատժամիջոցներից։

ԵՄ-ում դեռևս քննարկում են պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը, դիտարկվում է նավթի դիմաց եվրոյով վճարելու հնարավորությունը իրանական կենտրոնական բանկի միջոցով՝ շրջանցելով ամերիկյան ֆինանսական համակարգը։

Թրամփի հերթական հանելուկը

Լարվածության այս պայմաններում Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր գործարք կնքել Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերջին շրջանում «Թեհրանը փոխվել է»։ Սակայն նա չի մասնավորեցրել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, չի նշել նաև առաջարկվող գործարքի պայմանները։ Թրամփը միայն նշել է, որ նոր գործարքը չպետք է նման լինի նախորդին, որը կնքել էր Օբամայի վարչակարգը։

Հիշեցնենք, որ դեռ մայիսին Թրամփը հայտարարել էր միակողմանիորեն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին։ Պայմանագրի մաս կազմող մյուս 5 երկրները, սակայն, ձգտում են պահպանել համաձայնագիրը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: