Հայերեն   English   Русский  

Լիլիթ Պողոսյան. «Քրտնաջան աշխատանքն արդյունք տալիս է»


  
դիտումներ: 4885

Հուլիսի 15-28-ը Պորտուգալիայում կայացան համաեվրոպական համալսարանական մարզական 4-րդ խաղերը, որոնց մասնակցեց 400 համալսարանների շուրջ 4000 ուսանող մարզիկ: Ուրախալի է, որ առաջին անգամ ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի բադմինթոնիստները: Մեր մարզիկները հանդես եկան թե՛ անհատական, թե՛ թիմային մրցումներում:

Անհատական պայքարում, ինչպես և սպասվում էր, առավել հաջող հանդես եկավ առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Այս ձեռքբերումն իսկապես մեծ նվաճում է հայկական բադմինթոնի համար:

«Անկախի» հետ զրույցում երիտասարդ մարզուհին խոսում է ուսանողական խաղերից ստացած տպավորությունների, առաջիկա մրցաշարերի և Դանիայում անցկացրած մարզումների մասին:

- Լիլիթ, համաեվրոպական ուսանողական խաղերին առաջին անգամ մասնակցելով՝ բավական հաջող հանդես եկաք, շնորհավորում ենք:

- Շնորհակալ եմ: Ցանկացած մրցաշար, որին մասնակցում է մարզիկն առաջին անգամ, առավել պատասխանատու է դառնում: Մեր թիմի համար այս խաղերը կարևոր նշանակություն ունեին: Երկար էինք պատրաստվել լավ հանդես գալու համար:

Կոիմբրայում հիանալի մթնոլորտ էր, 4000-ից ավելի մարզիկներ էին մասնակցում խաղերին, իսկ ուսանող մարզիկների հետ շփվելն ու տարբեր մարզաձևերից ստացած փորձը փոխանակելն անչափ հետաքրքիր էր:

Շատ ուրախացա, երբ առաջին փուլում հաղթեցի այն գերմանացի մարզուհուն, որի խաղին առաջին օրվանից հետևել եմ: Ու հետևել եմ, որովհետև իսկապես շատ լավ էր խաղում թե՛ տեխնիկապես, թե՛ տակտիկապես: Ես էլ փորձում էի իրենից հմտություններ սովորել: Վիճակահանությունից պարզվեց, որ առաջին փուլում հենց նույն գերմանացու դեմ եմ խաղալու` 21-19, 21-19 հաշվով հաղթեցի: Տեսագրությունը նայելուց հետո հասկացա, որ իմ խաղն ամիսների ընթացքում շատ է լավացել:

Դրանից հետո նորվեգացի մեկ այլ մարզուհու հաղթեցի ու իմ կարիերայում առաջին անգամ քառորդ եզրափակիչ հասա: Սա արդեն ինձ համար մեծ հաղթանակ էր: Ցավոք, չկարողացա ևս մեկ խաղ հաղթել, որն արդեն մեդալ կբերեր, բայց սա առաջ գնալու և ավելի քրտնաջան աշխատելու ավելի մեծ մոտիվացիա է:

- Դուք հանդես եկաք նաև թիմային պայքարում: Մեր թիմը 18-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Նկատելի է, որ Հայաստանի թիմը բավական ներուժ ունի, պարզապես միջազգային ասպարեզում հանդես գալու փորձի պակաս կա:

- Միջազգային մրցաշարերում՝ թե՛ անհատական, թե՛ թիմային մրցումներում, Հայաստանը պատվով ներկայացնելն ինձ համար շատ կարևոր է: Դանիայում մարզվում եմ միջազգային ուսումնամարզական կենտրոնում, խաղում եմ դանիական ակումբում, դանիական մրցաշարերում հենց այդ ակումբն եմ ներկայացնում: Միջազգային մրցաշարերում Հայաստանի անունից խաղալը լրիվ ուրիշ զգացողություն է: Ավելի շատ եմ նվիրվում, ինչը, ճիշտն ասած, հոգեբանական առումով ինձ համար մեծ ճնշում է: Այդ պատճառով էլ երբեմն վատ եմ հանդես գալիս: Այնուամենայնիվ ոչինչ չեմ համեմատի այն հպարտության հետ, որը զգում եմ, երբ մրցաշարերում հանդես եմ գալիս իմ ազգանունով ու Armenia գրությամբ մարզաշապիկով: Ասեմ ավելին՝ հայկական թիմի հետ նման մրցաշարերի մասնակցելն ինձ համար մեծ տոն է:

Զուգախաղում Մարիետա Նիկոյանի հետ բավական լավ հանդես եկանք, 9-րդ տեղը գրավեցինք, բայց բոլոր խաղերն էլ հավասար պայքարով էին ընթանում: Հատկապես լավ հիշում եմ խորվաթների դեմ հաղթանակը երեք սեթով:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

- Հաջորդը Eurasia Bulgarian International մրցաշարն է, որը կայանալու է օգոստոսի 13-16-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հիմա վերադարձել եմ Դանիա ու առաջիկա երեք շաբաթվա ընթացքում պատրաստվելու եմ այդ մրցաշարին: Մինչև դեկտեմբեր ևս չորս մրցաշարի կմասնակցեմ: Դեռ պիտի որոշենք՝ կոնկրետ ո՛ր մրցաշարերն ենք ընտրելու՝ կախված մարզավիճակիցս: Պետք է աշխատեմ շատ միավորներ հավաքել Մինսկում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

- Շուրջ մեկ տարի առաջ որոշում կայացրիք Եվրոպայում մարզումները շարունակելու վերաբերյալ: Հայրենիքից և ընտանիքից հեռու գտնվելով դժվարություններն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Դժվարություններ միշտ կան ու կլինեն, քանի դեռ ընտանիքիցս հեռու եմ: Բայց հենց այդ դժվարություններն են սպորտային ճանապարհորդությունս հետաքրքիր դարձնում: Կյանքի հանդեպ սերն ինձ առաջ է մղում, օգնում չհուսահատվել ու չնահանջել: Ինչ իրավիճակում էլ հայտնվում եմ, փորձում եմ լավատես լինել:

Եվրոպայում մարզումները շարունակելու և կատարելագործվելու ընտրությունն իմն էր, բայց և ընտանիքիս երկար տարիների քրտնաջան աշխատանքի ամենամեծ ձեռքբերումներից էր: Երբ հինգ ամիս մարզվելուց հետո սկսեցի մրցաշարերի մասնակցել, սպասումները շատ մեծ էին ու ոչինիչ չէր ստացվում: Միայն հունիսին Լիտվայի մրցաշարում թե՛ ես, թե՛ մարզիչներս համոզվեցինք, որ քրտնաջան աշխատանքն արդեն արդյունք տալիս է ու խաղամակարդակս միանգամից մեծ վերելք է ունեցել: Խաղաոճիս փոփոխություններն էլ արդեն ակնհայտ են:

- Նշեցիք մարզչական շտաբի գոհունակության մասին, միաժամանակ մի քանի մարզչի հետ աշխատելը դժվա՞ր չէ:

- Տարիներ շարունակ Հայաստանում ինձ մարզել է հայրս` Հրաչյա Պողոսյանը: Այդ առումով պատասխանատվության զգացումս կրկնակի է եղել: Դանիայում այս ընթացքում աշխատել եմ միաժամանակ 4 մարզչի հետ, այժմ` 3: Լիտվացի մարզիչս Կեստուտիս Նավիսկասն է, հոլանդացին` Յերուն վան Դեյկը, դանիացին` Պիտեր Յենսենը, անգլիացին` Նիկոլա Սերֆոնթայնը: Բոլորն էլ ժամանակին մարզիկներ են եղել, տարբեր մրցաշարերի հաղթողներ, ինչն օգնում է նրանց ճիշտ հասկանալու մարզիկի հոգեբանությունը: Նշեմ, որ անգլիացի մարզիչս կին էր: Կնոջ հետ հեշտ է աշխատել, նա ավելի լավ է հասկանում մեզ: Լիտվացի մարզչիս հետ հաղորդակցվում ենք և՛ ռուսերենով, և՛ անգլերենով: Նա Արևելյան Եվրոպայից է և Հայաստանի մարզիչների պես խստապահանջ է, ինչն ինձ դուր է գալիս: Բացի այդ, լիտվացի մարզչի հետ ոճային նմանություններ ունենք խաղում: Այդ առումով նրա հետ աշխատանքն ինձ համար առավել արդյունավետ է: Բայց և այնպես, լսելով բոլոր մասնագետներին, վերցնելով նրանցից առավելագույնը, տեխնիկատակտիկական գիտելիքների մեծ բազա եմ կուտակում:

- Մասնագիտությամբ լրագրող եք: Ուրախալի է, որ Դանիայում կարողանում եք ժամանակ գտնել և համատեղել սպորտն ու լրագրությունը:

- Որպես լրագրող բադմինթոնի Եվրոպայի ֆեդերացիայի կայքի համար նյութեր գրելու առաջարկ ստացա: Մեծ հաճույքով համաձայնեցի: Երբ ազատ ժամանակ եմ գտնում` սկսում եմ գրել: Ես ունեմ նաև անձնական բլոգ: Հաճախ եմ լինում տարբեր երկրներում, մասնակցում մրցաշարերի և տպավորություններով ցանկանում եմ կիսվել: Ժամանակին ես հետևում էի մարզիկների կյանքին, նրանց ապրելակերպին: Նրանց բլոգերը կարդալով` ոգեշնչվեցի: Այժմ հնարավորություն ունեմ մարզվելու Եվրոպայում և Հայաստանում ապրող պատանի մարզիկներին ցանկանում եմ ներկայացնել մարզիկի կյանքի հաճելի և դժվար կողմերը: Հայաստանում բադմինթոնով զբաղվողների թիվն օր- օրի ավելանում է: Նրանց համար նույնպես հետաքրքիր կլինի ծանոթանալ մարզիկի առօրյային: Ուրախ եմ, որ կարողանում եմ այս ամենը համատեղել:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: