Հայերեն   English   Русский  

​Հեպատիտ, միգրեն, դեպրեսիա. փաստեր


  
դիտումներ: 5852

Հուլիսի 28-ը Բարուհա Բլամբերգի ծննդյան օրն է, մարդ, որ բացահայտեց հեպատիտ B վիրուսը: Հենց նրա պատվին էլ այդ օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի օր:

Աշխարհում շուրջ 2 մլրդ մարդ իր կյանքում ինչ-որ ժամանակ վարակվել է հեպատիտով, այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը: 240 մլն մարդ տառապում է լյարդի քրոնիկ հիվանդությամբ, որը հեպատիտ B-ի հետևանքով է զարգացել:

Աշխարհում ավելի քան 150 մլն մարդ քրոնիկ հեպատիտ C-ի վարակակիր է: Ամեն տարի այդ վարակի հետևանքով զարգացած հիվանդություններից մահանում է 350 000 մարդ:

Հեպատիտ B-ն փոխանցվում է արյան ու օրգանիզմի մյուս հեղուկների միջոցով: Հաճախ հիվանդությունը փոխանցվում է արյան փոխներարկման ասեղների միջոցով, սեքսուալ շփման ճանապարհով, ծննդաբերության ժամանակ վարակված մորից, ընտանիքի վարակված անդամների հետ սերտ շփման պատճառով:

Հեպատիտ С-ն փոխանցվում է արյան միջոցով, բայց ոչ կրծքի կաթով, սննդամթերքի կամ ջրի միջոցով: Չի փոխանցվում նաև համբուրվելիս ու նույն ամանից ուտելու պատճառով:

Հեպատիտի առաջին ախտանշանները նման են գրիպին. հոգնածություն, դող, հոդերում կոտրտվածության զգացում, երբեմն` սրտխառնոց, դեղնություն, ստամոքսացավ, սակայն մեծամասնության մոտ արտահայտված ախտանշանները բացակայում են, այդ պատճառով է, որ սուր հեպատիտը ժամանակին չի հայտնաբերվում:

Հեպատիտ B-ն 100 անգամ ավելի վարակիչ է, քան ՁԻԱՀ-ը:

Հեպատիտ С-ն, ի տարբերություն B-ի, բուժվում է ու նվազ վարակիչ է, սակայն դրա դեմ պատվաստանյութ չկա: Մինչդեռ հեպատիտ B-ի դեմ դեղորայք չկա, բայց կա արդյունավետ պատվաստանյութ:

Հեպատիտ B-ն սուր է համարվում վարակվելուց հետո առաջին 6 ամիսների ընթացքում, 10 վարակվածներից 9-ի մոտ սուր հեպատիտ B-ն անցնում է ինքնուրույն առաջին 6 ամսիների ընթացքում, իսկ մնացածի մոտ սուր վիճակից անցնում է քրոնիկականի:

Հեպատիտ С-ն հազվադեպ է ինքնիրեն անցնում, իսկ առանց բուժման այն վերածվում է քրոնիկականի 80%-ի դեպքում: Եվ առանց բուժման չի վերանում:

Քրոնիկ հեպատիտ B-ն կարող է լյարդի ցիռոզի ու քաղցկեղի վերածվել ախտորոշումից հետո առաջին 5 տարում:

Եթե հեպատիտ С-ն քրոնիկականի է վերածվել, ապա 15-30 տարուց այն ևս կարող է ցիռոզի ու քաղցկեղի հանգեցնել:

Քրոնիկ հեպատիտ B-ն անհնար է բուժել, սակայն կարելի է վերահսկել ու հետաձգել հետևանքները:

Հիվանդություններ, որոնք տարբեր կերպ են ազդում կանանց ու տղամարդկանց վրա

Կան հիվանդություններ, որոնք, ոչ մի կապ չունենալով սեռական պատկանելության հետ, հաճախ իրենց զոհ են ընտրում հատկապես իգական կամ արական սեռի ներկայացուցիչներին: Այդ «խտրականությունն» ինչի՞ հետ է կապված:

Իշեմիկ (կորոնար) հիվանդություն

Դա վտանգավոր հիվանդություն է, որը նախընտրում է տարեց տղամարդկանց: Եթե մինչև 59 տարեկանը սրտի հիվանդությունները հավասարապես հանդիպում են թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում, ապա 60-ից հետո վիճակագրությունն ի վնաս տղամարդկանց է գործում: 60-79 տարեկանում այդ հիվանդությունները տղամարդկանց մոտ 2 անգամ հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ:

Հիմնական պատճառը աթերոսկլերոզն է՝ զարկերակների հիվանդությունը, որի հետևանքով անոթների պատերին խոլեստերինային թերթիկներ են գոյանում: Հիվանդության զարգացման դեպքում անոթների պատերը սեղմվում են, նեղանում, արյան հոսքը` դժվարանում, ինչն էլ հանգեցնում է սրտի հիվանդության, մեծացնում կաթվածի ու ինֆարկտի հավանականությունը:

Վերարտադրողական տարիքի կանայք նվազ ենթակա են աթերոսկլերոզի էսթրոգեն սեռական հորմոնի շնորհիվ, այնպես որ սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում իշեմիկ հիվանդության զարգացումը կանանց դեպքում հետաձգվում է 7-10 տարով:

Բացի այդ, հիվանդությունների ընտրովի «վերաբերմունքը» պայմանավորված է կենսակերպով:

Աթերոսկլերոզի, հետևաբար իշեմիկ հիվանդությունների զարգացման լուրջ գործոն է ծխելը, մեծ քանակությամբ ալկոհոլի գործածումն ու գիրությունը: Կանայք, որպես կանոն, տղամարդկանց համեմատ ավելի առողջ կենսակերպ են վարում, հետևաբար սրտի հիվանդություններ ունենալու հավանականությունը նրանց մոտ էապես փոքր է:

Միգրեն

Եթե իշեմիկ հիվանդությունների հարցով արդեն հասցրիք վրդովվել, ապա միգրենի դեպքում հակառակն է. սրտի հիվանդություններից պաշտպանող հորմոններն էլ մեծացնում են միգրենի զարգացման հավանականությունը:

Կանայք երկու անգամ հաճախ են նման խնդրի բախվում տղամարդկանց համեմատ: Եթե կանանց 43%-ի մոտ է հանդիպում միգրենի նոպա, ապա տղամարդկանց ընդամենը 18%-ն է ունենում նման խնդիր: Դաշտանային ցիկլը, դաշտանադադարը, փոխարինիչ հորմոնալ թերապիան ազդում են միգրենի նոպաների հաճախականության ու բնույթի վրա:

Նույնիսկ գոյություն ունի այսպես կոչված դաշտանային միգրեն, որի նոպաները սկսվում են դաշտանից 2 օր առաջ և շարունակվում 3 օրվա ընթացքում: Միգրենով տառապող կանանց 10-20%-ի մոտ նոպաներ միայն այդ օրերին են լինում, սակայն նույնիսկ այն կանայք, որոնց մոտ սովորաբար ոչ դաշտանային միգրեն է լինում, միևնույն է, դաշտանի շրջանում նոպաները սրվում են:

Ի դեպ, հղիությունը շատ կանանց օգնում է ազատվելու միգրենի նոպաներից, ընդհուպ մինչև լիարժեք անհետացում: Ցավոք, ծննդաբերությունից հետո շատերի մոտ միգրենի նոպաները վերսկսվում են: Իսկ դաշտանադադարից հետո միգրենի նոպաները սովորաբար ավելի թեթև են դառնում կամ ընդհանրապես վերանում են: Իսկ այդ էսթրոգենային փոխարինիչ թերապիան դաշտանադադարի ժամանակ կարող է միգրենի վերսկսման ու անգամ նոր սկսվելու պատճառ դառնալ:

Դեռևս հայտնի չէ, ստույգ մեխանիզմ չկա, թե ինչպես են իգական հորմոնները միգրենի նոպաներին նպաստում, սակայն հստակ է, որ պատճառը ոչ թե հենց էսթրոգեններն են, այլ դրանց մակարդակի կտրուկ անկումը դաշտանային ցիկլից առաջ:

Միզապարկի քաղցկեղ

Քաղցկեղային հիվանդություններից այս մեկը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Վտանգի գործոնը համարվում է ծխելը. ծխողների միզապարկի քաղցկեղով հիվանդացության հավանականությունը չծխողների համեմատ 3 անգամ մեծ է: Դե հետազոտությունների ու հարցախույզի կարիք էլ չկա ասելու համար, որ տղամարդկանց մեջ ծխողները շատ ավելի մեծ թիվ են կազմում: Ծխախոտային կախվածություն ունի ընդհանուր առմամբ տղամարդկանց 24%, կանանց` 18%-ը:

Այս հիվանդության զարգացմանը նպաստում են նաև վտանգավոր արտադրական պայմանները, քանի որ տղամարդիկ ավելի շատ են նման արտադրամասերում զբաղված, իսկ արտադրություններ էլ կան, որտեղ կանանց մուտքն ընդհանրապես արգելվում է: Բացի դրանից, տղամարդկանց շրջանում քաղցկեղի այլ տեսակներ էլ են տարածված, որոնք կապ ունեն ծխելու ու վնասակար նյութերի ազդեցության հետ (կերակրափողի, բրոնխների ու թոքերի (4 անգամ ավելի շատ), կոկորդի (14 անգամ շատ) ևն:

Դեպրեսիա

Այս դեպքում առաջնությունը պատկանում է կանանց: Մինչև անցումային տարիքը աղջիկներն ու տղաները հավասարապես ու հավասարաչափ են ենթակա ընկճախտի, սակայն սեռահասունացումից հետո կանանց մոտ դրա հավանականությունը կրկնակի մեծանում է: Ու հիմնականում դա ոչ թե ժառանգական, այլ սոցիալ-մշակութային բնույթ է կրում:

Շատերին թվում է, թե պատճառը հիմնականում այն է, որ տղամարդիկ հազվադեպ են դիմում հոգեբանական ու հոգեբուժական օգնության: Այո, սակայն դա ճիշտ է մասնակիորեն: Բանն այն է, որ կանայք և՛ հաճախ են այդ խնդրով դիմում բժշկի, և՛ տղամարդկանցից հաճախ են ընկճախտով տառապում:

Աուտիստիկ խանգարումներ

Այս վիճակում ավելի շատ տղամարդիկ են հայտնվում: Տարբեր գնահատումների համաձայն՝ տղամարդկանց ու կանանց աուտիստիկ խանգարումների հարաբերակցությունը 2:1-ից տատանվում է մինչև 16:1: Ճշգրտություն դժվար է հաստատել, քանի որ այս խնդրի ախտորոշման լուրջ առանձնահատկություններ կան:

Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ կանանց մոտ ավելի հաճախ է այս խնդիրը հանդիպում, սակայն, տղամարդկանց համեմատ, նրանք մերվում, ապրում են սոցիումում ու լավ հարմարվում: Հաճախ տղաներն իրենց ագրեսիվ են պահում ու գերակտիվ, հրաժարվում են մարդկանց հետ համագործակցությունից, ծեսի նմանվող արարքներ են անում ու խախտում սոցիալական արգելքները: Աղջիկների մոտ նվազ նկատելի են այդ ախտանշանները, նրանց մոտ ագրեսիան պակաս արտահայտիչ է ու ավելի շատ դեպի ներս է ուղղված, նրանց հատուկ են գերտագնապայնությունը, դեպրեսիան ու այլ զգացմունքային ախտանշաններ:

Այդուհանդերձ, մասնագետների գնահատմամբ, տղաներն ավելի հակված են այս խանգարմանը, և դրան նպաստում են կենսաբանական հիմքերը: Գիտնականները կարծում են, որ դրա պատճառը արական տեստոստերոն հորմոնն է, իսկ աուտիստիկ խանգարումներով մարդիկ մեծ քանակությամբ տեստոստերոնի ազդեցության են ենթարկվել դեռևս սաղմնային փուլում: Հետազոտությունների արդյունքում մասնագետների վարկածը հաստատվել է, պարզվել է, որ տեստոստերոնի բարձր մակարդակը կապված է աուտիկ խանգարումների հետ, ընդ որում նման կապ նկատվել է 2 սեռերի երեխաների մոտ: Սակայն արական սեռի երեխայի ձևավորման ժամանակ է, որ մեծ քանակությամբ տեստոստերոն է մշակվում, դրանից է, որ նման խանգարում ավելի հաճախ տղամարդկանց մոտ է ախտորոշվում: Ցավոք, գիտնականները դեռևս մինչև վերջ չեն բացահայտել, թե դա ինչպես է կատարվում, և չգիտեն, թե ինչպես կարելի է նվազեցնել այդ վտանգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: